168.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։
Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջևանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ և ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված կառավարումը կտրվի Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանին՝ վարչապետ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի առավելության շնորհիվ։Ընդգծենք՝ Իջևանը միակն է խոշորացվող համայնքների մեջ, որն իր համայնքային փնջում ունենալու է շուրջ 20 համայնք. նախագծով նախատեսվում է միավորել Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն փունջը (թվով 19):
Բայց Իջևանում համայնքների խոշորացումը միակ ստրատեգիական քայլը չէ, որ արվում է վարչապետի քավորի քաղաքական ձգտումները բավարարելու համար։
Պարզվում է՝ այս օրերին իշխանական թևում քննարկվում են Իջևանի ընտրությունները Երևանի մոդելով կազմակերպելու գործընթացի տարբեր սցենարներ։ Իշխանությունը հակված է նրան, որ Իջևանը ևս պիտի ունենա իր մասին օրենքը, ինչպես տարիներ առաջ ընդունվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որպեսզի այստեղ էլ ՏԻՄ կառավարումն իրականացվի լոկալ, ինչպես որ դա թույլատրված է Երևանի քաղաքապետարանին։
Իսկ դա նշանակում է, որ ՏԻՄ ընտրություններն Իջևանում կանցկացվեն այլ կերպ՝ քաղաքական կուսակցությունների համար հայտարարված ավագանու ընտրություններով, և ըստ այդմ՝ քաղաքապետ կդառնա այն անձը, ով կզբաղեցնի հաղթող կուսակցության առաջին հորիզոնականը։ Ի դեպ, Փաշինյանը պատրաստվում է արագ կերպով անցկացնել Իջևանի մասին օրենքը, և փետրվարին իր դեմքով, իր անմիջական մասնակցությամբ ընկնել գյուղ առ գյուղ՝ քարոզչություն իրականացնելու համար։ Հայրենի բնակավայրում վարչապետն անձամբ կտանի Հայկ Ղալումյանի ընտրարշավի ողջ բեռը, ինչպես որ դա արեց Երևանում Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար։
Տրամաբանորեն՝ իշխանությունն այս մոտեցմանը գնալու մի քանի լուրջ պատճառ ունի՝ իշխանությունը չթուլացնելու համար ստիպված է վերակենդանացնել հեղափոխական էյֆորիան՝ սկսած հայրենի Իջևանից, որտեղ ծառահատումների հայտնի օպերացիայից հետո ողջ Տավուշում ներքին լարվածությունը չի թուլացել մինչ օրս, մանավանդ, որ բախումների հետևանքով կալանավորված 19 անձանց ազատ արձակումից հետո քրեական գործը չի կարճվել, քննությունն ընթանում է, զուգահեռաբար՝ խոշորացվում են համայնքները՝ դժվարացնելով տավուշցիների կյանքը։ Իշխանությունները կարծում են, որ այսկերպ կարող են շահել իջևանցիների սիրտը, վերականգնել վստահությունը: Իսկ այս տրամադրությունների ֆոնին իշխանությունը սպասելու ժամանակ չունի, դիվիդենտներ են պետք։
Թերևս, այդ պատճառով է վարչապետի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել Իջևան, փողոցային լամպեր է փոխում, ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկն» է անձամբ վարում՝ ինչ-որ անհայտ բարերարի ֆինանսական միջոցներով (անհայտ է անունը, քանի որ, ըստ կարծիքների՝ իրականում պետական ռեսուրսներ են օգտագործվում)։ Կառավարությունն էլ հարկադրված եղավ օրենքի կոպիտ խախտումով երկու անգամ Իջևանի քաղաքապետի ընտրությունների օր նշանակել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հետաձգումներով վերջնական օրը նախանշել է 2020 թ. մարտի 15-ը։
Հիշեցնենք, օգոստոսի 6-ին Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականից հետո Վ. Ղալումյանն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց, փոխարենը՝ մամուլում տեղեկություն հայտնվեց «հայտնի դրդապատճառի» մասին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր մանկության ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին, որի եղբորը՝ Վահե Ղալումյանին, մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով դարձրել էր պատգամավոր։
Շատ չանցած «Հայէկոնոմբանկի» մարզային մասնաճյուղի կառավարիչ Հայկ Ղալումյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը