Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հանդես են գալիս ասուլիսով։
Նշենք, որ փետրվարի 22-ին պատվիրակությունն ուղևորվել է Սյունիք, հանդիպել ՏԻՄ ներկայացուցիչների հետ, այցելել ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպել քաղաքացիական բնակչության հետ։ Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցում են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Նույնաբովանդակ այցելությամբ Եվրախորհրդարանի մեկ այլ պատվիրակություն Հայաստան էր այցելել 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, որի անդամները կարևոր դերակատարում ունեցան անցած ամիսների ընթացքում Եվրոպական Խորհրդարանում՝ Հայաստանին վերաբերող քննարկումների և փաստաթղթերի ընդունման գործում։ Մասնավորապես՝ հիշատակման է արժանի Եվրոպական Միության ընդհանուր պաշտպանական և արտաքին քաղաքականության զեկույցը, «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձևը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որոնցում Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող քաղաքական դիրքորոշումները գրեթե լիովին համահունչ են հայկական կողմի պատկերացումներին։
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը