168.am-ը գրում է․ «Առողջապահության նախարարությունում (ԱՆ) հատկապես նախարարամերձ պաշտոնյաները շարունակում են շշուկով ակտիվ քննարկել նախարար Արսեն Թորոսյանի խորհրդատու Գևորգ Թամամյանի օրերս արած ֆեյսբուքյան գրառումը, որով, հիշեցնենք, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուն յուրահատուկ բառամթերքով նկարագրել էր նախարարի իրական ունակություններն ու գործնական ֆեյք մղումները, մեղմ ասած` մերկացնելով հեղափոխական նախարարին և նրա գործունեությունը: «Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:
Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրինբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր, և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը»,- գրել էր Թամամյանը:
Նշենք, սկանդալային գրառման մեջ ընդգծվում էր նաև նախարարության ներքին խոհանոցային ինտրիգներ, ինֆորմացիա՝ խորհրդատու-նախարար լարված հարաբերությունների մասին, և ըստ այդմ՝ Թամամյանին փոխարինելու՝ նախարարի ձեռնարկած անհաջող փորձերը, որոնք նկարագրվում էր դրվագ առ դրվագ:
Ինչ վերաբերում է մասնագիտական կողմին՝ նախարարի անձին ուղղված սուր քննադատությունն ու կոշտ գնահատականը մասնավորապես ուռուցքաբանության ոլորտում տարվող պետական քաղաքականությանն էր առնչվում, որտեղ նախարարի ջանքերն անձնական շահ ու PR փուչիկ է որակել ուռուցքաբանության երիտասարդ գիտակը:
Հիշեցնենք, նախարարին սոցցանցում ջախջախած և հրապարակային հրաժարականի դիմում ներկայացրած մասնագետը Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, նաև բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, իսկ հեղափոխությունից հետո նրա վաստակը շատերը համարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ համատեղ հիմնադրած «Ժպիտների քաղաք» մանկական բարեգործական հիմնադրամը, որտեղ Գևորգ Թամամյանը ներգրավված է նաև հոգաբարձուների խորհրդի կազմում:
Նախարարության ներսում թվացյալ անտարբերությամբ ընդունվեց երիտասարդ մասնագետի նետած ձեռնոցը նախարարին, սակայն իրականում որոշ պաշտոնատար անձինք խիստ մտահոգված են միջադեպի առիթով և չեն բացառում, որ նախարարի հրապարակային քննադատությամբ հանդես եկած Թամամյանը շարունակի գործել, և նրա գրառմանը հետևեն որոշ գործընթացներ, ներքին լարում առաջանա, ընդհուպ՝ հրաժարականի հարկադրանք:
Այս սցենարը, ի դեպ, ըստ որոշ աղբյուրների՝ Գևորգ Թամամյանի մտերիմ օղակներից է կարծես դրվել շրջանառության մեջ:
Ոլորտի որոշ ներկայացուցիչներ սլաքները տանում են Մ. Հերացու անվան Երևանի Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղղությամբ, ընդգծում են Թամամյանի հետ նրա մտերմիկ կապը, որի մասին գրել են ԶԼՄ-ները: Տարիներ շարունակ Թամամյանը բուհում զբաղեցնում է Մուրադյանի խորհրդականի հաստիքը:
Ավելին, միջադեպը ներսում համարում են նախկին նախարար Արմեն Մուրադյանի-ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի միջև լուռ հակամարտության վկայություն:
Խոսվում է նաև ուռուցքաբան Թամամյանի մեծ հավակնությունների և, միևնույն ժամանակ, Աննա Հակոբյանի հովանավորչությունը վայելելու մասին։
Ավելին, կարծիք կա, որ Աննա Հակոբյանի համար Գևորգ Թամամյանը պոտենցիալ նախարար է դիտարկվում:
Երկրորդ հավանական պաշտոնը՝ ըստ լուրերի, Թամամյանին Աննա Հակոբյանի «ձեռամբ» Արյունաբանական կենտրոնի գլխավոր տնօրեն նշանակելն է:
Նկատենք, հեղափոխությունից հետո ԱՆ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանին այստեղ փոխարինելու եկած Սամվել Հովհաննիսյանն օրեր անց կանցնի վաստակած թոշակի: Ստացվում է՝ նրա նշանակումն իսկապես ժամանակավոր էր արված, որպեսզի Գևորգ Թամամյանը զորացրվի բանակից և իրավունք ստանա նշանակվել այս բարձր պաշտոնին:
Ըստ նույն աղբյուրների՝ թերևս, այս հավակնությունների վախերով է նախարար Թորոսյանն ամիսներ առաջ այս կադրից ազատվելու փորձեր արել, և այսօր նախարարամերձ որոշ պաշտոնյաներ սկսել են հակահարձակման փորձեր իրականացնել, ծածուկ փորփրում են երիտասարդ մասնագետի անցյալը:
Հրապարակային CV-ից բացի, Գևորգ Թամամյանի կենսագործունեությունից որոշ դրվագներ ոլորտի որոշ ներկայացուցիչների մոտ կասկածի տեղիք է տվել: Օրինակ, այն, որ բեղուն կենսագրություն ունեցող մանկական քաղցկեղի մասնագետն ինքնակատարելագործման ճանապարհին միաժամանակ ծառայել է Զինված ուժերում, զուգահեռաբար ուսանել է Հարվարդի համալսարանում և աշխատել պետական բուհում՝ ԵՊԲՀ-ում՝ որպես ռեկտորի խորհրդական: Ինչպե՞ս է հաջողել վարձու աշխատող լինել Զինված ուժերում պարտքը կատարելու շրջանում, և միաժամանակ՝ ԱՄՆ դեսպանատանը վիզա ստացել՝ սովորելու մեկնելու համար:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Գևորգ Թամամյանի ստացած վիզան J կատեգորիայի է եղել՝ նախատեսված փոխանակման ծրագրով այցելուների համար:
Պաշտպանության նախարարությունում, չկենտրոնանալով մասնավոր անձի դեպքի վրա՝ 168.am-ին փոխանցեցին հետևյալ պարզաբանումը.
«Հատկապես բժիշկ սպաների դեպքում զինծառայողին չի արգելվում զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ, սա ընդգծվում է օրենքում, և քանի որ բժիշկների դեպքում հանգամանքները նուրբ են ու շատ էական, ուստի հնարավոր է՝ այս մեկը լրիվ տեղավորվում է տրամաբանության մեջ»:
Սա, թերևս, Հարվարդում սովորելու ընթացքի մասով, իսկ աշխատանքային վիզայի առնչությամբ ՊՆ-ից խնդրեցին նախ հաստատել ինֆորմացիան ԱՄՆ դեսպանատանը, իսկ հետո գրավոր հարցումով դիմել իրենց: Այս երկար գործընթացից խուսափելու համար 168.am-ը փորձեց հենց Գևորգ Թամամյանի բացատրությունը լսել:
Կասկածներով ինչ-որ դրվագներ փորփրող անձանց Գևորգ Թամամյանը խորհուրդ տվեց մեկ անգամ ևս բացել և կարդալ Զինապարտության մասին օրենքը:
«Այդ ասողները, կարծում եմ, օրենքի մասով իրազեկվածության պակաս ունեն, որովհետև ես զինծառայության մեջ եմ գտնվել 2016-2018թթ.՝ որպես բժիշկ-սպա, իսկ այդ անձինք կարող են նախարարի թույլտվությամբ և երաշխավորությամբ վերապատրաստվել և ուսանել հընթացս: Ինձ համար ուղղակի աբսուրդ է՝ մեղադրել մարդուն Հարվարդում սովորելու մեջ… Ես միայն մի բան կասեմ այդ կասկածամիտներին, եթե իսկապես վստահ են, որ իմ ԱՄՆ մեկնելով՝ ես օրենքի խախտում եմ թույլ տվել և առհասարակ որևէ դեպքով շրջանցել եմ օրենքը, ապա կարող են դիմել իրավապահ մարմիններին, մանավանդ, որ այդ կասկածամիտները բոլոր լծակներն ունեն հետաքննություն սկսելու համար, վստահ եմ»,- ասաց Գևորգ Թամամյանը:
Հետաքրքրվեցինք նաև հիմնադրամում այս հրաժարականից հետո առաջ եկած խնդիրների մասին, մասնավորապես՝ Աննա Հակոբյանի հետ հարաբերություններում: Արդյոք սկանդալային գրառումից հետո լարվածություն չի՞ ստեղծվել իր և հիմնադրամի փաստացի ղեկավար համարվող Աննա Հակոբյանի հարաբերություններում այն պատճառով, որ վարչապետ ամուսնու նշանակած նախարարին հրապարակավ մերկացնելու փորձը հենց Աննա Հակոբյանի երաշխավորած կադրն է իրեն իրավունք վերապահել, ընդ որում՝ մեկը, ով հեղափոխությունից հետո է հայտնվել նախարարական կորպուսում և դարձել խորհրդատու:
Գևորգ Թամամյանն այս հարցադրումը քաղաքական համարեց, մինչդեռ իր կարծիքով՝ ինքը քաղաքական գործիչ չէ, և հրապարակային նախարարին գնահատական տալիս՝ «օգտվելէ հեղափոխության տված ամենամեծ ձեռքբերումից՝ խոսքի ազատությունից՝ անկախ այն բանից՝ ինքը հեղափոխական իշխանության թիմի անդա՞մ է ընկալվում, բայց քարկոծում է թիմի այլ անդամին և հեղինակազրկում վարչապետի ընտրյալ նախարարին, թե՞ ոչ»։
Թամամյանը գտնում է, որ նախարար Թորոսյանի հատկանիշների մասին իր արած բացահայտումը պետք է դիտարկել՝ զուտ որպես մասնագիտական ոլորտի ճեղքվածք, և հետևաբար՝ իր գործողությունը հեղափոխական նախարարի քաղաքական իմիջը թուլացնելու, հեղափոխության վստահությունը մսխելու փորձ, ըստ իրեն, չէր կարելի համարել:
– Աննա Հակոբյանն ամեն դեպքում չի՞ փորձել այս ընթացքում կապի դուրս գալ և պարզաբանում պահանջել Ձեզնից, և առհասարակ այս միջադեպն ինչպե՞ս կանդրադառնա հետագա գործունեության վրա, – հետաքրքրվեցինք մեր զրուցակցից:
– Ոչ, ես Աննա Հակոբյանից զանգ չեմ ստացել, ես ինքս էլ բարոյական առումով հարկ չեմ համարի նման խնդիրներով իրեն անհանգստացնել: Մեր հարաբերությունները, շփումներն Աննա Հակոբյանի հետ միայն մանկական քաղցկեղի խնդիրների շուրջ է տեղի ունենում, հիմնադրամի կանոնադրական նպատակի շրջանակներում են, հետևաբար՝ իմ գործողությունների մասով ես ազատ եմ, միշտ արտահայտում եմ ասելիքս շիտակ:
Ինչ վերաբերում է նախարարի հետ հիմնադրամի շրջանակներում իմ հետագա շփումներին, ասեմ, որ ես որևէ կաշկանդվածություն չունեմ: Իմ ասածը հիմնադրամի հետ որևէ կապ չունի, և այն շարունակելու է բնականոն աշխատել՝ անկախ որևէ նախարարի անձից,- ասաց Գևորգ Թամամյանը:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը