15 10 2019

Իշխանությունների հերթական պարտությունը․ «Հրապարակ»

Իշխանությունների հերթական պարտությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Սահմանադրական դատարանը հերթական ապտակը հասցրեց իշխանություններին, որը հույս ուներ, թե իր կիսատ-պռատ, անհեթեթ հիմնավորումներով դիմումը կարող է հաջողություն ունենալ, եւ Սահմանադրական դատարանը «կհանձնի» Հրայր Թովմասյանին։ Սա նաեւ այն մասին է խոսում, որ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ անցած շաբաթ կայացած «քաղաքական առեւտուրը» եւս որեւէ արդյունք չեն ունենալու։ Եվ որքան էլ որ Դատական օրենսգրքում ամրագրեն ՍԴ անդամների վաղաժամ թոշակի գնալու եւ բարձր աշխատավարձ- թոշակը պահպանելու դրույթը, ՍԴ անդամները կամովին դիմումներ չեն գրելու։ Այսինքն՝ ձախողվելու է նաեւ այդ ծրագիրը։

Որքան էլ տարօրինակ է, պարզվեց՝ դիմադրության ռեսուրս մեր երկրում, փաստորեն, ունեցավ միայն այն մարմինը, որից ամենաքիչն էինք սպասում։ Խելոք-հնազանդ «հանձնված» Սերժ Սարգսյանի, նախկին խորհրդարանի ու կառավարության, հետագայում ԲԴԽ նախագահի ու անդամների, ռեկտորների եւ այլ պաշտոնյաների կողքին, պարզվեց, միակ մարմինը, որը չի պատրաստվում կամովին հեռանալ՝ տեղ բացելով նորերի համար, Սահմանադրական դատարանն է՝ իր նախագահի հետ։

Եվ բանն այն չէ, որ ՍԴ-ն ավելի մաքուր է, քան մյուս մարմինները, կամ ավելի պաշտպանված է, կամ ավելի քիչ է ասոցացվում նախկինների հետ, կամ ավելի մեծ վստահություն է վայելում հանրության կողմից։ Խնդիրն այն է, որ մեր երկրում կա մի մարմին, որն ապօրինություններին ասում է ո՛չ։ Անգրագիտությանն ասում է՝ ո՛չ։ Ասում է, որ սա միայն հեղափոխություն արածների ու քայլածների երկիրը չէ։ Ասում է՝ եթե դուք վատ ծրագրեր ու մթին պլաններ չունեք, ինչո՞ւ եք ուզում փոխել ՍԴ ողջ կազմը։ Ասում է՝ Սահմանադրությունն ու օրենքները վեր են ամեն ինչից եւ, մանավանդ՝ օրվա իշխանության կամքից ու ցանկություններից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ