18 11 2024

Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի գիշերային որոշումների բուն էության և մեր անելիքների մասին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը։ Ինքը սովոր է դրան։ Թերթոնը միշտ գիշերն է տարել տպարան։ Բանսարկություններն արվել են մթության քողի տակ ու տնեցիներով։ Հետո առավոտյան այդ մասին տեղեկացվել է հանրությունը։

Հիմա նույն բանը պետության մակարդակով է արվում։ Գիշերային որոշում էր 2022թ․ հոկտեմբեերի 6–ին Պրահայում Արցախը հանձնելը։ Գիշերային որոշում էր Հայաստանի մյուս տարածքները հանձնելը (կրակոցով, թե առանց դրա)։

Համեմատելու բան չէ, բայց գիշերային որոշմամբ է նաև կադրային տերևաթափ արվել իշխանությունը, այդ թվում՝ դատական ոլորտը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է դատական համակարգի «անկախ» լինելը։

Գիշերային այս որոշումների գործելաոճը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը

– ՀՀ–ի լուծարային հանձնաժողովի նախագահն է,

– գործում է բացառապես սեփական շահերով,

– լիկվիդացիոն գներով վաճառքի է հանել Հայաստանի տարածքները՝ մեր երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ,

– առաջնորդվում է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ,

– չի վստահում որևէ մեկի, բացի իր տնեցիներից (Աննա Հակոբյանը ստվերային կարդինալուհու և դրամապահի ֆունկցիան է կատարում այնպես, ինչպես թերթոնում),

– փորձում է թաքցնել մատնահետքերը։

Վաղը կարող է պարզվել, որ ինքը գիշերային որոշում է կայացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու մասին։ Ամեն ինչ դրան է գնում։

Սա նշանակում է, որ Նիկոլին Հայաստանի քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակից զրկելը դառնում է թիվ մեկ հարցը։ Դա էլ իր հերթին նշանակում է այլընտրանքային քաղաքական, անվտանգային, սոցիալական օրակարգեր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ