«Հրապարակ»-ը գրում է․ «Ապրիլ-մայիսը կամաց-կամաց դարձավ տոների ու հիշատակի օրերի ժամանակաշրջան։ Աշխատավորի օր, Քաղաքացու օր, Հաղթանակի օր, Հանրապետության օր, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Երեկ մայիսի 1-ն էր՝ Աշխատավորների օրը։
Դժվար է ասել, թե որքանով է մեր հասարակությունն արժանի նման օր ունենալուն կամ այդ օրը նշելուն։ Մի կողմից աշխատանքի պաշտամունք մեզանում չի եղել եւ չկա, քանի որ մենք, մեծ հաշվով, աշխատել այնքան էլ չենք սիրում։ Մյուս կողմից՝ մեր սրտի ուզած, մեզ բավարարում բերող եւ համարժեք վարձատրվող աշխատանք էլ քիչ կա։ Թերեւս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի աշխատավորներից տասից իննը աշխատանքի է գնում տհաճությամբ, մի կերպ՝ այլ աշխատանք գտնելու կամ թոշակի գնալու երազանքներով ու սպասումներով։ Իսկ ինչքա՜ն շատ են աշխատողների իրավունքների ոտնահարումները՝ արտահերթ եւ չվարձատրվող աշխատանք, անվտանգության կանոնների խախտումներ, ղեկավար-աշխատող չկանոնակարգված փոխհարաբերություններ ու պարտականություններ, կամայական ազատումներ եւ առաջխաղացման հարցում անարդարություններ։
Էլ չենք խոսում չգրանցված աշխատուժի, չվճարվող հարկերի, ստվերի, աշխատանքային ու կենցաղային տարրական պայմանների բացակայության մասին։ Իսկ եթե սրան գումարենք նաեւ արտագնա ստրկական աշխատանքն ու թրաֆիքինգը, որին ենթարկվում են հայ մարդիկ մի քանի կոպեկ վաստակելու համար, ակնհայտ կդառնա, թե ինչքան անհեթեթ է Աշխատավորի օր պետական տոն ունենալը։ Այս բոլոր գործոնները, իհարկե, աղքատ, չկայացած երկրին բնորոշ ատրիբուտներ են։ Քանի դեռ երկիրը չզարգացող տնտեսություն ունի, փակ սահմաններ, չլուծված սահմանային եւ այլ խնդիրներ, չեն կարող աշխատանքային հարցերը մեզանում լավագույն ձեւով լուծվել եւ աշխատավորների իրավունքները հարգվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը