«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հարազատները հակակոռուպցիոն կոմիտեում բարձրացրել են նրա դեմ սուտ ցուցմունք տված անձի պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ինչպես հայտնի է՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել ու կալանավորվել էր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Արդյունքում՝ չորս տարվա քննությունից հետո, սակայն, իրավապահները որոշեցին գործը փակել։ Դատախազությունն անմեղ էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Նա միակն էր, ում մեղադրանք էր առաջադրվել կոնկրետ սպանության՝ ցույցերի ժամանակ Զաքար Հովհանիսյանին կյանքից զրկելու համար։
Բանն այն է, որ նրա դեմ կոնկրետ ոստիկանության աշխատակից էր ցուցմունք տվել, ու հարազատները, դիմելով հակակոռուպցիոն կոմիտե, պահանջել էին պատասխանատվության կանչել աշխատակցին, սակայն կոմիտեն հարազատների դիմումը մինչեւ օրս քննության առարկա չի դարձրել, ու առնվազն սուտ մատնության համար Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձի մասով գործողության չի դիմել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը