«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ՍԴ-ն երեկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները: Այս որոշումն, ի դեպ, միանգամայն սպասելի էր գոնե մեզ համար. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ում մտադրված են օրենսդրական փոփոխությունները ճանաչել սահմանադրական: Ավելին՝ տեւական ժամանակ ՍԴ-ում այս հարցի քննարկումները հետաձգվում էին համապատասխան հիմնավորումներ գտնելու եւ մշակելու համար: Միայն թե հիշում եք` այս օրինագծի ընդունումը ժամանակին ինչպես փոթորկեց քաղաքական դաշտը` դառնալով դրամատիկ իրադարձությունների պատճառ:
Ըստ օրինագծի` եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Կարծիք կար, որ դրանով այն ժամանակ ԱԺ մեծամասնությունը տեսականորեն փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։ Երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցություններն արտահերթ նիստում կողմ էին քվեարկելու այս նախագծին, վարչապետ Փաշինյանի կոչով ԱԺ-ի մոտ հավաքվեց մի հսկա բազմություն` շրջափակելով օրենսդիր մարմինն ու «գերեվարելով» պատգամավորներին: Այս նախագծին կողմ քվեարկելու համար Փաշինյանը իշխանությունից «վտարեց» ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Հենց ԱԺ-ի մոտ հավաքված բազմության մոտ վարչապետը ստորագրեց այդ կուսակցությունների քվոտայով նախարար նշանակված անձանց ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկը: Եվ, ըստ էության, հենց այս նախագծի ընդունումն արագացրեց նախորդ խորհրդարանի վաղաժամկետ արձակումն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կատարվածն ապացույցն է այն բանի, որ իրենք ճիշտ էին:
Իսկ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեր հարցին, թե բարձրացրած աղմուկն իզուր էր արդյոք, պատասխանել է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը բազմաշերտ էր. այդտեղ և´ քաղաքական, և´ իրավական խնդիր կար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը