10 07 2019

Դեռ որքա՞ն պիտի բնակչությունը կրկնակի թանկ վճարի գազի դիմաց․ «168 Ժամ»

Դեռ որքա՞ն պիտի բնակչությունը կրկնակի թանկ վճարի գազի դիմաց․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։ Այս առումով կողմերն առաժմ չեն շտապում հստակեցումներ մտցնել։ Բայց որքան էլ տարբեր մակարդակներում հայտարարվի, որ բանակցություններն ընթանում են կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ սակագնի նվազեցման, իսկ «Գազպրոմի» կողմից՝ ավելացման մոտեցումների շուրջ, այնուհանդերձ հասկանալի է, որ ճնշումը թանկացման ուղղությամբ է։ Ռուսական կողմը ոչ միայն պատրաստ չէ նվազեցնել գազի գինը, այլև հիմքեր է ստեղծում դրա համար։Ի՞նչ կարող է սրան հակադրել մեր կառավարությունը, կերևա առաջիկայում։ Բայց այն, որ գործընթացն այսքան երկար է ձգվում, արդեն լավ չէ։ Դա նշանակում է, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ։

Գազի գնի թանկացման հարցը Հայաստանում շատ ցավոտ խնդիր է։ Սա նոր բան չէ, և միշտ է այդպես եղել։

Ցավոտ՝ ոչ միայն նրանով, որ սպառողները ստիպված են ավելի վճարել, այլև, որ դա շատ անուղղակի հետևանքներ է ունենում. այն ազդում է բազմաթիվ այլ ապրանքների ու ծառայությունների գների վրա։ Տուժում է նաև տնտեսությունը։ Գազի թանկացումը նվազեցնում է տնտեսության մրցունակությունը, այդ թվում` ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկաներում։

Իհարկե, սրանով չի սահմանափակվում գազի թանկացման հետ կապված խնդիրը։ Այն նաև քաղաքական ենթատեքստ ունի. մի կողմից՝ ընդունված է դրանով բնորոշել հայ-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից` գազի գինը տարիներ շարունակ եղել է գործիք ընդդիմության ձեռքին` իշխանություններին քննադատելու համար։ Դրա համար ընդդիմությունը գուցե բավարար պատճառներ ունեցել է։ Ներքին սպառման շուկայում գազը միշտ էլ թանկ է եղել։ Ներքին սակագինը զգալիորեն գերազանցել է ներմուծման գինը։

Մինչև վերջերս ընդունված էր ասել, որ բնակչությունը կրկնակի ավելի է վճարում, քան գազը մտնում է Հայաստան։ Իշխանափոխությունից հետո, իհարկե, սկսել են ավելի քիչ խոսել այդ մասին, թեև շատ բան չի փոխվել։ Գազը սահմանին արժե 165 դոլար, բայց բնակչությունը վճարում է այսօրվա փոխարժեքով շուրջ 290 դոլար։

Այս խնդիրը նախկինում բազմիցս բարձրացվել է, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իշխանափոխությունից հետո, սակայն, այն մի տեսակ մոռացության է մատնվել։ Կառավարող քաղաքական թիմն այլևս չի հիշում, որ բնակչությունը ներմուծման գնից գրեթե կրկնակի բարձր է վճարում գազի դիմաց։

Ու չնայած ժամանակին հնչում էին խոստումներ` գազի, ինչպես նաև հանրային այլ ծառայությունների սակագները նվազեցնելու վերաբերյալ, այսօր դրա մասին բոլորը մոռացել են։ Կարծես նման խնդիր այլևս չկա և չի էլ եղել։

Անցած տարի դեռ մի կերպ հաջողվեց խուսափել գազի և հանրային մյուս ծառայությունների սակագները բարձրացնելուց։ Թեև դա այնքան էլ հեշտ չտրվեց։ Առանձին ոլորտներում կառավարությունը ստիպված էր գնալ լուրջ զիջումների` սակագների բարձրացում թույլ չտալու համար։

Խոսքը, մասնավորապես, ջրամատակարարման մասին է, որտեղ սակագնի բարձրացումը հաջողվեց կանխել մի կողմից՝ փոխհատուցման նախկին մեխանիզմների պահպանման, մյուս կողմից` նախատեսված ներդրումների մի մասից հրաժարվելու դիմաց։ Թեև դրանով խնդիրն ամբողջությամբ չլուծվեց։ Օգոստոսին ջրամատակարար ընկերությունը ներկայացնելու է հերթական տարվա սակագների ճշգրտման հայտը։ Կասկած չկա, որ դարձյալ առաջարկվելու է բարձրացնել խմելու ջրի գինը։

Սակագների բարձրացման ռիսկերը, իհարկե, միայն այս ոլորտում չեն։ Դրանք պահպանվում են նաև մյուս տեղերում։ Բայց առավել սուր է դրված խնդիրը գազամատակարարման դեպքում։

Մեծ է հավանականությունը, որ ներմուծման հերթական թանկացումը կհանգեցնի նաև ներքին սակագների բարձրացման։ Մինչդեռ, ժամանակին խոսվում էր համակարգում կոռուպցիոն երևույթների ու թալանի, չհիմնավորված բարձր սակագների սահմանման ու յուրացումների մասին։ Դրանք բացահայտելու նպատակով իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը հատուկ հանձնաժողով ստեղծեց, որն ամիսներ շարունակ քննարկեց խնդիրը, նույնիսկ որոշ հայտարարություններ արեց սակագների նվազեցման հնարավորությունների վերաբերյալ, բայց արդյունքում ամեն ինչ մնաց նույնը։Դրան հաջորդեց կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» ձևավորված աշխատանքային խմբի ստեղծումը, որը, արդեն վեց ամսից ավելի է, ինչ ուսումնասիրություններ է իրականացնում գազամատակարարման համակարգի օպտիմալացման և ծախսերի կրճատման ուղղությամբ։

Մի պահ հայտարարվեց համակարգում մեծաքանակ կրճատումների մասին։ Խոսքը շուրջ 1000 աշխատողի մասին էր։ Բայց այդ գործընթացն էլ կարծես ժամանակավորապես կասեցված է։

Շատ երկար է ձգվում նաև աշխատանքային խմբի աշխատանքը։ Դրա արդյունքների մասին առայժմ խոսք չկա։

Չնայած վերջերս եղավ տեղեկատվություն, որ գազի սակագնի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն, և «Գազպրոմ Արմենիան» կներկայացնի իր դիրքորոշումը, այնուհանդերձ դա էլ քիչ հավանական է համարվում։ Սպասվում է, որ գազի սակագինը հայտնի կդառնա շատ ավելի ուշ, երբ Հայաստան կգա ՌԴ նախագահը։

Թե ինչպիսի՞ն կլինի լուծումը, ցույց կտա ժամանակը։ Մի բան միանշանակ է, որ հայաստանյան սպառողի համար որևէ ոչ ցանկալի տարբերակը լուրջ հարված կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը։ Գազի թանկացումը Հայաստանում միշտ էլ զգայուն թեմա է եղել։

Ու չնայած դրան, նոր իշխանություններին առայժմ չի հաջողվում այդ հարցում դրական լուծումների հասնել։ Անցած տարի, երբ սպառողներն անհամբեր սպասում էին սակագների նվազեցման, իսկ կառավարությունը հայտարարում էր ներմուծվող գազի էժանացման հասնելու չարդարացված հավակնությունների մասին, այն թանկացավ։

Քիչ է հավանականությունը, որ նույնը չի կրկնվի նաև այս անգամ։ Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանում ևս սպասվում է գազի ներքին սակագների բարձրացում։Եթե գազը թանկանա նաև Հայաստանում, ապա դժվար չէ պատկերացնել հնարավոր բացասական հետևանքները։ Նման իրավիճակների սպառողները բազմիցս բախվել են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ