30 05 2019

Վիճակագրական տվյալներով՝ ամենուրեք բարձր աճեր են․ «168 Ժամ»

Վիճակագրական տվյալներով՝ ամենուրեք բարձր աճեր են․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլի ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի տնտեսությունը հեղափոխական տեմպերով առաջ է գնում. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ընդհուպ մինչև 9,2 տոկոս ակտիվություն։

Արդյունքում` տարեսկզբի չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը հասել է 7 տոկոսի։ Առաջին եռամսյակի նկատմամբ ցուցանիշը նույնիսկ 0,5 տոկոսով բարելավվել է։

Ամենուրեք բարձր աճեր են։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ նույնիսկ արդյունաբերությունն է երկնիշ աճ գրանցել։ Անկումից դուրս է եկել արտաքին առևտուրը. ավելացել է ինչպես՝ արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Առևտրի և ծառայությունների ոլորտում ևս բարձր ակտիվություն է։

Թվում է, թե զարգացումները լիովին տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ։ Պարզվում է, սակայն, այդպես չէ։ Իրավիճակն այնքան էլ լավ չէ, որքան երևում է առաջին հայացքից։

Մասնավորապես, մարտի համեմատ տնտեսական ակտիվությունն ապրիլին նվազել է։ Այլ կերպ ասած, անկում է գրանցվել։ Այն կազմել է 0,3 տոկոս։

Անկումը գուցե մեծ չէ, գուցե գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ, բայց այն, ինչ կա, արդեն լավ չէ։ Հատկապես որ, տնտեսական տարվա խորանալուն զուգընթաց՝ զարգացումները սովորաբար ակտիվանում են և ոչ թե՝ նահանջում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝արձանագրված միտումը չի կարող չմտահոգել։ Առավել ևս, որ դա արտահայտվել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտարկված հետընթացներով։

Արդյունաբերությունն ապրիլին՝ նախորդ ամսվա համեմատ, նվազել է 3 տոկոսով։ Շինարարության անկումը հասնում է գրեթե 11 տոկոսի։ Որքան էլ կարող է զարմանալի լինել, բայց նվազել է նաև ներքին առևտրի շրջանառությունը, որը նախորդ ամիսներին բավական բարձր է եղել։

Պատկերացնելու համար ասենք, որ փետրվարին՝ հունվարի համեմատ, առևտրի ծավալն ավելացել էր 19 տոկոսով, մարտին` փետրվարի համեմատ 6,7 տոկոսով։ Արդեն ապրիլին առևտուրը նախորդ ամսվանից 1,8 տոկոսով պակասել է։

Գրեթե աճ չի եղել ծառայությունների ոլորտում։ Այն կազմել է ընդամենը 0,5 տոկոս։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 3,3 տոկոսով։

Այս պայմաններում գուցե կարող է զարմանալի թվալ, որ երկարաժամկետ հատվածում արձանագրվել է տնտեսական ցուցանիշների բարելավում։ Բայց զարմանալ պետք չէ։ Պետք է ենթադրել, որ դրա վրա ազդել է անցած տարվա տնտեսական իրավիճակը։

Հիշենք, թե Հայաստանում ինչպիսի բուռն քաղաքական դրսևորումներ էին 2018թ. ապրիլի երկրորդ կեսին։ Ճանապարհների արգելափակման հետևանքով` տնտեսությունը գրեթե կաթվածահար վիճակում էր։

Արդյունքում` առաջին եռամսյակի բարձր ակտիվությունից հետո, ապրիլին տնտեսական զարգացումները սկսեցին նահանջել։ Մարտի համեմատ գրեթե բոլոր ոլորտներում անկում գրանցվեց։ Ընդ որում, առանձին դեպքերում դա բավական կտրուկ արտահայտվեց։ Արդյունաբերության արտադրանքի ծավալի կրճատումը հասավ գրեթե 16 տոկոսի։ Տնտեսության այդ ճյուղում անկում գրանցվեց նաև նախորդ տարվա համեմատ։

Ինչպես արդյունաբերության, այնպես էլ տնտեսության մյուս ճյուղերում ձևավորված համեմատաբար ցածր բազան նպաստավոր ազդեցություն է թողել այս տարվա ցուցանիշների վրա։ Պատահական չէ, որ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրեթե բոլոր ոլորտներում աճ է գրանցվել։ Արդյունաբերության արտադրանքը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել է՝ ընդհուպ մինչև 13,2 տոկոսով, ինչն այս տարվա համար ռեկորդային ցուցանիշ է։ Մինչ այդ զարգացումները բավական համեստ էին. հունվարին նույնիսկ անկում էր գրանցվել։

Նախորդ տարվա նկատմամբ բարձր աճը պահպանվել է ծառայությունների ոլորտներում։ Այն շարունակում է երկնիշ մնալ։ Առևտուրն անցած ապրիլի համեմատ երկնիշ չէ, բայց մոտ է դրան։ Պաշտոնական վիճակագրությամբ, ապրիլին զարգացումները լավ չեն եղել շինարարության մեջ։ Նախորդ տարվա համեմատ՝ աճը կազմել է ընդամենը 1,8 տոկոս։ Սա այն ոլորտն է, որի մասին երկու ամիս առաջ վարչապետը հայտարարում էր` կանգնած ենք շինարարության բումի շեմին։

Նախորդ տարվա ազդեցությունն ակնհայտ է նաև արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ Ապրիլին դրանք բարելավվել են։ Թեև անգամ այդ պայմաններում, տարեսկզբի չորս ամսվա տվյալներով, արտաքին առևտուրը հետ է մնում 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Անկումը կազմում է 4,2 տոկոս. արտահանումը նվազել է՝ 8,6, ներմուծումը` 1,9 տոկոսով։ Հունվար-ապրիլին Հայաստանից արտահանվել է 716 մլն դոլարի ապրանք` նախորդ տարվա 764 միլիոնի դիմաց։

Չորս ամսվա տվյալներով՝ արդյունաբերության աճը հասել է 4,5 տոկոսի։ Աճի տեմպը նվազել է՝ ինչպես առևտրի, այնպես էլ՝ շինարարության ոլորտում։ Թե՛ մեկ, և թե՛ մյուս ոլորտում այն այլևս երկնիշ չէ։ Տեմպի անկումը մեծ է հատկապես շինարարության դեպքում։ Տարեսկզբի առաջին երկու ամիսների ավելի քան 20-ից աճը դարձել է 8 տոկոս։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է ներքին առևտրի շրջանառությունների 9,8 տոկոս ավելացում։

Աճի ամենաբարձր ցուցանիշը, տարեսկզբի 4 ամիսների կտրվածքով, ծառայությունների ոլորտում է։ Այն կազմել է 17 տոկոս։ Դրան, ինչպես հայտնի է, մեծապես նպաստում է շահումով խաղերի բիզնեսը, որը դարձել է Հայաստանի տնտեսության ակտիվության ապահովման հիմնական գործոններից մեկը։

Այսպիսով, եթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրության ցուցանիշներին, ապա ստացվում է, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում թափ է հավաքում։ Բարձր տեմպերով ավելանում են նաև մարդկանց եկամուտները։ Չորս ամսում միջին աշխատավարձը երկրում բարձրացել է 6,2 տոկոսով` գերազանցելով 177 հազար դրամը։

Թվում է, թե դժգոհելու առիթ չպետք է լինի։ Վիճակագրական տվյալներով՝ ամեն ինչ լավ է։ Այլ բան, որ վիճակագրությունը ոչ միշտ է համընկնում իրականությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ