«168 Ժամ»-ը գրում է․ «Հունվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրերով 12 նախարարներ նշանակվեցին համապատասխան պաշտոնների, ինչը, համաձայն Սահմանադրության, նշանակում է, որ այդ օրը կառավարությունը համարվում է կազմավորված, և հաջորդ քայլը կառավարության ծրագրի հաստատումն է:
Համաձայն Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին մասի, կառավարության կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Արդյունքում ստացվում է, որ Կառավարության ծրագրի Ազգային ժողով ներկայացնելու վերջնաժամկետը հանդիսանում է փետրվարի 8-ը, որից հետո ԱԺ-ն 7-օրյա ժամկետում քննարկում և հավանություն է տալիս այդ ծրագրին:
Այն, որ կառավարությունը ծրագիր կներկայացնի և Ազգային ժողովում ունեցած բացարձակ մեծամասնության շնորհիվ կստանա նաև օրենսդիրի հավանությունը, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, սակայն, թե ինչպիսին կլինի այդ ծրագրի բովանդակությունը, տնտեսական բաղադրիչը, դեռևս հայտնի չէ։
Վերջին շրջանում իշխանության կողմից այս ուղղությամբ հիմնական 2 թեզ է շրջանառվել: Դրանցից առաջինը «տնտեսական թռիչքի» սպասումն է, որի մասին խոսվում է դեռ նախորդ տարվա ամառվանից: Սակայն, ի տարբերություն քաղաքական շահարկումների, տնտեսագետներն ու փորձագետները, այդ թվում՝ Փաշինյանի իշխանական թիմից, բազմիցս արձանագրել են, որ սպասվող 2019 թվականը բավականին ծանր և դժվար տարի է լինելու, և արագացված տնտեսական թռիչքի սպասելն անիմաստ է: Այնպես որ, կառավարության ծրագրի կարճաժամկետ հատվածում թռիչքի ծրագրերի դժվար թե հանդիպենք:
Երկրորդ թեզը, որ վերջերս է սկսվել շրջանառվել Նիկոլ Փաշինյանի կողմից, ուղղված է գործարար հանրությանը և շեշտադրում է՝ «հարստացեք և հարստացրեք»: Ինչպես նախորդ գաղափարը, այնպես էլ այս մեկը, թեև պարունակում է դրական ազդակներ, այնուհանդերձ դեռևս լոկ գաղափար է, և որպեսզի այդ գաղափարները կյանքի կոչվեն և զուտ հռետորական բառակապակցություն լինելուց բացի՝ նաև միս ու արյուն ստանան տնտեսության մեջ, պետք է հստակ եզրագծել անելիքներն ու հաշվարկել բոլոր քայլերը՝ ինչպիսին, ենթադրվում է, որ պետք է լինի կառավարության ծրագիրը:
Դժվար է ասել, թե այս 2 գաղափարներից որն ինչպես կարտացոլվի ծրագրում, չենք կարող պնդել նաև, որ հանրային լսարանի համար արտաբերված այս գաղափարներն առհասարակ կլինեն այնտեղ, սակայն պետք է ներկայացվի իրատեսական այնպիսի ծրագիր, որը գոնե առաջիկա 5 տարվա համար կնշմարի զարգացման հեռանկարներն ու հորիզոնները: Որովհետև, երբ խոսում ենք տնտեսական թռիչքի մասին, պետք է քաջ գիտակցենք, որ թռիչքն ինքն իրեն չի լինելու, այդ «թռիչքի» համար պետք է նախ ինքնաթիռ կառուցել, օդաչուների պատրաստել, օդանավակայան ունենալ, և այլն, իսկ այդ ամենը քրտնաջան աշխատանք ու հսկայական պոտենցիալ է պահանջում:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հնչեցրած «հարստացեք և հարստացրեք» թեզիսին, ապա այն ուղղված է գործարարության խթանմանը, որին հասնելու համար պետք է ստեղծվի բարենպաստ բիզնես միջավայր, իսկ օտարերկրյա ներդրումների համար՝ հուսալի և գրավիչ պայմաններ: Բիզնես միջավայրի մասով կարող ենք արձանագրել, որ այս կառավարության ծրագրում մի կետ հաստատ կլինի՝ դա հարկային բարեփոխումների փաթեթն է, որի վերջին լրամշակված տարբերակն օրեր առաջ դրվեց շրջանառության մեջ, և ըստ նախագծի՝ կսկսվի կիրարկվել հենց այս տարվանից: Եթե կրկին հաշվի առնենք, որ նախաձեռնության հեղինակ իշխանությունը բացարձակ մեծամասնություն ունի օրենսդիրում, ապա այս փաթեթը ևս կյանքի կոչվելու համար որևէ խնդիր չի կարող ունենալ:
Խոսելով տնտեսական բաղադրիչի մնացած կետերի մասին, կարող ենք հիշատակել նաև նախընտրական շրջանում «Իմ քայլը» դաշինքի կողմից շրջանառության մեջ դրված նախընտրական ծրագիրը, որը մի շարք հավակնոտ կետեր ուներ, մասնավորապես, առավել շատ քննարկվեց գործազրկության մակարդակը՝ 5 տոկոսային կետով, իսկ աղքատությունը 10 տոկոսային կետով կրճատելու կետերը:
Տրամաբանական կլինի, որ այս կետերը ևս տեղ գտնեն կառավարության ծրագրում, սակայն այն վերապահումով, որ արդեն այսօր լինելով փաստացի իշխանություն՝ կառավարության ծրագիրը պետք է հստակ մատնանշի այդ նպատակներին հասնելու քայլերի և գործողությունների հաջորդականությունը: Եվ այսօր արդեն հակառակ դեպքում ականատես ենք լինելու «անատամ» ծրագրի, որը ոչ այլ ինչ է լինելու, քան հերթական արարողակարգային փաստաթուղթը, որն ԱԺ-ի կողմից հավանություն արժանանալուց հետո այլևս ոչ մի կիրառություն չի ունենա:
Ընդ որում, ծրագրի հեղինակները պետք է քաջ գիտակցեն, որ այսօր իրենք արդեն ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն ստացած իշխանություն են, ուստի այս ծրագիրն էապես պետք է տարբերվի նախորդից, քանզի այլևս չկա անցումային ու ժամանակավոր կառավարության տեսլականը, այդ ամենը ետևում է, և հիմա արդյունք ցույց տալու ժամանակն է: Հուսանք, որ մինչև փետրվարի 8-ը ներկայացվելիք կառավարության ծրագիրն իր մեջ միայն հաճելի անակնկալներ կպարունակի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը