20 01 2020

Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի»․ 168.am

Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի»․ 168.am

168․am-ը գրում է․ «Հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում բարձրացան մինչև 10 տոկոսով, և հիմա արդեն թոշակառուները մի քանի հազար դրամով ավելի շատ գումար են ստանում, քան նախկինում։ Այլ բան, թե դա որքանո՞վ է լուծելու այն սոցիալական խնդիրները, որոնք ունեն թոշակառուները։ Եթե հաշվի առնենք, որ վերջին անգամ թոշակները Հայաստանում բարձրացել են 2015թ., ապա պարզ կդառնա, թե ինչ է տալու նրանց այդ մի քանի հազար դրամը։

Նախորդ բարձրացումից անցել է 4 տարի, և այդ ընթացքում կյանքը հասցրել է բավականաչափ թանկանալ։ Մի քանի հազար դրամ ավելացումը չի ծածկելու անգամ այն գնաճը, որն արձանագրվել է վերջին 4 տարվա ընթացքում։ Ու դեռ չհաշված, թե այդ ընթացքում որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները և շարունակելու են թանկանալ նաև այս տարի։

Կենսաթոշակների ավելացումը, անշուշտ, դրական քայլ է, բայց դա մեծ խնդիր չի լուծում։ Դրանից հետո էլ հասարակության այդ ամենաանապահով հատվածը շարունակելու է նույնքան վատ ապրել, որքան 1 տարի, 2 տարի, 3 տարի առաջ։ Կենսաթոշակի 3-4 հազար դրամ ավելացումը շատ բան չի փոխում թոշակառուի կյանքում։ Հատկապես՝ 4 տարվա ընդմիջումից հետո։

Կառավարությունը հպարտանում է, որ 4 տարվա դադարից հետո իրեն հաջողվել է, թեկուզ ոչ մեծ չափով, այնուհանդերձ բարձրացնել կենսաթոշակները։ Բայց մոռանում է, որ կենսաթոշակների բարձրացում ավելի վաղ էր նախատեսվում։ Դա պիտի արվեր դեռ անցած տարի, եթե ոչ՝ ավելի շուտ։ Իշխանափոխությունից հետո, երբ բազմաթիվ անորոշություններ կային՝ պետական բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված,  կառավարությունը ռիսկ չարեց մտնել նման ծանրության տակ։ Ուստի ստիպված ևս մեկ տարով հետաձգեց կենսաթոշակների բարձրացումը։ Ու միայն այս տարվանից համարձակվեց գնալ դրան` ընդամենը մի քանի հազար դրամով ավելացնելով կենսաթոշակները։ Մի դեպքում դա կլինի 2 հազար, մեկ այլ դեպքում` 3 հազար, մյուս դեպքում` գուցե նաև 4 հազար դրամի չափով։

Դա, անշուշտ, դժվար է մեծ ձեռքբերում համարել, որքան էլ կառավարությունը փորձի ցույց տալ, որ անհավանական քայլ է կատարել` բարձրացրել է թոշակները։ Անկախ նրանից` Հայաստանում իշխանափոխություն կլինե՞ր, թե՞ ոչ, թոշակները բարձրանալու էին, նույնիսկ ավելի շուտ ու գուցե և ավելի շատ, քան այս տարվա հունվարի 1-ից։

Այն, ինչ արել է կառավարությունը, մեծ ձեռքբերում չէ։ Առավել ևս, դա այն չէ, ինչ ակնկալում էր թոշակառուն իշխանափոխությունից։ Մարդիկ հույս ունեին, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մի քանի հազար դրամով, այլ կտրուկ բարձրացնելու է կենսաթոշակները, լուծելու է իրենց սոցիալական խնդիրները։ Բայց դա տեղի չունեցավ։

Հիմա թոշակառուն արտաքուստ մի քանի հազար դրամով ավելի շատ գումար կստանա, բայց դրանից նրա ապրելու պայմանները չեն բարելավվի, որովհետև ստիպված է լինելու ավելի շատ վճարել հացամթերքի համար, մսամթերքի համար, կաթնամթերքի համար, դեղորայքի համար և բազմաթիվ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Թոշակների ավելացումն ինչ-որ չափով գուցե մեղմելու է այն ազդեցությունները, որոնք գալիս են տարբեր ոլորտներից, բայց դա սոցիալական խնդիր չի լուծում։

Նման փոքր քայլերով կառավարությունը երբեք էլ չի կարող իրավիճակ փոխել այս մարդկանց կյանքում։ Այնպես, ինչպես փոխել է բարձրաստիճան պաշտոնյաների կյանքում, որոնց եկամուտները ոչ թե տոկոսներով, այլ անգամներով է ավելացրել։ Կենսաթոշակները բարձրացել են ընդամենը 2-3, լավ, 4 հազար դրամով, իսկ նախարարների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 100 հազարներով։ Եվ ոչ մի կապ չունի, թե ինչի հաշվի է դա արվել` աշխատավարձերի ուղղակի բարձրացմա՞ն, թե՞ պարգևավճարների տրամադրման։

Պարգևավճարը, ըստ էության, նույն աշխատավարձն է, եթե տրվում է` անկախ նրանից՝ մարդիկ լա՞վ են աշխատում, թե՞ վատ։ Չի կարող այնպես լինել, որ ամեն ամիս բոլոր նախարարները կամ բարձրաստիճան պաշտոնյաները լավ աշխատեն։ Ու չնայած դրան, նրանք ամեն ամիս պարգևատրվում են, որովհետև այդպես է նպատակահարմար համարում կառավարության ղեկավարը։ Կառավարությունից հետ չեն մնում նաև մյուս պետական կառավարման մարմինները։

Կենսաթոշակների համար փող չկա, իսկ պարգևավճարների համար փողի պակաս չկա։ Լավ, ի՞նչ իմաստ ունի՝ անկախ աշխատանքի որակից, ամեն ամիս մարդուն պարգևավճար տալ, եթե կարելի էր միանգամից բարձրացնել աշխատավարձերը և փակել թեման։ Բայց կառավարությունը համառորեն չի գնում այդ ճանապարհով ու դրա համար հավանաբար պատճառ ունի. պարգևավճարների անվան տակ ավելի հեշտ է թաքցնել այն անհավասարությունը, որն իշխանափոխությունից հետո ստեղծվել է վարձատրության ոլորտում։ Արտաքուստ ամեն ինչ մնացել է նույնը, բայց հիմա աշխատավարձերի տեսքով բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները շատ ավելին են, քան մյուսներինը։

Խախտվել է վարձատրության համաչափությունը։ Տարբերությունը հիմա շատ ավելի մեծ է, քան նախկինում էր։

Եթե նախկինում նախարարի աշխատավարձը միջին աշխատավարձից բարձր էր 4-5 անգամ, ապա հիմա տարբերությունը հասնում է 8-9 անգամի։ Եթե նախկինում նախարարի աշխատավարձը նվազագույն աշխատավարձից բարձր էր՝ 12-13, ապա հիմա` 22 անգամ։ Եթե նախկինում նախարարի աշխատավարձը միջին կենսաթոշակից բարձր էր 16-17 անգամ, ապա հիմա, անգամ վերջին վերանայումից հետո, բարձր է առնվազն 34-35 անգամ։ Ու այս անհամաչափությունը ոչ միայն նախարարի, այլևս մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում է, ովքեր ևս նստած են պարգևավճարների վրա։

Այս պայմաններում կառավարությունը հազիվ մի քանի հազար դրամով կարողացել է կենսաթոշակ բարձրացնել և կարծում է, թե մեծ լավություն է արել թոշակառուին, հատկապես` սպասվող թանկացումների ֆոնին։

Հունվարի 1-ից Հայաստանում ոչ միայն կենսաթոշակն է ավելացել, այլև երրորդ երկրներից ներմուծվող մի քանի հարյուր անուն ապրանքների մաքսատուրքը։ Ու դա բերելու է այդ ապրանքների գների բարձրացման։

Թանկացումների բեռը կրելու են բոլոր սպառողները, այդ թվում` թոշակառուներն ու սոցիալական մյուս խոցելի խմբերը։ Բայց վերջիներս շատ ավելի են զգալու թանկացումների ազդեցությունը, և այն մի քանի հազար դրամը, որը հունվարի 1-ից ավելացել է, չի ծածկելու անգամ գների սպասվող բարձրացման բեռը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ