«Հրապարակ»-ը գրում է․ «Երկրի ղեկավարը մեծ ազդեցություն ունի իր ղեկավարած համայնքի վրա։ Նրա իջեցրած հրահանգները, թելադրած ճաշակը, որդեգրած սկզբունքները կամա թե ակամա յուրացվում են այդ համայնքի անդամների կողմից, դառնում են գործողությունների ուղենիշ, ապրելակերպ ու վարքականոն։
Եթե երկրիդ ղեկավարը կիրթ է, սիրում է գրականություն, երաժշտություն, կինո-թատրոն է հաճախում, համայնքն էլ է կրթվում, կարդում, բարձրանում։ Երբ ղեկավարդ գողական է, անկիրթ բառուբան է կիրառում, ծույլ է եւ անհավասարակշիռ, նման որակներն են համայնքում դառնում գերիշխող։ Այս առումով միմիայն ողջունելի են Նիկոլ Փաշինյանի՝ աղբը մաքրելու, գիրք գնելու, թատրոն հաճախելու քայլերը։ Հաստատ մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ հետեւելու են նրան, եւ երկրում ընթերցելու, մաքրություն պահպանելու, մշակույթը գնահատելու մթնոլորտ է ձեւավորվելու։
Բայց երբ երկրի ղեկավարը կիսագողական ժարգոն է օգտագործում եւ մուննաթի ժանրով պատասխանում ԱԺ պատգամավորների հարցերին, դա էլ է փոխառվում հանրության կողմից։ Նույնը՝ հանդուրժողականության, սիրո, բարության, բարյացակամության որակների մասով։ Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ ուսանողների առաջ դուռ փակող ռեկտորը չպետք է պաշտոնավարի, միանգամից մի քանի անկյունաքարային սկզբունք է փլվում երկրում՝ նախ, ռեկտոր փոխելու իրավական մեխանիզմը։
Մարդիկ անմիջապես հետեւություն են անում, որ որեւէ պաշտոնի մնալու միակ եղանակը վարչապետի քիմքին հաճո լինելն է, հակառակ դեպքում նա ընտրովի պաշտոնյային կարող է անվստահություն հայտնել, եւ բոլոր կառույցները կհայտնվեն կոլապսի մեջ՝ հոգաբարձուների խորհուրդը, ռեկտորատը, բուհի գիտխորհուրդը՝ չիմանալով իրենց անելիքը։ Եվ ամենակարեւորը՝ ռեկտորի կաբինետ ներխուժող խուլիգանները կդառնան դրության տերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը