05 09 2019

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կհանվի՞․ «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կհանվի՞․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց Սահմանադրությանը չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը՝ 135-րդի 2-րդ մասը, Սահմանադրությանը համապատասխանող: Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող եւ կալանքի տակ գտնվող նախկին նախագահի պաշտպանները ՍԴ էին դիմել պահանջով՝ ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին վերը նշված հոդվածների սահմանադրականությունը։

Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Հոդվածում թվարկվում են այն բազում հիմքերը, թե որ դեպքում հնարավոր չէ մարդու նկատմամբ վարույթ իրականացնել։ 135-րդ հոդվածը խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում, իսկ 2-րդ մասը սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող՝ ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, եւ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ գործողություն: 

ՍԴ որոշումը նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում որեւէ նորմ, որեւէ կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես, օրինակ, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր․ «Հենց դրանով խախտվել է երկրորդ նախագահի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը, այսինքն՝ անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում, երբ այն սահմանափակվում է։ Տվյալ դեպքում երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է ու սահմանափակված է ներկայումս։ Դրանով իսկ այն հակասում է ՀՀ Սահմանադրության անձնական ազատության իրավունքին, 61-րդ եւ 63-րդ հոդվածները նախատեսում են արդար դատաքննության իրավունք, իսկ 78-րդ հոդվածը վերաբերում է ընթացակարգային եւ կառուցակարգային երաշխիքներին եւ որոշակիությանը»։

Իսկ 135-րդ հոդվածի մասով ասաց, որ այն ավելի նեղ կարգավորում է նախատեսում։ Բացի դա, 35-րդ եւ 135-րդ հոդվածները միմյանց լրացնող հոդվածներ են, չեն կարող կիրառվել միմյանցից առանձին։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ենթադրվում է, որ   Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել: Այս մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո մեզ հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը․ «ՍԴ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերանայման ենթակա չեն։ Սա նշանակում է՝ 35-րդ հոդվածը եթե հակասահմանադրական է ճանաչվել, այն հրապարակման պահից չկա, այլեւս չի գործում, բնականաբար, այդ հոդվածի կարգավորումներով ինչ գործողություններ որ կատարվել են, արդեն վերանում են»։ 

Սահմանադրագետը, անդրադառնալով կարծիքներին, որ ՍԴ որոշումները ոչ միշտ են պարտադիր կիրառման համար, հիշեցրեց, որ ՍԴ որոշումները պարտադիր կիրառման ենթակա են, բացառությամբ մի դեպքի, երբ ՍԴ-ն եզրակացություն է տալիս ՀՀ նախագահի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ, այն էլ միայն դրական եզրակացությունն է խորհրդատվական բնույթ կրում։

Ի դեպ, 135 հոդվածի սահմանադրականության հետ կապված էլ նա խնդիրներ է տեսնում՝ մատնանշելով ՄԻԵԴ նախադեպային որոշումները․ «Սա հակասում է ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին, նման՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ բազմաթիվ վճիռներ կան ընդդեմ Հայաստանի։ ՄԻԵԴ-ը հետեւյալ շեշտադրումն է անում՝ բացարձակապես հանցագործության կատարման ծանրությունը նշանակություն չունի, եթե վարույթ իրականացնող մարմինը կարողանում է հիմնավորել, որ փախուստի կդիմի կամ ազատության մեջ գտնվելով՝ կխոչընդոտի քննությանը, կարող է կալանքը կիրառել որպես խափանման միջոց, բայց այս պարագայում՝ անկախ այն փաստից, որ մեկ տարվա պահով ճանաչել են Սահմանադրությանը չհակասող, խնդիր կա»։

Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի ներկայացուցիչներն ամիսներ առաջ ՍԴ են դիմել նաեւ Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը եւ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։ Սրա վերաբերյալ ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որտեղից դեռ պատասխան չի ստացել։ Վարդան Այվազյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ հոդվածը եւս  «խստագույնս հակասում է Սահմանադրությամբ նախատեսված իրավական որոշակիության սկզբունքներին»․ «Կարծում եմ՝ դա էլ հակասահմանադրական կճանաչվի, եւ մեղադրանքը կհանվի»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ