«Փաստ»-ը գրում է․ «10 տոկոս», «50 հազար», «100 տոկոս», «2 անգամ»… Կլոր թվերն ու նմանատիպ ցուցանիշներն ավելի շատ ոչ թե իրականության, այլ քարոզչական դաշտից են: Որպես կանոն, կլոր թվերը խաբում են: Խոսելով կառավարության կողմից պարբերաբար հրապարակվող թվերի մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Նա բերեց վերջին օրինակներից մեկը՝ կապված 50 հազար նոր աշխատատեղերի հետ. «Նախ՝ դա երկու ձևով ներկայացվեց: ԵԽԽՎում ասվեց, որ ստեղծվել է 50 հազար նոր աշխատատեղ, որն աշխատաշուկայի տասը տոկոսն է: Իսկ Հայաստանում գրառման տեսքով ասվեց, որ ցուցանիշը ստվերից դուրս բերելու արդյունք է, այսինքն, թաքնված զբաղվածությունը բերվել է մաքուր դաշտ: Այնուհետև հայտարարվեց, որ դա աշխատաշուկայի 9 տոկոսն է, հետո ինչ-որ միջինացված թիվ ներկայացվեց: Սա խոսում է այն մասին, որ թվերի մանիպուլ յացիայի միջոցով քարոզչություն է իրականացվում, բնականաբար, դրական ֆոն ապահովելու համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրականության մեջ աշխատատեղեր ստեղծելու առարկայական քայլեր չենք տեսնում, իսկ կրճատումների մասով ամեն ինչ շատ հստակ է:
«Երբ իշխանության եկած մարդիկ ինչպես ծրագրային, այնպես էլ թիմային առումով անպատրաստ են, արդյունքում միայն քարոզչությամբ զբաղվելու հնարավորությունն է մնում: Ամեն ինչ շատ պարզ է՝ մարդիկ պատրաստ չէին և հիմա պետք է քարոզչություն անեն»,-ասաց նա:
Ա. Թևանյանի խոսքով, խնդիրը հաշվարկների մեթոդիկան չէ. «Եթե խոսքը վերաբերում է մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկին, ապա մեթոդիկան նույնն է: Նույնիսկ այդ մեթոդիկայով, ընդհանուր առմամբ, 2017թ.-ի համեմատ 2018-ն ավելի վատ ցուցանիշներ ուներ, մինչդեռ շատ արագ և կտրուկ թռիչքային աճ, ինչպես նաև եկամուտների տեսքով բյուջետային միջոցների աճ ու հսկայական ներդրումներ էր խոստացվում: Որքան էլ փորձեն համոզել, որ իրենց խոստումները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց այդ խոստումները հնչել են և չեն կատարվել: Սա քարոզչական շատ վատ հնարք է, որովհետև մարդիկ առարկայական են տեսնում, որ իրականությունն այլ է: Արդյունքում ստացվում է, որ իրենք կատարել են մի բան, որն, այսպես, թե այնպես, լինելու էր՝ «արևը դուրս էր գալու արևելքից և մտնելու էր արևմուտք»: Միայն սա է եղել: Մնացածի առումով, երբ չկատարվածը որպես կատարված է հայտարարվում, հարվածում է խոսքի արժեքին: Իսկ երբ կառավարության խոսքն արժեզրկվում է, կարող է բերել համակիրների նվազեցմանը»:
Նույն թվերի և իրականության համադրելիության համատեքստում Ա. Թևանյանը նշեց, որ հանրության տարբեր շերտերի կողմից նոր իշխանություններից դեռ սպասելիքներ կան. «Բայց այդ սպասելիքները կամաց-կամաց նվազում են, և մարդկանց մոտ հարցեր են առաջանում: Ասել, որ նրանք ամբողջությամբ կորցրել են վարկանիշը, ճիշտ չի լինի: Նոր կառավարությունը բավականին բարձր ստարտային պայմաններ ուներ, բայց ժամանակի ընթացքում մսխում է դրանք: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ սպասումների, հիասթափությունների իրար հաջորդող զարգացումներ կլինեն և արդեն ամիսների ընթացքում մարդկանց աչքերը կբացվեն, արդյունքներն էլ արդեն առարկայական ու տեսանելի կլինեն»:
Ա. Թևանյանն առանձնացրեց գլխավոր փորձությունը: «Այդ փորձությունը լինելու է այս ամռանը՝ կապված գյուղոլորտի հետ: Պետք է տեսնենք, թե կառավարությունն ի՞նչ է անելու, և գյուղացին ինչպե՞ս է իրացնելու իր մթերքը: Սա շատ կարևոր է, որովհետև այդ առումով խնդիրներ են առաջացել: Սա անկյունաքարային է դառնալու՝ նոր կառավարության նկատմամբ վերաբերմունքի ձևավորման առումով: Բացի այդ, ես շատ կարևոր թիվ կցանկանայի նշել, կուզենայի հիշեցնել, որ մեր արտաքին պարտքի սպասարկումը և պարտքի մարումը 2020թ.-ի համար մոտ մեկ միլիարդի չափ է: Դա մեր բյուջեի մոտ մեկ երրորդի չափ է: Ի՞նչ է մեզ սպասվում 2020թ.-ին: Սա հասկանալու համար 2019թ.-ին պետք է քայլեր անենք: Նշվածը լուրջ խնդիր է տնտեսության համար, ենթադրում է նաև լուրջ ճնշումներ բյուջեի և բիզնեսի վրա: Եթե կառավարությունը որոշի, որ պոպուլիստական քայլերով, անցումային արդարադատությամբ ու մեղավորության կանխավարկածով գումարներ պետք է հայթայթի, որ տնտեսության ու բյուջեի ծախսերը սպասարկի, վիճակն ավելի է վատանալու: Այդ դեպքում մենք բավականին լուրջ ցնցումների դաշտ ենք մտնելու: Հակառակ քայլերը պետք է անել: Պետք է հանդարտեցնել մթնոլորտը, բիզնեսի համար որոշակիության պայմաններ ստեղծել և զերծ մնալ քաղաքական ցնցումներից ու հետապնդումներից: Սա է կարևոր խնդիրը, ինչը կառավարությունում, ցավոք, դեռ չեն հասկանում»,-ասաց նա:
Նա հավելեց, որ տնտեսության մեջ այսօր ամենակարևոր և վտանգավոր խնդիրը մասնավոր սեփականության ինստիտուտի վտանգումն է: «Երբ այդ ինստիտուտը վտանգվում է, ներդրումային ծրագրեր, միջավայր ու բիզնեսի զարգացում ակնկալելը բավականին բարդ է: Մասնավոր բիզնեսի դեմ հեղափոխական տեխնոլոգիաներ են կիրառվում, մարդիկ չեն կարողանում աշխատել: Օրինակները մի քանիսն են: Նոր իշխանությունները խոսում են այն մասին, թե կոռուպցիա չկա, իրենք բիզնեսը իշխանությունից տարանջատում են և այլն, և այլն: Իրականությունն այլ է»,-ընդգծեց Ա. Թևանյանը՝ հավելելով նաև, որ բիզնեսի վերաբաշխման առումով կան «սողացող» գործընթացներ:
«Հենց այդ նույն լոզունգները, կարգախոսները և քարոզչական հնարքները կիրառվում են, որ այդ ամենը քողածածկվի: Հայաստանում կա և՛ բիզնեսի վերաբաշխում, և՛ կոռուպցիա, և՛ բացասական ցուցանիշներով արդյունքներ»,-եզրափակեց նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը