«168 Ժամ»-ը գրում է․ «Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019 թ. հուլիսին 2019 թ. հունիսի համեմատ 10.3%-ով: Ամենաուրախալին այն է, որ 2019 թ. հուլիսին 2018 -ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11,7%-ով, 2019 թ. հուլիսին հունիսի համեմատությամբ 3,1 %-ով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի, և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ. և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը»: Վարչապետի այս գրառումը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում առևտուրը եռում է: Այդ տրամաբանությամբ էլ վարչապետը մեկնաբանություններ է անում անշարժ գույքի և դրա ամենամեծ հատվածի՝ բնակարանային շուկայի վերաբերյալ: Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում այստեղ:
Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավելացման մասին՝ բնակարանային շուկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վաճառք: Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան:Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՝ պակասել:
Ի հակառակ վարչապետի լավատեսության՝ բնակարանների վաճառքը կրճատվել է: Այն էլ ոչ թե 1-2, այլ 7,6 տոկոսով: Այս տարվա հուլիսին Հայաստանում 122-ով քիչ բնակարան է վաճառվել: Ու դա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին: Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրաքաղաքի հաշվին:
Պաշտոնական տվյալները փաստում են, որ Երևանում բնակարանային շուկան մտել է խորը թմբիրի մեջ: «Երևան քաղաքում 2019 թ. հուլիսին իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 936 գործարք: 2019 թ. հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թ. հունիսի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ 2018 թ. հուլիսի համեմատ նվազել է 14,8 տոկոսով»,- արձանագրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:Հիմա հարց. անշարժ գույքի շուկայի զարգացումների վերաբերյալ դատողություններ անելիս գիտի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ բնակարանների վաճառքը Երևանում մեկ տարի առաջվա համեմատ կրճատվել է 14.8 տոկոսով: Եթե այս տարվա հուլիսին մայրաքաղաքում վաճառվել է 936, ապա անցած տարվա նույն ամսին՝ 1098 բնակարան: Տարբերությունը հասնում է 162-ի:
Փաստն այն է, որ սա նոր երևույթ չէ, և միայն հուլիսին չէ, որ այդպես է եղել: Երևանի բնակարանային շուկայում նույն պատկերն է ամբողջ տարվա ընթացքում: Ինչքան էլ վարչապետը փորձի հակառակը համոզել, պաշտոնական տվյալներն այլ բան են ասում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը