02 03 2019

Ազգային զգացմունքների հետ խաղալ չի կարելի. «Հրապարակ»

Ազգային զգացմունքների հետ խաղալ չի կարելի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մարդկային ողբերգության, էմոցիաների ու հուզական աշխարհի շահարկումներն անթույլատրելի են բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում և բոլոր պարագաներում։ Ոչ մի հարգանք չի կարող առաջացնել այն քաղաքական գործիչը և քաղաքական ուժը, որը շահարկում է ազգային վիշտը, փորփրում ժողովրդի վերքերը, էժան դիվիդենտներ շահում դրանց մասին պաթետիկ ելույթներ ունենալով։

Դա առաջին հերթին վերաբերում է Հայոց մեծ եղեռնի և 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին։ Այո, նահատակներին պետք է հիշել ու նրանց հիշատակը խնկարկել, հարազատներին պետք է մխիթարել ու վերքերն ամոքել։ Այո, մեղավորները պետք է պատժվեն, և դա պետք է բոլորին դաս լինի, որ նման ողբերգությունները չկրկնվեն այլևս երբեք։ Բայց տարբեր անմաքուր մարդկանց պետք է հասարակությունն արգելի այդ ցավոտ թեմաների վրա ձեռքերը տաքացնել ու մարդկանց վիշտը շահարկել։ Դա և՛ անմարդկային է, և՛ անբարոյական։ Ազգային զգացմունքների հետ խաղալ չի կարելի։ Դա չի կարելի անել ո՛չ Արցախյան գոյամարտի, ո՛չ Առաջին հանրապետության, ո՛չ Հայրենական պատերազմի, ո՛չ սումգայիթյան ողբերգության, ո՛չ «Ծովից ծով Հայաստանի», ո՛չ Ղարս-Արդահանի և շատ ու շատ այլ թեմաներով։

Այս բոլոր թեմաները, իհարկե, կարող են դառնալ ժողովրդական բանահյուսության, ստեղծագործական ներշնչանքի, գրական պատումների նյութ, բայց ո՛չ քաղաքական գործիչների շահարկման առարկա։ Եվ եթե քաղաքական գործիչներն այս տարրական բանը չեն հասկանում, հասարակությունը պետք է նրանց հասկացնի՝ արգելի այս թեմաներին մոտենալը, զգայացունց հայտարարություններ անելը, լալահառաչ ճառեր ասելը։ Խորը վիշտը, նուրբ թեմաները, ազնիվ զգացմունքները «կեղտոտ» քաղաքական խաղեր չեն հանդուրժում։ Այդ թեմաներով խոսելու իրավունք քչերն ունեն։ Մյուսներին վայել է լռելը»։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ