13 02 2019

Նվեր չվերցնող վարչապետը․ «168 Ժամ»

Նվեր չվերցնող վարչապետը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր որոշ հայտարարություններ արեց։

Նա ասաց, որ հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունեցել: Նրա խոսքով՝ չեն ուզում լինել կառավարություն, որը բաժանարար գծեր է քաշել մարդկանց մեջ, կառավարությունը լցրել է իրենց մարդկանցով:

«Այսօր մենք գտնվում ենք 10 տոկոս նոր պաշտոնյաների և 90 տոկոս հին պաշտոնյաների փոխազդեցության միջավայրում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը և փոորձում է ազդել մյուս կողմի պատկերացումների վրա: Երբեմն շատ դժվար է նախկին համակարգին դիմադրելը:

Իմ քաղաքական գործունեության ընթացքում իմ տեքստերը ես ինքս եմ գրել, նախքան վարչապետ լինելս չի եղել մի դեպք, երբ ինչ-որ մեկն աշխատեր իմ տեքստերի վրա: Բնականաբար վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, երբ ինձ համար գրում են տեքստեր, որովհետև ես չեմ կարողանում այդքան տեքստերը գրել: Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստը կարդում եմ և այդ տեքստերի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ես զարմանում եմ՝ լավ, մարդիկ, որ այս տեքստը գրել են, քաղաքական փոոփոխությունը չեն նկատե՞լ: Սերժ Սարգսյանին տրվող նույն տեքստը բերում ու տալիս են ինձ այս հանդիպումից մեկ կամ կես ժամ առաջ: Այս միջավայրում ենք մենք գործում: Ես ասում եմ սա որպես վատ բան, ոչ էլ լավ բան, ես ասում եմ սա որպես օբյեկտիվ իրականություն: Այո, մենք շատ դեպքերում ազդել ենք պետական պաշտոնյանի վարքագծի վրա: Այսօր ՀՀ վարչապետի կորտեժը փոքրացել է և կարմիր լույսի տակ կանգնում է»,- հայտարարել է նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ իր մոտ մտնող բոլոր մարդկանց խիստ ստուգման են ենթարկում: Դա, ըստ նրա, իր անվտանգության աշխատակիցներն անում են, որպեսզի կաբինետ նվերներ չտարվեն:

«Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես՝ վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»,- ասել է նա:

Ակնհայտորեն, Փաշինյանն իր այս հայտարարություններով փորձում է պատասխանել հասարակության մեջ շրջանառվող բազմաթիվ տեղեկություններին՝ այդ թվում իր և իր ընտանիքի, իր մերձավորների և իր կուսակիցների կողմից թույլ տրվող շռայլությունների մասին բազմաթիվ լուրերին:

Կարմիր լույսի տակ, ի դեպ, կանգնում էին ՀՀ բոլոր նախկին ղեկավարները: Հիշեցնենք, որ վերջերս Ֆեյսբուքում տեսանյութ էր հայտնվել, որտեղ քաղաքացիները հեռախոսով նկարահանել էին Փաշինյանի կորտեժը, որը կոպիտ խախտումով հատում էր խաչմերուկը: Այն դեպքում, երբ նախկին իշխանությունների ժամանակ, այո, եղել են պաշտոնյաներ և օլիգարխներ (և նրանց հարազատները, ընտանիքի անդամները), որոնք ճանապարհատրանսպորտային կոպտագույն խախտումներով են վարել, սակայն նախկին թե՛ վարչապետերից, թե՛ նախագահներից որևէ մեկի մասին նման մեղադրանք երբևէ չի հնչել:

Ինչ վերաբերվում է նվերներ ստանալուն կամ չստանալուն, և կամ անվտանգության աշխատակիցների կողմից՝ իրեն այցելության եկած մարդկանց մանրամասն ստուգելուն, ապա չենք կարծում, որ ՀՀ քաղաքացիներն այնքան միամիտ են, որպեսզի կարծեն, թե նվեր փոխանցելու միակ տարբերակը կաբինետում առձեռն հանձնելն է: Գիտատեխնիկական նվաճումների մեր դարաշրջանում կան, օրինակ՝ նվեր-քարտեր, տարատեսակ հաշվեհամարներ ու հիմնադրամներ, ի վերջո…

Բացի այդ, որքան հայտնի է, ՀՀ ամբողջ կառավարությունը, առնվազն նախարարների, փոխնախարարների և վարչության պետերի մակարդակով, վարչապետ Փաշինյանի կուսակիցներն են և կամ իր հետ իշխանության եկած մարդիկ: Հետաքրքիր է՝ ովքե՞ր են այդ նվեր տվողները: Միգուցե վարչապետը ճիշտ կաներ ասեր, թե այդ պոտենցիալ «ներդրողներից» ովքե՞ր են նման փորձ կատարել, որոնց նա իրեն թույլ չի տվել վիրավորելով դուրս վռնդել: Կամ, միգուցե, վարչապետը նաև հայտարարեր, թե նախկին իշխանությունների հետ համագործակցող ո՞ր օլիգարխների հետ է նա շփվում, որոնք, ըստ Փաշինյանի, «հին ավանդույթի» համաձայն՝ նման նվերներ են փորձում իրեն անել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ