«168 Ժամ»-ը գրում է․ «Ճիշտ կլինի՝ ԵՄ քաղաքականությունում փոփոխությունների մասին խոսել իշխանության ամբողջական ձևավորումից և բոլոր նշանակումներից հետո»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԵԽ նոր ղեկավարին և ՀՀ-ի հետ հարաբերություններում հնարավոր փոփոխություններին։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահ է ընտրվել նախորդ գումարման ժամանակ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցրած 63-ամյա իտալացի սոցիալիստ Դեյվիդ-Մարիա Սասոլին: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ըստ ամենայնի, կփոխարինի Ժան Կլոդ ՅունկերինԵվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրել է Եվրոպական խորհուրդը, որտեղ ներկայացված են Եվրամիության 28 անդամ երկրներ:
Հուլիսի 15-ին Եվրախորհրդարանում նշանակված է քվեարկություն, և ընտրվելու դեպքում Լեյենը կլինի Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարը: Ի դեպ, սպասվում է, որ կին նախագահ կնշանակվի նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում: Համենայն դեպս, բանկի նախագահի թեկնածու է առաջադրվել Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին փոխարինելու համար թեկնածու է ընտրվել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ԵՄ քաղաքականությունը բոլոր ուղղություններով ուրվագծում են ԵՄ իշխանության բոլոր մարմինները, ԵՄ անդամ բոլոր երկրները և նրանց բոլոր ներկայացուցիչները։ Ուստի, նրա կարծիքով, ճիշտ կլինի ԵՄ քաղաքականությունում փոփոխությունների մասին խոսել իշխանության ամբողջական ձևավորումից և բոլոր նշանակումներից հետո։ Ինչ վերաբերում է կոնկրետ ԵԽ-ին, ապա վերլուծաբանն ասաց, որ ԵԽ-ում նախորդ մեծամասնությունը պահպանեց իր դիրքերն ընդհանուր առմամբ, թեև տեղի ունեցան որոշ փոփոխություններ, և եվրոսկեպտիկներն ամրապնդեցին իրենց դիրքերը, սակայն դա մեծ փոփոխությունների չի հանգեցնելու ԵԽ-ի այս ուղղությամբ քվեարկություններում։ Նրա խոսքով, ամենակարևոր քվեարկությունը, որ սպասվում է Հայաստանին այս նոր կազմի դեպքում դա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացումն է, որն անկասկած տեղի կունենա, խոչընդոտներ դրա համար չկան։
«Այնուամենայնիվ Արևելյան գործընկերության և Հայաստանի դեպքում այն համոզմանն եմ, որ բեկումնային փոփոխություններ ԵՄ քաղաքականության մեջ չի լինելու։ ԵՄ-ն շարունակելու է ուսումնասիրել ԱլԳ երկրների կարիքները՝ դրանց արձագանքելով իր հնարավորության չափով։ Այդ ամենը կախված է այն առաջընթացից, որը կարձանագրի Հայաստանն իր ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում։ Թեև հնացած է այս սկզբունքը, բայց «ավելին՝ ավելիի դիմաց» ձևակերպումը տեղին կլինի կիրառել այս դեպքում։ Կարծում եմ՝ պատրաստակամության դիմաց ԵՄ-ն ավելի մեծ ուշադրություն է հատկացնում պաշտոնական Երևանին, սակայն հարաբերությունների ավելի հեռանկարային ապագան կախված կլինի նախաձեռնված բարեփոխումների ուղղությամբ աշխատանքից։ Ներկայումս որքան հետևում եմ, ուղերձները երկու կողմերից դրական են, կան շատ ծրագրեր, որոնք պետք է ժամանակին իրականացնել և հասցնել իրացնել հարաբերությունների ողջ օրակարգը»,- ասաց Զաշտովտը։
Իր հերթին՝ բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ Հայաստանի համար կարևորն այն է, թե հարաբերությունների ինչպիսի մակարդակի է ՀՀ-ն ձգտում ԵՄ-ի հետ, քանի որ Արևելյան հարևանության փոփոխված քաղաքականությունը ենթադրում է առանձնահատուկ մոտեցում՝ հիմնված գործընկերների հավակնությունների վրա։
«ԵՄ-ն ասում է, որ բաց է համագործակցության համար Հայաստանի հետ և ուզում է հասկանալ, թե ինչ է Հայաստանը ցանկանում և ակնկալում ԵՄ-ից՝ մաս կազմելով Ռուսաստանի կողմից հովանավորվող ԵԱՏՄ-ին։ Ներկայումս ԵՄ-ն աջակցում է իր խորհրդատվական ռեսուրսներով նախաձեռնված բարեփոխումներին։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը նոր փուլ կլինի երկկողմ հարաբերությունների համար, քանի որ այն հնարավորություն կտա առաջ շարժվել այդ համաձայնագիրն ամբողջությամբ ներդնելու հարցում»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի կազմին և ղեկավարին, վերլուծաբանն ասաց, որ չնայած տեղի են ունեցել ընտրություններ, դա խորհրդարանի կազմում չնչին փոփոխություններ է մտցրել, իսկ Հայաստանը ԵՄ-ի հետ հաջող հարաբերությունների համար պետք է աշխատի թե Եվրոպական հանձնաժողովի, թե խորհրդարանի, թե այլ կառույցների հետ։ «Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ փոփոխություններ չեն լինելու այս անցումային փուլից հետո»,- ասաց վերլուծաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը