07 03 2019

Երկու դաժան պատմություն․ «Հրապարակ»

Երկու դաժան պատմություն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անցյալը փորփրելը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, բայց անցյալից դասեր չքաղելը եւս կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Երկու սահմռկեցուցիչ պատմություն կարող է կոնկրետ հոդվածների նյութ դառնալ, քանի որ գործող անձինք չեն բողոքում եւ դեմ են դրանք հրապարակայնացնելուն։ Բայց ընդհանուր գծերով ներկայացնելը, կարծում եմ, օգտակար կարող է լինել հանրային առողջացմանը։

Մեկը վերաբերում է սեփականաշնորհման գործընթացին։ Հարուստ եւ ժամանակին շատ հայտնի գործարաններից մեկի վրա զրուցակիցս ահռելի ներդրումներ է արել, հզոր ժամանակակից տեխնիկա բերել, նորոգել, դրսից ներդրողներ գտել, բիզնես-պլան գծել, բայց անզգուշություն է ունեցել իր պլանների մասին կիսվել նախկին ղեկավարներից մեկի հետ, այդ թվում՝ բերանից միամտաբար թռցրել է, թե ինչքան գումարով է պատրաստվում մասնակցել տենդերին։

Որքան մեծ է եղել իր զարմանքը, երբ մրցութային առաջարկները բացվել են, եւ պարզվել է, որ մի չնչին չափով իր առաջարկը գերազանցող առաջարկ էլ կա, եւ մրցութային հանձնաժողովը հենց այդ առաջարկն է նախընտրել՝ ինքնակոչին նվիրելով մարդու տարիների արած-դրածը։ Կարճ ժամանակ անց նոր սեփականատերը «ռասկուլաչիտ» է արել հզոր գործարանը եւ մետաղի ջարդոնի տակ վաճառել։

Մյուս պատմությունը վերաբերում է քրեակատարողական համակարգին։ 15 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործի ընկերները փորձել են կալանավայրերի վարչությանը մեծ թվերով կաշառել եւ ընկերոջը, մի քանի տարի նստելուց հետո, ազատել, մերժվել են։ Եվ որպեսզի մերժումը ծանր չտանեն, վարչությունում որոշել են մի  անհաղթահարելի խոչընդոտ նշել եւ մատով դեպի վեր են ցույց տվել, թե միայն «այնտեղ» կարող են այս հարցը լուծել։ Որքան մեծ է եղել զարմանքը, երբ «վերեւից» շատ շուտով եկել է հանցագործի «ազատականը»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ