23 04 2019

«Միտքը վառ պահելու» համար 250 000 դոլարանոց ճոխությունն անհրաժե՞շտ էր․ «Իրատես»

«Միտքը վառ պահելու» համար 250 000 դոլարանոց ճոխությունն անհրաժե՞շտ էր․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աշխատանք չունեն ոչ թե որովհետև աշխատատեղ չկա, այլ որովհետև թամբալ են: Չգիտեին նաև, որ աղքատությունն իրենց գլխում է, դրա համար էլ ֆինանսապես անապահով են: Իրազեկ չէին, որ դրոշը պատին հենելու համար կարող են ծեփվել պատին, փռվել ասֆալտին կամ ի տես արար աշխարհի ու տեսախցիկների առջև, անարգանքի սյանը գամվել: Հասարակությունը հակառակորդների ու յուրայինների բաժանելով` մերժում էին ում պատահի և ինչպես պատահի: Այսօր արդեն «միտքդ վա՛ռ պահիր» խորագրի ներքո մարդիկ տոնելու են նոր իշխանությունների սահմանած Քաղաքացու օրը: Քաղաքացիների համար, որոնց մեծամասնությունն աշխատանք չունի, մի մասն աշխատում է չնչին աշխատավարձով, զգալի հատվածն էլ արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով տեսակապով է գուրգուրում իր զավակներին, պետական բյուջեից հատկացված ահռելի գումարով գուցե հիշարժան դառնա ևս մեկ օր: Համերգ ու հրավառություն կլինի, իսկ հետո՞:

Քաղաքացու տոնի համար կառավարությունն ավելի քան 250 հազար դոլար կհատկացնի: Մի երկրում, որտեղ, ըստ իշխանության ներկայացուցիչների, 30 տոկոս աղքատություն կա, երկրաշարժից հետո աղետի գոտի ու անօթևան մարդիկ կան, մի երկրում, որտեղ իշխանափոխությունից մեկ տարի անց մարդկանց սոցիալական վիճակը դրական առումով չի փոխվել, անհրաժե՞շտ էր արդյոք մարդկանց «միտքը վառ պահելու» համար նման ճոխություն թույլ տալ: Մի քանի սենյականոց բնակարանը Գյումրիում 20-25 հազար դոլար արժի, Սպիտակում՝ 15-18 հազար, այսինքն՝ մոտ տասն ընտանիքի այդ գումարով հնարավոր էր բնակարանով ապահովել, մի քանի հարյուր անապահով ընտանիքի էլ այդ գումարով կարելի էր օժանդակություն ցուցաբերել:

«Կգան, կուտեն, կլափեն, կթափեն, կիմանան, թե գառն անտառի պտուղ է, ծառից է կախված լինում». Մաթևոսյանի տողերին համապատասխան իշխանական էլիտան մի լավ քեֆ կանի այդ օրը, կտոնի իր «հաղթանակի» մեկ տարին, իսկ աղքատն այդպես էլ աղքատ կմնա: Ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորեն հաղթանակի մեկ տարին տոնելու և սուփրա-սեղան գցելու գաղափարն ու այն որպես քաղաքացու օր ներկայացնեն, բոլորիս էլ հասկանալի է` ներկաներն այդ կերպ վրեժ են լուծում նախկիններից ու, նրանց աչքը հանելու համար, հաղթանակի դափնիները ցուցադրաբար դնում գլխներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ