168.am-ը գրում է․ ««ՍանիՏեք»-Քաղաքապետարան էպոպեան ըստ երևույթին նոր փուլ կթևակոխի: Համենայն դեպս, 168.am-ի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Քնարիկ Առաքելյանը տեղեկացրել էր, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:
Խնդիրը, ըստ ամենայնի, կապված է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարության հետ, որ ամբողջությամբ խզել է «ՍանիՏեք» ընկերության հետ պայմանագրերը: Ըստ նրա՝ 2017 թվականից ի վեր «ՍանիՏեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, և թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում, շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:
Նա մասնավորապես նշել է. «Ելնելով վերը նշվածից, հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անբավարար են դարձնում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետներով, 2019թ. օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենքով մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցների որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ, հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «ՍանիՏեքի» հետ կնքված պայմանագրերը»:
Ի դեպ, օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ «Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ՝ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր»:
Ըստ դատախազության՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Երբ Երևան քաղաքում ևս իշխանափոխություն եղավ, ու քաղաքապետի պաշտոնն ընտրությանը մասնակցած երևանցիների բացարձակ մեծամասնության տված քվեի արդյունքում զբաղեցրեց Հայկ Մարությանը, ենթադրվում էր, որ պետք է բոլոր ոլորտներում ընդունում-հանձնում տեղի ունենար: Եվ եթե դատախազությունը որոշի վարույթ սկսել, արդյո՞ք որպես չարաշահման կողմ՝ նաև Քաղաքապետարանը չի հանդես գալու: Այսինքն՝ տրամաբանորեն պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք պետք է ներկայացվի նաև քաղաքային նոր իշխանություններին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Իրավական ընթացակարգը դա է հուշում, որովհետև եթե դատախազությունն ասում է, որ կան ծառայություններ, որոնք չեն մատուցվել, և նախկին իշխանությունները ստորագրել են դրանց հանձնման-ընդունման ակտերը, բայց չէ՞ որ այդ նույն ակտերը ստորագրել է նաև ներկայիս քաղաքային իշխանությունը՝ ամբողջ ծավալով վճարելով «ՍանիՏեքի» գումարները:
Ինչ վերաբերում է դատախազության հաղորդագրության այն հատվածին, թե «Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղերի) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1.805.000.000 ՀՀ դրամ», սակայն, փաստորեն, դրանց փոխարեն պլաստիկե աղբամաններ են տեղադրված եղել, ապա ավելորդ չէ նշել, որ նոր քաղաքային իշխանությունների օրոք «ՍանիՏեքը» 300 հատ պլաստիկե աղբաման է տեղադրել քաղաքի կենտրոնում, ու կարծես թե այդ ժամանակ որևէ մեկն այդ մասին չաղմկեց ու չպարտադրեց, որ ընկերությունը տեղադրի ոչ թե պլաստիկե, այլ պայմանագրով նախատեսված մետաղյա աղբամաններ:
Հիմա քաղաքային իշխանությունները կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք դիլետանտ են ու նոր են հասկացել դա՝ «ՍանիՏեքի» հետ աշխատելով՝ առանց նրանց հետ կնքված պայմանագրին մանրամասն ծանոթանալու, կա՛մ երևի թե այլ բան պետք է մտածեն, որովհետև այս քրեական գործն իրենց էլ չի շրջանցելու:
Ավելին, եթե փորձեն գործը մինչև վերջ հասցնեն, պետք է, թերևս, մեղադրանք առաջադրվի նաև այսօր պաշտոնավարող բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, որովհետև նրանք բոլորն էլ ստորագրել են հանձնման-ընդունման ակտերը:
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ մայրաքաղաքում 2017-18 թթ. աղբահանության խնդիրների առաջացումից հետո իրենք առաջարկել են լուծել «ՍանիՏեքի» հետ կնքված պայմանագրերից մեկը և ներգրավել աղբահանության երկրորդ օպերատորին։
Դա հնարավորություն կտար ոլորտում ապահովել մրցակցություն, իսկ «ՍանիՏեքին»՝ հնարավորություն՝ ամբողջ քաղաքի համար նախատեսված իր միջոցները օգտագործել քաղաքի մի կեսի վրա, իսկ երկրորդ պայմանագիրը լուծել փոխադարձ համաձայնությամբ, սակայն Քաղաքապետարանը նախընտրեց ամբողջ քաղաքում աղբահանությունն իրականացնել համայնքային հիմնարկի միջոցով, իսկ «ՍանիՏեքի» պայմանագիրը լուծել ամբողջությամբ և միակողմանիորեն։
«Իհարկե, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՍանիՏեքն» ամբողջապես դադարեցրել էր ծառայության մատուցումը վերջին մի քանի շաբաթներին, քաղաքապետարանին այլ բան չէր մնում, քան լուծել պայմանագիրն ամբողջությամբ, բայց այժմ քաղաքը պետք է պատրաստվի միջազգային արբիտրաժային դատարանում վեճի քննմանը, որից, կարծում եմ, հնարավոր կլիներ խուսափել մեր առաջարկած ճանապարհով։
Անշուշտ, շարունակաբար ծառայությունների մատուցման ձախողումը «ՍանիՏեքի» կողմից նվազեցնում է դատարանում հաջողության հասնելու հնարավորությունը, բայց այդուհանդերձ հանրային միջոցներից մեծ գումարներ են ծախսվելու միայն դատարանում ներկայացված լինելու համար։ Ամենայն հավանականությամբ, վեճը կքննվի ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID) կամ «ad hoc» դատարանում, որը, եթե վեճի կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չբերվի, կստեղծվի ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի (UNCITRAL) արբիտրաժային կանոններին համաձայն»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Նա հույս հայտնեց, որ քաղաքապետարանն այս գործընթացին կվերաբերվի ամենայն լրջությամբ և Երևանի շահերը կպաշտպանվեն պրոֆեսիոնալ իրավաբանական թիմի կողմից։
Այնուամենայնիվ, տարակուսելի է, թե ինչո՞ւ ձախողվեցին «ՍանիՏեք»-քաղաքապետարան բանակցությունները, երբ թվում էր, թե համաձայնության հասնելու ռեալ հնարավորություն կա, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Քաղաքապետարանը կգնի աղբատար մեքենաներ, կտա «ՍանիՏեքին», գումարը քաղաքից դուրս կգա, այսինքն՝ քաղաքի վրա լրացուցիչ բեռ չի լինի: «ՍանիՏեքի» համար դա ձեռնտու տարբերակ էր, և որոշվել էր շահագործել այդ մեքենաները:
Բայց, թերևս, վերջին պահին քաղաքային իշխանությունների կողմից «ՍանիՏեք» ընկերության առջև անհաղթահարելի խոչընդոտներ էին առաջադրվել, ու բանակցությունները ձախողվեցին: Այդ ժամանակ էր, որ քաղաքապետարանը ձեռք բերեց նշված աղբատարներն ու ստեղծեց աղբահանության համայնքային հիմնարկը, որ ինքը շահագործի այդ մեքենաները:
Իսկ թե ո՞ւմ «բարի» խորհրդով ձախողվեցին «ՍանիՏեքի» հետ բանակցությունները, ինչի՞ հետևանքով է, փաստորեն, քաղաքը լրջագույն խնդիրների հեռանկարի առջև կանգնած, քաղաքում, թերևս, շատերը գիտեն:
Ինչևէ, սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ «ՍանիՏեքի» չարաշահումների վերաբերյալ գործը Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել հոկտեմբերի 1-ին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը