«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի ներկայացման և հաստատման փուլը բավականին երկարաձգվեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը մշակվել է, ԵՄ առաջարկները ստացվել են, դրանք ամբողջացվում և ավարտվում են:
«Հունիսին կայանալիք գործընկերության խորհրդի նիստում պետք է ընդունվի ճանապարհային քարտեզը, որը պարունակում է CEPA-ի 80%-ը»,- ասել էր Ա.Ադոնցը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ավելի վաղ ասել էր, որ մինչև մարտի վերջ կունենանք համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը, և մենք ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք՝ նախքան մեր գործընկերության հանձնաժողովի նիստը:
Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ ճանապարհային քարտեզի ներկայացման և հաստատման փուլը բավականին երկարաձգվեց առավելապես հայկական կողմի պատճառով, քանի որ ՀՀ-ում ակտիվ ներքաղաքական զարգացումներ էին:
Նրա գնահատմամբ՝ սա շատ կարևոր փաստաթուղթ է, որից կախված է առկա համաձայնագրի հաջողությունը և արդյունավետությունը Հայաստանի Հանրապետության համար:
«Ինչպես հասկացա, պատճառն այն է, որ բավականին ծավալուն փաստաթուղթ էր մշակվել, որի վրա աշխատեցին և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը: Հուսանք, որ մինչև ԵԽ նոր ընտրություններն այն կհաստատվի: Չնայած հասկանալի է նաև, որ համաձայնագրի ամբողջական վավերացումը ԵԽ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից դանդաղում է, որի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Տեսանելի է, որ առանց քաղաքական հավելյալ հանձնառության՝ հայկական կողմը ցանկանում է է՛լ ավելին ստանալ Եվրոպական միությունից, քան առկա օրակարգն է, և այդ ճանապարհին այս համաձայնագիրն ամենևին էլ առաջնային տեղում չէ: Տեսնում ենք, որ կողմերը խոսում են տարատեսակ աջակցության ծրագրերի մասին, քանի որ ստորագրված համաձայնագիրն ունի որոշակի շրջանակ, սահմաններ, օրակարգ, որոնցից լրջորեն դուրս գալ հնարավոր չէ: Կողմերի հռետորաբանությունը բավականին դրական եմ գնահատում, սպասելիքները բավականին բարձր են, հավակնոտ, բայց ինչպես է այս ամենը բաշխվելու և ինչպես է իրականացվելու ապագայում, սա հարց է, քանի որ այս ամենի քաղաքական հենքը շատ կարևոր է: ԵՄ-ն ևս դա հասկանում է, բայց ներկայումս այդ հարցն անտեսում է և թույլ է տալիս ՀՀ իշխանություններին որոշակիացնել սպասելիքների ողջ ծավալը:
ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում բավարարել այդ ամենը, բայց ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե որքանով է հնարավոր այդ ամենը տեղավորել առկա ծրագրերում՝ առանց հարաբերությունների քաղաքական մակարդակը բարձրացնելու: Նախկինում սա հնարավոր չէր լինի, քանի որ ԵՄ-ն ուներ շատ ավելի կարծրացած մոտեցումներ, բայց փոփոխությունները ԵՄ-ում, ինչպես նաև՝ ՀՀ-ում, նոր որակի հարաբերությունների հույսեր են արթնացրել»,- ասաց Կոնրադ Զաշտովտը:
Ինչ վերաբերում է վիզային ազատականացման ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկին, Զաշտովտն ասաց, որ այստեղ ոչինչ չի փոխվել:
«ԵՄ-ն Հայաստանի հարցում մի շարք պահանջներ ունի, որոնք վերաբերում են օրենսդրությանը, միգրացիոն հոսքերին, խոսքը մասնավորապես ապօրինի միգրանտներին է վերաբերում, իսկ այս հարցում ԵՄ առանձին երկրներ լուրջ դժգոհություններ ունեն: Ուստի առավել նպատակահարմար է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն, որից հետո սկսվի երկխոսությունը, քանի որ այն չի կարող արդյունքներ տալ՝ առանց այս անհրաժեշտ փոփոխությունների»,- ասաց նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը