«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Ամերիկյան կողմին հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Փաշինյանը մեկնաբանություններ է անում ռուսական լրատվականներով:
Ի դեպ, նա ամերիկացիներին ուղղված իր բողոքը նաև բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկացիներն, ի պատասխան Փաշինյանի բողոքների, պատրաստվում են հակադարձել նրան՝ կատարելով մի յուրատեսակ «ձիու քայլ». նրանք Փաշինյանին մոտ ապագայում առաջարկելու են միջպետական, միջկառավարական համագործակցության նոր ռազմավարական ձևաչափ:
Ամերիկացիների հաշվարկը մոտավորապես հետևյալն է. համաձայնեց՝ շատ լավ, կլինի փոխադարձ համագործակցություն, եթե հրաժարվեց, ուրեմն առկա է ռուսական գործոնը:
Ըստ որոշ տեսակետների՝ ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի խուսափել նման ակնհայտ համագործակցությունից: Իսկ թե ինչպիսի դիվանագիտական լուծումներ կգտնի, որպեսզի չնեղացնի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, դժվար է պատկերացնել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը