«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բնույթով դեմոկրատական էր, սակայն դրա հաղթանակից հետո գործնական քաղաքականության ու ինստիտուցիոնալ մակարդակներում պահպանվեց անձնակենտրոն համակարգը, որը ստացել է ф անունը: Տպավորությունն այնպիսին է, որ պետական ինստիտուտները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե օրենքի կամ բանականության տրամաբանությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի խոսքով կամ ճաշակով: Օրինակ՝ բավական էր, որ վարչապետը կառավարության հերթական նիստերից մեկում ընդդիմությանը հեգնանքով մեղադրի «ահաբեկչությունը» խրախուսելու մեջ, որպեսզի համապատասխան ծառայությունները մանրակրկիտ զննեն ընդդիմադիր այն պատգամավորների ծառայողական մեքենաները, որոնք մուտք են գործում խորհրդարանի տարածք:
Նույն խոտոր տրամաբանությունը գործում է ավելի նուրբ հարցում, որը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների բավականին բարդ հարաբերություններին: Արցախից վերադառնալուց հետո Փաշինյանի մոտ արթնացել էին հեղափոխական տրամադրություններ, ու նա ֆեյսբուքյան գրառումով հանրությանը տեղեկացրեց, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ:
Գլոբալ հարթության վրա, իհարկե, տխուր է պատկերացնել, որ Արցախ կատարած այցը, մանավանդ՝ եռատոնի առթիվ, Փաշինյանի մոտ այդպիսի զգացողություններ է ծնել: Մյուս կողմից՝ արդեն օրինաչափություն է դարձել, որ գործող իշխանությունները չեն կարողանում իրենց «կենսունակությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու: Սա, իհարկե, բոլշևիկյան մտածողության դրսևորում է, երբ հասարակության մեջ անընդհատ «ստեղծվում» են «հակահեղափոխական» օջախներ ու կերպարներ: Նման քաղաքականությունն ու մտածողությունը, ի վերջո, ծնում են կառավարման ավտորիտար «մշակույթ», եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը համոզված դեմոկրատներ են ու հոգու խորքում ատում են ավտորիտարիզմի որևէ դրսևորում:
Միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչների կոնսոլիդացված դիրքորոշումները, ակնհայտ հարձակումներն Արցախի իշխանության ուղղությամբ հուշում են, որ գործ ունենք հենց ավտորիտար մտածողության հետ: Երեկ խորհրդարանի պաշտպանության, ՆԳ և ԱՍ մշտական հնաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զարգացրել է իրենց ուժի առաջնորդի միտքն ու ասել է, որ հակահեղափոխական միտում լինելու պարագայում Արցախի ժողովուրդն այդ օջախը տեղում կխեղդի: Նախ՝ սկզբունքորեն հայաստանցի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել Արցախի հասարակության անունից, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն է տարբեր առիթներով արդարացիորեն նշել, որ նման իրավունք ունեն միայն մարդիկ, ովքեր ստացել են ԼՂՀ հասարակության վստահության մանդատը: Սա աքսիոմ է, որը մեկընդմիշտ պետք է հիշեն Հայաստանի քաղաքական բոլոր սուբյեկտները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը