«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի՝ 2023 թվականի հունվար 25-ին, հրահանգներ էր տալիս՝ «Ներկայացնե՛լ ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ»:
Ցավոք, մեկ տարի անց «անակնկալը» չուշացավ կառավարության ղեկավարի համար․ Նիկոլ Փաշինյանի սիրելի ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա»-ն, ձախողվեց, այսինքն՝ ամեն ինչ ձախողվեց դեռ աշխատանքի թափ չստացած։
2023 թվականին՝ ԱՆԻՖ-ի հաշվետվության ժամանակ, արձանագրվել էր․ «ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում համատեղ ծրագրերով Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար (82 միլիարդ 845 միլիոն), 2021-2022 թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ»։
Իսկ երեկ նույն կառավարութան որոշմամբ՝ լուծարվեց ներդրումների հիմնադրամը:
ԱՆԻՖ-ի լուծարման նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության արձանագրության 3-րդ կետի պահանջները՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման համար։
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեի և Ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N ԱՆԻՖ-1 պայմանագիրը, արդյունքում՝ Ընկերությանը տրամադրվել է 1 միլիարդ 700 միլիոն դրամ գումար։
Նշված գումարով 08.08.2024 թ. դրությամբ մարվել է 1 միլիարդ 277 մլն ՀՀ դրամ գումարի պարտավորություն, որոնք վարկի մարումներ են, վարկային տոկոսավճարներ և տույժեր, աշխատակիցների աշխատավարձեր, վերջնահաշվարկներ, արձակման նպաստներ, վարձավճարներ և այլ վճարներ։
Գումարի մնացորդը կազմում է 422 մլն 019 հազար ՀՀ դրամ։
Այսինքն՝ ԱՆԻՖ-ի աշխատանքը բարձրացնելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի թանկարժեք բառամթերքով նախադասությունները փուչ էին։
Ներդրումների համար նախատեսված 1 միլիարդ դրամը մսխվել է առ ոչինչ։ Որտեղ են վերը նշված 800 աշխատատեղերը՝ հարցական է։
Ի՞նչ է սա, եթե ոչ հեղափոխական թալան։
Վարչապետ Փաշինյանի փափագած երազները, թե ԱՆԻՖ-ը կունենա փայլուն ապագա և հզոր ներդրումներ կբերի Հայաստան, ձախողվեց։ Ընդ որում, այդ հիմնադրամի և՛ բացումը և՛ փակումը միասին՝ ՀՀ աղքատիկ, արտաքին ու ներքին պարտքի տակ կքած բյուջեի վրա արժեցան գրեթե 84 միլիարդ դրամ կամ 216 միլիոն դոլար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը