«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի՝ Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է։ Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական առաջին նիստը։ Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու։
Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր։ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։
Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը եւ վճարի գումարը։ Դատարանը դեռեւս նյութերին ծանոթանալու եւ նախնական լսումների փուլում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը