«168 ժամ» թերթը գրում է. «Ամերիկացին ամեն ինչ կարող է ասել: Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ որպես անկախ Աստված, ասաց ինչ-որ բաներ եւ գնաց: Եվ բոլորը սկսեցին. «Օ՜, Բոլթոնն այս ասաց, այն ասաց», բայց մենք մեր կյանքն ունենք: Երկրորդ` ի՞նչ է, Ղարաբաղում հանրաքվե չի՞ եղել: Ղարաբաղում հանրաքվե վաղուց է եղել:
Ադրբեջանցիները հայերի հետ այդ տարածքներում ապրել են, բայց հայերն ավելի շատ են եղել, իսկ ադրբեջանցիներն իբրեւ թե չեն քվեարկել, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաման էր տվել չքվեարկել, բայց դա արդեն իրենց խնդիրն է, իսկ ինչո՞ւ էր նման հրաման տվել: Կքվեարկեին, եւ պարզ կլիներ տոկոսային հարաբերակցությունը: Իսկ հիմա ուզում են հանրաքվե, նույնիսկ հիմարի համար պարզ է, որ Ադրբեջանի նախագահը Կարս-Թբիլիսի-Գյանջա-Բաքու երկաթուղով Բաքվից միլիոն բնակչություն կբերի, կմտցնի Ղարաբաղ եւ հանրաքվե կիրականացնի, այդպես ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեն»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի պնդմանը, թե ԼՂ հակամարտության կողմերը ցանկանում են, որպեսզի սահմանված լինի Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի օրը: Նրա համոզմամբ՝ այդպես չի կարելի:
«Ոչ մի հանրաքվե: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Ղարաբաղում եղել է հանրաքվե, այդ երկիրն ինքնորոշվել է ամբողջությամբ, եւ վերջ»,- ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ առանձին հանդիպումներին, նա ասել է, որ դա շատ վտանգավոր է. «Նրանք հանդիպում են, ինչ-որ հարցեր են բանակցում՝ անտեսելով ԵԱՀԿ-ին, իսկ ԵԱՀԿ-ի կազմում գերտերություններն են: Ես ասում եմ, որ այդ ագրեսորի, անկանխատեսելի մարդու հետ միայնակ հանդիպել՝ Ղարաբաղյան հարցերը լուծելու համար, ցանկալի չէ, քանի որ, եթե վաղն Ադրբեջանը հարձակվի՝ սադրանքների դիմելով, մեր վարչապետը, բնականաբար, պետք է ասի. «ԵԱՀԿ, նայիր, թե Ադրբեջանն ինչ է անում», իսկ ԵԱՀԿ-ն կասի, որ՝ «մեն մենակ հանդիպել եք, ինչ եք խոսել` մենք տեղյակ չենք, գնացեք, Դուք էլ կարգավորեք բոլոր հարցերը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը