24 01 2019

Գործընթացներ՝ լռության մեջ․ ի՞նչ է ի վերջո տեղի ունենում․ «Փաստ»

Գործընթացներ՝ լռության մեջ․ ի՞նչ է ի վերջո տեղի ունենում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես», – նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը:

Ինքնին գրառման հանգամանքը պետք է որ որոշակիորեն թոթափեր արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում նկատվող խորհրդավորությունը, սակայն այդ խորհրդավորությունը գնալով ավելի է խորանում: Նախ՝ ինքնին գրառումը, բացի փաստի արձանագրումից, ուրիշ ասելիք չունի:

Երկրորդ՝ ստացվում է, որ Փաշինյան–Ալիև հանդիպումն անցնում է առանց Մինսկի խմբի համանախագահության ներկայության, ինչպես որ հայտնի վերելակային հանդիպումն էր: Այսինքն ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կա որոշակի շեղում ընդունված ձևաչափից: Ու նույնիսկ երեկվա լայվը առանձնապես բան չավելացրեց, բացի հերթական «եկեք պայմանավորվենք, որ դավադրություն չկա ու չի կարող լինել» կամ «այդպես ստացվեց» հայտարարություններից…

Ակներև է նաև այն հանգամանքը, որ Դավոսյան այցից հետո, որի վերջին շտրիխը Ալիևի հետ հանդիպումն է, Փաշինյանը՝ հավատարիմ իր նախորդների օրինակին, պաշտոնական այցով հերթական, արդեն դժվար է ասել՝ որերորդ անգամ մեկնում է Մոսկվա: Մոսկվա այցը կարելի է մեկնաբանել մի կողմից Դավոսյան այցի կոնտեքստում, երբ փաստացի արևմտյան աշխարհի տնտեսական առաջատարների հետ հայտարարվող ինտենսիվ շփումներից հետո Փաշինյանը չի մոռանում նաև մեկնել Մոսկվա, մյուս կողմից էլ դժվար է չնկատել նաև Ալիևի հետ հանդիպման ու Մոսկվա այցի հետ կապը: Մանավանդ, եթե հիշենք, որ վերելակային հանդիպումն ու Ալիևի հետ ծանոթությունն ընդհանրապես նախաձեռնել էր Պուտինը:

Այս կոնտեքստում հետաքրքրական է նաև Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունների շարքում տեղ գտած, բայց այդպես էլ անտեսված մեկ այլ հայտարարություն առ այն, որ կողմերը պետք է դեմ առ դեմ, առանց միջնորդների հանդիպեն ու խոսեն միմյանց հետ: Ամեն դեպքում, բացի այս դեմ առ դեմ ֆորմատից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը պաշտոնապես շարունակում է մնալ միակը:

Սակայն այս իմաստով էլ խորհրդավորությունը պակաս չէ: Թրամփի շնորհավորական ուղերձը՝ մի կողմից, Լավրովի հայտարարությունը՝ մեկ այլ կողմից, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին կոչերը՝ մեկ այլ կողմից ոչ թե նվազեցնում, այլ խորացնում են եղած անհասկանալիությունը: Այդ անհասկանալիությունը խորանում է նաև մեր իշխանությունների լռության պայմաններում, հատկապես, երբ վերհիշում ենք, թե ինչպես էր արցախյան հարցի կարգավորման ցանկացած լուծում Փաշինյանը վերահասցեավորում հրապարակին ու ժողովրդին: Իհարկե, կարիք չկա նման բարդ հարցերը բերել ու դարձնել ամբոխահաճության առարկա, և այս իմաստով ողջունելի է բանակցային պրոցեսի պրոֆեսիոնալ մակարդակին անցումը:

Բայց մյուս կողմից էլ ստացվում է ամբոխավարական ծայրահեղությանը գալիս է փոխարինելու մեկ այլ ծայրահեղություն՝ թափանցիկության տոտալ բացակայություն: Արցախյան հարցի շուրջ հնչող պարբերական հայտարարությունները խորացնում են կասկածները, որ տեղի է ունենում ինչ–որ բան, զուգահեռ էլ իշխանությունը չի շտապում լցնել այդ տեղեկատվական վակուումը: Արդյունքում այդ վակուումը լցվում է Հայաստանից հնչող դավադրապաշտական տեսություններով, որոնք շատ մոդայիկ էին նախընտրական շրջանում և վստահաբար մոդայիկ կդառնան պատեհ առիթի դեպքում:

Մի կողմ թողնելով բանակցային պրոցեսի բուն ընթացքը՝ հարկ է արձանագրել, որ իշխանությունները կարիք ունեն օր առաջ հստակ խոսել ու պարզաբանել, թե ինչ է ի վերջո տեղի ունենում: Սա պետք է արվի ոչ միայն ի հավատարմություն նախկինում հռչակ ված հրապարակայնության սկզբունքների, այլև որպեսզի թոթափվի խնդրի շուրջ առկա խորհրդավորությունը:

Հայաստանյան հասարակությունը 2016–ի ապրիլին ցույց է տվել, որ պատրաստ է կրել գործընթացի հետևանքները թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական իմաստով, հետևաբար նրանից թաքցնելու կարիք չկա, մանավանդ, որ գոնե հիմա իշխանությունը լեգիտիմ է, ու իշխանություն–հասարակություն երկխոսությունը ունի կայացման պոտենցիալ: Այլապես այս տեղեկատվական անհասկացվածությունը գնալով խորանալու է ու հնարավոր զարգացումների ժամանակ վնասելու թե՛ խոսելուց խուսափող իշխանությանը, թե՛ հասարակությանը և, որ ամենակարևորն է, պետությանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ