06 04 2019

Հիմա էլ մանկաբուժության գումարներն են կրճատում․ «Ժողովուրդ»

Հիմա էլ մանկաբուժության գումարներն են կրճատում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները:

Օրինակ` 2018թ.-ին կրծքի հասակի երեխաների բրոնխիտներ, թոքաբորբերի դեպքում պետությունը տրամադրում էր 184 հազար 100 դրամ, 2019 թվականին` 144 հազար, այսինքն` 21,5 տոկոսով ավելի քիչ:

Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում նախկինում պետությունը փոխհատուցում էր 112 հազար 500 դրամ, իսկ ընթացիկ տարվա համար` 98 հազար, այսինքն` 12,5% քիչ, բրոնխիտների, թոքաբորբերի դեպքում 127 հազար 900-ից նվազել է 112 հազար դրամի` կրկին 12,5 %-ով պակաս: Այս փաստը բավական լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ մանկաբույժների շրջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկաբույժները պատրաստվում են լուրջ քայլերի դիմել, քանի որ նման քաղաքականությունը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ առանց այն էլ խնդրահարույց ոլորտում: Չէ՞ որ ներկայումս մանկաբուժությունը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկն է, այնինչ հենց այս ոլորտին է հարված հասցվում:

Առողջապահության նախարարության նման գործելաոճը մանկաբույժները գնահատում են սխալ` հղի կոռուպցիոն լուրջ հետեւանքներով: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանի հետ. «Գների իջեցում եղել է, որի շուրջ մենք մեր կարծիքը հայտնել ենք, եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստ է քննարկել այդ հարցերը»:

Իսկ, ահա, Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում որոշման պատճառները` գերադասելով լռել. նախարարության մամուլի խոսնակ Ա. Նիկողոսյանը խնդրել է հարցերը գրավոր ուղարկել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ