«Հրապարակ»-ը գրում է․ «Մի հրաշալի ամերիկյան ֆիլմ կա՝ փաստաբան - Թոմ Հենգսը՝ գլխավոր դերում։ Ամերիկան դեռ այնպիսի իրավական պետություն չէ, որտեղ բոլոր մեղադրյալների իրավունքները սրբորեն պաշտպանվում են, եւ դա հանրային ընկալման մեջ նորմալ է դիտվում։ Եվ փաստաբանը կանգնած է օտար պետության համար լրտեսություն արած, հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող անձին պաշտպանելու դիլեմայի առաջ։
Պետության դավաճանին պաշտպանել՝ նշանակում է նույնացվել դավաճանի հետ, եւ Հենգսի հերոսը, երբ երկար տվայտանքներից հետո ստանձնում է պաշտպանությունը, հայտնվում է մերժվածի կարգավիճակում։ Սկսվում է տոտալ հալածանք նրա եւ ընտանիքի նկատմամբ, անգամ՝ զինված հարձակում տան վրա։ Եվ այդ հոգեբանական ու ֆիզիկական տեռորի ընթացքում հասկանում ես, թե որքան ազնվություն, մեծահոգություն, մարդասիրություն են հարկավոր, որ մարդը չնահանջի, չընկրկի, չվախենա եւ կատարի իր պրոֆեսիոնալ պարտքը՝ նպաստելով իր երկրի առաջընթացին, հասարակության իրավագիտակցությանը, հասունացմանը։
Մենք էլ պետք է նման ճանապարհ անցնենք։ Երբ լսում եմ, թե ինչպես են տարբեր մարդիկ, անգամ մտածող, գրագետ, մտավորական, հայհոյում եւ դատապարտում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողներին, ինչքան կույր չարություն ու թշնամանք կա նրանց խոսքում, հասկանում եմ, որ մենք մարդկության զարգացումից առնվազն մի 100 տարով հետ ենք մնացել։ Հպարտանում ենք մեր հինգհազարամյա մշակույթով, սակայն տարրական բաներ այս 5 հազար տարվա ընթացքում չենք հասկացել եւ չենք կարողացել ուսուցանել մեր երեխաներին։ Ավելին՝ կտրվել ենք քաղաքակրթությունից եւ ապրել ենք վայրի, բարբարոսական կանոններով, որտեղ ուժեղը տրորում է թույլին, մեծամասնությունն ուժեղի կողմն է ու ցանկացած պահի կարող է ճամբարափոխ լինել, իսկ ընկածին խփելը մեղք չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը