14 08 2019

Տնտեսության կառուցվածքի առումով փոփոխություն չկա․ Գագիկ Մակարյան․ 168.am

Տնտեսության կառուցվածքի առումով փոփոխություն չկա․ Գագիկ Մակարյան․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանում խոշոր հարկատուների էական փոփոխություն չի եղել, դրանք նույն ոլորտներում են, որտեղ ավանդաբար եղել են՝ արդյունաբերություն, էներգակիրներ, հեռահաղորդակցություն, որոշ չափով՝ ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների ցուցակում այս տարվա կիսամյակային փոփոխություններին։

«Առաջին տասնյակը հիմնականում այս ոլորտներում է, և առաջին 30 խոշորների մոտ ոլորտային էական փոփոխություն չենք տեսնում։ Դրանք նույն ոլորտներն են, որ գերակշռում են ներմուծման և արտահանման մեջ, այսինքն՝ ներմուծումը՝ գազ, վառելիք, արտահանման մեջ՝ հանքարդյունաբերություն, խմիչք, ծխախոտ և այլն։ Եվ մեր տնտեսական կառուցվածքի ձևն արտահայտված է նաև խոշոր հարկատուների ցուցակում»,- ասաց նա։

Ըստ Գ.Մակարյանի՝ հունվար-մարտի նկատմամբ հունվար-հունիսին ցանկում վերադասվորումներ են եղել, օրինակ՝ «Գրանդ Տոբակո» ընկերությունը մնացել է երկրորդ տեղում, իսկ «Գազպրոմ Արմենիան» մի քիչ զիջել է դիրքերը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է եկել առաջ, և այլն.

«Դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Օրինակ՝ «Գազպրոմ Արմենայի» նահանջելը պայմանավորված է ամռանը գազի սպառման նվազմամբ, նաև սահմանին գազի թանկացումն ընկերությունը ներքին ռեսուրսների հաշվին է ծածկվում, և դրա պատճառով են նվազել հարկերը։ Ծխախոտի արտահանումը Հայաստանից ողջունելի է, չնայած աշխարհում հակածխախոտային պայքարին, բայց տեղական ընկերություններն արտահանումն ավելացրել են, այսինքն՝ նրանց մարքետինգը, ռազմավաոթյունը լավացել է։ Խոշոր հարկատուների ցուցակում որոշակի վերադասավորումներ կան մի քանի 100 համարների շերտերում, բայց դա զուտ շուկայական, տնտեսական փոփոխության արդյունք է։

Կարևոր է, որ խոշոր հարկատուներն ապահովում են բյուջեի էական մուտքերը, իսկ տասնյակը մոտ 60%-ն է ապահովում։ Այսինքն՝ ակնհայտ է տնտեսության թույլ դիվերսիֆիկացիան, որ խոշորի ու միջին և մանր բիզնեսի բալանսը մնում է ցածր, այսինքն՝ ՀՆԱ-ում ՓՄՁ-ների բաժինը մոտ 30% է, բայց բյուջեի տեսանկյունից նույն թվին չենք հասել։ Բյուջեն գրեթե 90% խոշորներն են, մնացածը՝ ՓՄՁ-ները։

Այդ առումով կարևոր է, որ կառավարությունը ՓՄՁ զարգացման նոր ռազմավարությունն է դրել շրջանառության մեջ։ Այդ ռազմավարությունը պետք է լրջորեն վերանայվի, որ նախորդ տարիների նման չլինի, որ այնպիսին լինի, որ կարողանա ՓՄՁ-ների դերը տնտեսության մեջ ուժեղացնել, բացի զբաղվածությունից, որոշակի դեր ստանձնեն արտահանման կամ ներմուծման մեջ, ՀՆԱ-ի ու հարկերի տեսանկյունից»։

Գ.Մակարյանը նշեց, որ հարկատուների առումով կարևոր է հաշվի առնել, որ այս ցուցակում համալրումները գրեթե 10%-ի չափ է, այսինքն՝ նոր ընկերությունների հայտնվելը 10% չի էլ կազմում, և դա ցույց է տալիս տնտեսական դինամիկայի պատկերը.

«Այսինքն՝ տնտեսական բումի, զարգացման արագ տեմպերի ցուցանիշների առումով դեռ իներցիոն պրոցես կա, և կարիք կա, որպեսզի կառավարությունը շարունակի գործարար միջավայրը լավացնել, որպեսզի կարողանա ապահովել նոր խաղացողների հայտնվելը կամ եղածներին ուժեղացնելը։ Իսկ ցուցակում գրեթե նույն անունների մնալն ապացուցում է, որ դիվեսիֆիկացիա չունենք նորի և հնի տեսանկյունից»։

Նրա գնահատմամբ՝ խոշոր հարկատուները հիմնականում գտնվում են Երևանում, բացի հանքարդյունաբերական և, որոշ չափով, ալկոհոլային ընկերությունների, որոնք գտնվում են մարզերում.

«Դա էլ ապացույց է, որ կառուցվածքն էական փոփոխության չի ենթարկվում։ Այսինքն՝ մարզերում խոշոր հարկատուները քիչ են, ինչը վկայում է ներդրումների բացակայության մասին, որովհետև ներդրումները տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն կամ էներգետիկա, պետք է մարզերում անեն, բայց այդ ցուցանիշի դիվերսֆիկացիան էլ ցածր է։ Այսինքն՝ չենք կարողանում խոշոր հարկատուները մարզերում զարգացնել, որը շատ կարևոր է համայնքների մուլտիպլիկատիվ զարգացման համար։ Սահմանամերձ համայնքներում բիզնեսին տրվող արտոնությունները ևս տարիներ շարունակ ազդեցություն չեն ունեցել, որի պատճառներից մեկն էլ համապատասխան ենթակառուցվածքների, աշխատուժի բացակայությունն է, պահեստավորում-արտահանում և այլ խնդիրներ։ Դրա հետևանքով մեծ մասշտաբի նախագծերը հիմականում քաղաքներում են լինում։ Կառավարությունը պետք է այս ամենին ուշադրությոն դարձնի»։

Տնտեսության կառուցվածքի փոփոխության դեպքում, միության նախագահի խոսքով, նոր ոլորտներ պետք է ավելանային, որոշ ոլորտներ առաջ մղվեին, ինչ-որ ճյուղեր էական դերակատարություն ստանձնեին տնտեսության մեջ, որը չի նկատվում.

«Կան նախագծեր, որ ընթացքում են կամ կարող են լինել, բայց այս պահին չկան, և նոր խաղացողներ էական չունենք։ Շուկան գուցե լավացել է, քանակներն ավելացել են, բայց կառուցվածքի առումով փոփոխություն դեռ չկա, և արտահանման ու խոշորների նույն դիվեսիֆիկացիան է մնացել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ