03 07 2019

Օրենքի խախտում և անփութություն՝ ԵՊՏՀ ռեկտորի հարցով․ «Փաստ»

Օրենքի խախտում  և անփութություն՝ ԵՊՏՀ ռեկտորի հարցով․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտո­րի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամ­սյա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 28- ին, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա լիազորություն­ները դադարեցված չեն, և նա շարունակում է գալ աշխատանքի: Ավե­լին՝ հայտարարված չէ նաև ռեկտորի պաշտոնի մրցույթը: Նման անո­րոշության ու անհստակության հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույ­թի և սպորտի նախարարություն: ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մինչ կառավարությունը կնշանակի ռեկտորի նոր ժ/պ, ներկայիս պաշտոնակատարը ամբողջական իրավասություններ ունի շարունակելու իր գործունեությունը. «Այս մասով որևիցե խանգարող հանգամանք չկա»: Ինչ վերաբերում է մրցույթին, ապա, ըստ Սուքիասյանի, ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայ­տարարվել, քանի որ համալսարանում գործընթաց է սկսվել:

«Մասնավորապես՝ տնտեսագիտական համալսարանը պետական ոչ առևտրա­յին կազմակերպություն է, և հիմա այն վերակազմավորման փուլում է, որպեսզի դառնա հիմնադրամ, ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը: Սրանով պայմանավորված՝ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել: Նախագիծն արդեն պատ­րաստ է: Մի քանի շաբաթ առաջ տեղի է ունեցել տնտեագիտական համալսարանի խորհրդի նիստը, որում առաջարկվել է նոր կանոնադրությունը՝ կազմակերպաիրավական ձևի փոփոխությամբ, և ուղարկ­վել է մեզ:

Մոտ օրերս այն սահմանված կարգով կշրջանառենք: Հետո կձևավորվի հոգաբարձուների նոր խորհուրդ, կհայտարարվի մրցույթ և կկազմակերպվեն մնացած հարցերը: Հիմա ռեկտորի պաշտոնի մրցույթ չհայտարարելը բացառապես սրա հետ է կապված»: Նոր ժ/պ-ի նշանակման մասին էլ վարչության պետն ասաց. «Փաստաթուղթը կուղարկվի կառավարություն: «Հիմնադրամների մասին» օրենքի պահան­ջով՝ կառավարությունը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնա­կատար: Կառավարությունը կնշանակի գործող պաշտոնակատարին, թե այլ անձի, հայտնի կլինի առաջիկա 2 ամսվա ընթացքում: Դա օրեն­քի պահանջ է: Ամեն դեպքում՝ բուհում պետք է լինի լիազորված անձ, որը կազմակերպելու է դրա բնականոն գործունեությունը»:

Սակայն մեզ հետ զրույցում իրավաբանները նշում են, որ լիազոր մարմինը, այսինքն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, փաստացի թույլ է տվել, մեղմ ասած, անփութություն, քանզի առկա վիճակում ոչ ժա­մանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումը երեք ամսով եր­կարաձգելու, ոչ էլ մեկ տարով ժ/պ նշանակելու նորմերը չեն գործում, քանի որ առաջինը վերաբերում է մրցույթ հայտարարված լինելու և այն չկայանալու պարագային, իսկ երկրորդը՝ նոր ստեղծված կամ վե­րակազմակերպված (ոչ թե վերակազմակերպվող) միավորներին: Փաստացի, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են տեղի ունե­նում, լիազոր մարմինը պարտավոր էր մրցույթ հայտարարել: Ուստի, ըստ մասնագետների, արդեն իսկ տեղի է ունեցել օրենքի խախտում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ