«Իրավունք» թերթը գրում է.
«Նախօրեին ակտիվ շրջանառության մեջ հայտնվեց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ներկայացրած տեղեկատվությունն այն մասին, որ «Սորոսի ծռեր» ահաբեկչական խմբավորման (որի անդամները, հիշեցնենք, Նիկոլի թեթեւ ձեռքով հայտնվեցին ազատության մեջ) կազմակերպիչներից մեկը՝ Գարեգին Չուգասզյանը ակտիվ սորոսական է: Ըստ Մալյանի «Պարոն Չուգասզյանը տեղադրեց իր կենսագրականը, որով ոչ միայն հաստատեց, որ եղել է Հայաստանում Սորոսի գրասենյակի հիմնադրողներից, այլ նաեւ բացահայտեց, որ Սորոսի մոտ զբաղեցրել է բարձր դիրք: Գարեգին Չուգասզյանը աշխատել է հունգարական սորոսում և, իր բաներով, մասնակցել է Բաց հասարակությունների ինստիտուտի (որին խայտառակելով վռնդել են Հունգարիայից) մոտ 30 երկրներում իրականացվող ռազմավարական որոշումների կայացմանը»: Սակայն մինչ Չուգասզյանի սորոսական ծառայությանը հասնելը, նրա կենսագրության այլ հետաքրքիր դրվագներ չմոռանանք:
Ըստ Մալյանի ներկայացրած տեղեկատվության, Չուգասզյանը նաեւ հպարտանում է, որ 1997թ.-ին նշանակվել է ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հրատարակությունների վարչության պետ: Եվ ահա, պաշտոնավարման այդ փուլի հետ կապված արժե հիշեցնել ժամանակին լրատվամիջոցներում հրապարակված այս տեղեկատվությունը. «Այդ ժամանակ նշված վարչությունը վերահսկում էր Մատենադարանի, Արմենպրեսի, Հայմամուլի աշխատանքները, գրքերի և տպագրության ոլորտը: Իսկ ինչպե՞ս է նա հայտնվել այդտեղ: Ամեն ինչ իրականում սկսվել է տխրահնչակ ԼՏՊ-ից: Չուգասզյանի հայրը ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ աշխատել է Մատենադարանում և, օգտագործելով հին ծանոթությունը, խնդրել է նրան, որ իր տղային մի գործ տա, ԼՏՊ-ն էլ տվել է գործը՝ նույնիսկ հաշվի չառնելով, որ տղան ոլորտի մասնագետ չէ: Եվ ահա, Գարեգին Չուգասզյանը, չլինելով մասնագետ, սկսել է «քանդել» իրեն վստահված հիմնարկը, բազմաթիվ լավ մասնագետների հեռացրել է աշխատանքից, իսկ ում չի կարողացել ուղղակի հեռացնել նրանց համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, որպեսզի վերջիններս իրենց կամքով հեռանան: Ղեկավարելով վարչությունը՝ Չուգասզյանը կատարել է նաեւ ֆինանսական չարաշահումներ, սակայն դրա համար չի պատժվել:
Փաստորեն, Չուգասզյանը նախեւառաջ «ԼՏՊ-ի շունն» է եղել որովհետեւ նրան ասպարեզ է բերել Լեւոն Տեր-Պետորսյանը, իսկ հետո, որպես ժառանգություն՝ թողել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Քոչարյանն էլ իր հերթին, երբ նրա կատարած չարաշահումները մեծ չափերի են հասել եւ աղմուկ է բարձրացել նրան հեռացրել է աշխատանքից... Եվ այստեղ է, որ հարցեր են առաջանում, թե ինչո՞վ է նա ապրում, որտեղի՞ց նրան այդքան փող եւ ո՞ւմ շահերն է ներկայացնում...»:
Ֆինանսական չարաշահումների մասին տեսակետը թողնելով մի կողմ, ֆիքսենք միայն, ժամանակին Լևոնը Չուգասզյանին ոչ թե պարզապես պաշտոն է տվել, այլ կարեւորագույն պաշտոն: Պաշտոն, որը համակարգում էր հրատարակչական գործը, եւ որը, հաշվի առնելով այն ժամանակաշրջանում ինտերնետի մակարդակը, քարոզչական ոլորտի կարեւորագույն լծակներից էր: Կարճ ասած՝ պաշտոն, որը կարելի էր վստահել միայն ամենավստահելիներին: Բայց ահա, Քոչարյանն իշխանության գալուց շատ չանցած, նրան այդ պաշտոնից հանեց, որից հետո էր, որ Չուգասզյանն արագորեն հայտնվեց Սորոսի Բաց հասարակությունում: Ընդ որում, էլի կարևոր պաշտոնում, թեև նկատենք, որ հենց այնպես, մի օրում գործնականում անհնար է սորոսական համակարգում նման պաշտոն ստանալը:
Այսինքն, պետք է ունենալ համապատասխան կապեր, երաշխավորություններ: Իսկ որտեղի՞ց պետք է Լևոնի կողմից փայփայված Չուգասզյանը սորոսական համակարգում նման կապեր և երաշխավորություն ձեռք բերեր... Ահա, նաև այս «հանելուկն» է, որ Տեր-Պետրոսյանի և Սորոսի հնարավոր հին առնչությունների մասին խոսակցություններին հերթական որակն են տալիս: Իսկ այդ իրավիճակում, թերևս, ամենևին պատահական չէ, որ ներկայումս մեր իշխանական համակարգը ողողվել է հենց լևոնական և սորոսական կադրերով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը