02 04 2020

Վստահել աղվեսին հավաբուն, ազնիվ խոսք, չէր կարելի․ Աշոտյան․ «Հրապարակ»

Վստահել աղվեսին հավաբուն, ազնիվ խոսք, չէր կարելի․ Աշոտյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունգարիայի օրենսդիր մարմինը մարտի 30-ին ընդունել է նախագիծ, որով կառավարության լիազորություններն արտակարգ դրության պայմաններում ընդլայնվում են։ Համաձայն դրա՝ Հունգարիայի վարչապետի կառավարող ուժի՝ «ФИДЕС - հունգարական քաղաքացիական միության» նախագահ Վիկտոր Օրբանը, փաստացի, միանձնյա ղեկավարելու է երկիրը՝ դեկրետների ու հրամանագրերի միջոցով։ Կառավարությունը կարող է «Արտակարգ դրության իրավական ռեժիմը» երկարաձգել անորոշ ժամանակով՝ առանց խորհրդարանում քվեարկության։ Ինչպես նաեւ՝ կառավարությունը կարող է արտակարգ դրության ժամանակահատվածում կիրառել «այլ հատուկ միջոցներ» COVID-19-ի դեմ պայքարում։ Լյուքսեմբուրգի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավար Ժան Ասելբյորնը կոչ է արել միության անդամ Հունգարիային՝ ուղարկել «քաղաքական կարանտինի»։ Զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ։

- Հեռախոսները գաղտնալսելու եւ մարդկանց տեղորոշելու օրենքը եւս որակվեց որպես ուղիղ ճանապարհ դեպի ավտորիտարիզմ։ Համարո՞ւմ եք, որ ԵՄ-ն՝ Եվրոպան, մեզ դեռ կանդրադառնա։ 

- Միջազգային ինստիտուտներն ու միջազգային մամուլը պանդեմիայի շրջանակներում հաճախ են անդրադառնում այն երկրներին, որոնցում, օգտվելով համաճարակային իրավիճակից, իշխանություններն ուժեղացնում են իրենց լծակները եւ դրսեւորում ավտորիտար կառավարման էլեմենտներ։ Ավաղ, Հայաստանն արդեն նույնպես դասվում է այդ երկրների շարքին՝ այս կառավարության պատճառով։ Ամեն ինչ սկսվեց կարանտինի հայտարարման պահից ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումից։ Իսկ հետո արդեն այդ սկանդալային գաղտնալսման մասին օրենքի ընդունումով ավարտվեց։ Ինչպես գիտեք՝ մամուլի գործունեության հետ կապված հայաստանյան սահմանափակումներն արդեն հայտնվել էին միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում․ ԵԱՀԿ-ի կողմից եղան շատ կոշտ քննադատություն եւ կշտամբանք, ինչին ի պատասխան՝ այս իշխանությունները ստիպված էին որոշակի, ոչ ամբողջությամբ, բայց՝ մեղմել ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող սահմանափակումները։

Վստահ եմ, որ Ազգային ժողովում զոռբայությամբ անցկացված խայտառակ օրենքը նույնպես մոտ ժամանակներում արժանանալու է միջազգային հանրության եւ համապատասխան կառույցների խիստ քննադատությանը։ Պատահական չէ, որ երբ պարետ Ավինյանը քննարկումների ժամանակ զեկուցում էր, նա հիշատակեց հենց ասիական երկրները։ Այդ երկրների փորձը ե՛ւ պետական կառավարման մոդելով, ե՛ւ ժողովրդավարության աստիճանով տարբեր է հայաստանյան քաղաքական տարածքից, եւ ուղղակի փոխառել չէր կարելի։ Հատկապես հաշվի առնելով, որ այդ՝ ասիական կոչված երկրների փորձը, լինի Հարավային Կորեան, թե Չինաստանն ու Իսրայելը, զուգակցվում էր այդ երկրներում բազմաթիվ նորարար-տեխնոլոգիական լուծումներով, ինչը Հայաստանի պարագայում իրատեսական չէ։ Վստահել աղվեսին հավաբուն, ազնիվ խոսք, չէր կարելի, եւ վստահ եմ, որ սա անձնական ազատությունների ու իրավունքների կոպտագույն խախտում է, որը չի կարող բացատրվել հակահամաճարակային միջոցառումներով եւ որը որեւէ իրական էֆեկտիվ ազդեցություն հիվանդացության իրական ցուցանիշների վրա ունենալ չի կարող։

Այս իշխանություններին պարզապես հիշեցնենք, թե ինչ անլուրջ էին վերաբերվում, վարչապետից սկսած, կորոնավիրուսային համաճարակին հենց ամենասկզբից։ Եվ, իրականում, Հայաստանում օրեցօր շատացող դեպքերը նախեւառաջ իրենց խղճին են եւ իրենց ապիկար կառավարման արդյունք են, հատկապես՝ այս տարվա փետրվար-մարտի սկիզբ ժամանակահատվածում չձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների հետեւանք։ Կարանտինը, արտակարգ դրությունը կավարտվեն, եւ կառավարությունը ստիպված է լինելու առերեսվել իր համար շատ տհաճ հարցերի։ Թե ինչու ժամանակին ձեռառնոցի ու խուճապ էին համարվում կորոնավիրուսի մասին խոսելը, իսկ հիմա իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ կեցվածքով, հակահամաճարակային պայքարի անվան տակ փորձում են սահմանափակել մարդկանց քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները։ 

-Շատերը գրում են Նիկոլ Փաշինյանին՝ մի՛ արա այդ բանը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է անում։ 

- Ըստ ամենայնի, այսօրվա իշխանությունները մոլագարության աստիճանի սիրում են իշխանություն լինելը, դա իրենց դուր է եկել, եւ հասկանալով հանդերձ, որ հասարակությանը, ժողովրդին ամբողջապես ամոքել առողջապահական ու սոցիալ-տնտեսական անհանգստությունների առումով չեն կարողանալու ապագայում եւս, հիմիկվանից փորձում են կոշտացնել կառավարման ռեժիմը, որպեսզի համապատասխան իրավիճակներում չզրկվեն անձնական կամ թիմային իշխանությունից։ 

- Արդեն ավանդական դարձող մի հարց՝ ի՞նչ կասեիք Նիկոլ Փաշինյանին, եթե Ձեզ էլ զանգեր, ենթադրենք՝ պատահաբար։ 

- Եթե զանգի, կասեմ, դա կմնա մեր մեջ։ Հրապարակման ենթակա չի լինելու անձնական զրույցը, եթե զանգի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ