18 04 2019

Երևանը Ղարաբաղի մեջքի հետևում բանակցություններ է վարում․ քաղաքագետ․ «168 Ժամ»

Երևանը Ղարաբաղի մեջքի հետևում բանակցություններ է վարում․ քաղաքագետ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է «Չկա «Լավրովի» պլան, կան համանախագահների ընդհանուր առաջարկներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրակարգին՝ հումանիտար բնույթի պայմանավորվածություններին և 2016 թվականի ռուսական առաջարկները քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պնդումներին, որոնք նախօրեին չէր հերքել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպմանը հաջորդած իր հարցազրույցներից մեկում ասել է, որ քննարկել են 2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանը։ Ըստ նրա, այդ հանդիպման ժամանակ չեն կարողացել լուծել բոլոր խնդիրները, սակայն խորությամբ հասկացել են, թե ինչ խնդիրներ կան, ու ինչ պետք է լուծվի։ ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին՝ անդրադարձել էր թեմային՝ չհերքելով Մամեդյարովի պնդումները։ Սակայն նա նաև ասել էր, որ դրանք ընդհանուր առաջարկություններ են։

Մոդեստ Կոլերովն ընդգծեց, որ Մոսկվան ոչ մի առաջարկ առաջ չի մղում։ Ըստ նրա՝ պարզապես 2016 թվականին Բաքվում և Երևանում «անբարեխղճորեն», հաստատակամորեն «Լավրովի պլան» էին որակում ԵԱՀԿ ՄԽ միասնական առաջարկները։ Կոլերովի համոզմամբ՝ պետք չէ Մոսկվային վերագրել սեփական կապիտուլյացիայի պատասխանատվությունը։

Մեր հստակեցմանը, թե դա ոչ թե Երևանն է պնդում, այլ Բաքուն, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ Բաքվին ձեռնտու է ներկայանալ այնպես, ասես գործում է Մոսկվայի հրահանգներով, դա չափազանց ակնհայտ է։ Սակայն, նրա հավաստիացմամբ, Երևանին ևս ձեռնտու է ցույց տալ, որ վարվում է Մոսկվայի հրահանգներով, որպեսզի կապիտուլյացիայի պատասխանատվությունը չստանձնի, քանի որ բանակցությունների շարունակումը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից վերջերս հրապարակված Մադրիդյան սկզբունքներից հետո, նշանակում է՝ հայկական կողմերի կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի փաստացի ոչնչացում, քանի որ ԼՂԻՄ-ի սահմաններով պետականությունը չի կարող գոյատևել։

«Եթե հայկական կողմը հետևում է Մոսկվայի հրահանգներին, ապա ես ինձ թույլ կտամ կասկածել դրանում, քանի որ Մոսկվան ոչ մեկ անգամ և միանշանակ կերպով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Խաչատուրովին արտաքսելու մեթոդի, Քոչարյանի քաղաքական հետապնդումների վերաբերյալ, բայց դրանք Երևանը չի ընդունել։ Եթե Երևանին հարկավոր է փաթեթավորել սեփական կապիտուլյացիան, նա ցույց է տալիս, թե հետևում է ինչ-որ միֆական «Լավրովյան պլանի»։ Չկա նման պլան և նման բանաձև, ԱԳՆ-ն հերքել է։ Այն, որ Լավրովը լռել է և իր ոճով այն չի հերքել այս անգամ, ոչինչ չի նշանակում»,- ասաց Կոլերովը։

Ռուս վերլուծաբանը կարծում է, որ Մոսկվայում կայացած նախարարական հանդիպմանը հետևած մանրամասն բնույթի հայտարարությունը խոսում է այն մասին, որ իրական բանակցություններ են ընթանում՝ առանց Ղարաբաղի մասնակցության։

«Եթե դրանք տեղի չունենային, ապա նման մանրամասն հռչակագիր պարզապես չէր լինի։ Դա անհնար կլիներ, բայց դա գրվել է։ Ուստի ես չեմ հավատում պնդումներին, որ Երևանը չի վարում բանակցություններ Ղարաբաղի մեջքի ետևում։ Վարում է, և վերջին հայտարարությունը դրա ապացույցն է»,- ասաց նա։

Անդրադառնալով այս բանակցություններում ռուսական դերակատարությանը, Կոլերովն ասաց, որ ներկայիս բանակցություններում Մոսկվան գործում է համանախագահության շրջանակում, երբ երեք համանախագահները միմյանց միջև ձևավորում են փոխընդունելի կոնսենսուս, զիջում։ «Երբ Մոսկվան երկկողմ հանդիպում է անցկացնում, ապա նա կարող է առաջ մղել իր սեփական շահը, բայց ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Մոսկվայի գործողությունները պարզապես բացառում են ՌԴ-ի կողմից սեփական շահերի ու հետաքրքրությունների առաջմղումը, քանի որ այդ ձևաչափն իրենից ենթադրում է կոնսենսուս երեք համանախագահ երկրի կողմից»,- ասաց բանախոսը։

Նա չի բացառում, որ ապագայում կարող են լինել հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ «Պուտինի միջնորդությամբ կարող է լինել բարձր մակարդակով հանդիպում, նման հանդիպումներ եղել են ոչ մեկ անգամ, դա կողմերից է կախված, ոչ մի նոր բան դրանում չի լինի»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերված հումանիտար բնույթի պայմանավորվածություններին՝ Կոլերովն ասաց, որ հումանիտար պրոյեկտները լավ են կոնկրետ այն դեմքերի համար, ում դրանք ծառայելու են։

«Բայց սկզբունքային կերպով դրանք ոչինչ չեն փոխելու։ Ավելին՝ այս հումանիտար պրոյեկտների փաստն ապացուցում է, որ Երևանը դե ֆակտո համաձայնել է հայտարարված սկզբունքներին, որոնք նշանակում են կապիտուլյացիա Երևանի համար»,- նման կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ