«Մտածել, որ ընդդիմության ներկայացուցիչները, օրինակ` Մամմադովը, ում Եվրոպան սատարել է, որ դուրս գա բանտից, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ոչ ֆաշիստական դիրքորոշում են ունենալու, սխալ կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ծավալված ներքաղաքական գործընթացներին:
Հիշեցնենք, որ Բաքվում օրերս ընդդիմությունը վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքն է անցկացրել։ Այն կազմակերպել էր «Ժողովրդական ուժերի ազգային խորհուրդը» (տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամների միավորող կոալիցիան)։ Մասնակիցները պահանջում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և բլոգեր Մեհման Հուսեյնովին։
Բացի այդ, նրանք վրդովմունք էին հայտնել Ադրբեջանի կառավարության չափազանց խաղաղասիրական դիրքորոշմամբ ղարաբաղյան հարցի շուրջ։ Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահը կոչ է արել հավաքվածներին գալ հաջորդ ցույցին, որը կկայանա մեկ շաբաթից` հունվարի 26-ին։
Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում ուշի-ուշով հետևում են Ադրբեջանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Ներկայացնելով իր տեսակետը՝ Ադրբեջանում տեղի ունեցողի վերաբերյալ, և ընդդիմության դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ` արցախցի պաշտոնյան ասաց, որ հանրահավաքի հիմնական նպատակը ներքաղաքական պայքարն է: Նրա խոսքով, այնպես է ստացվել, որ Ադրբեջանում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը ներթաթախված են հայատյացությամբ, ուստի մտածել, որ ընդդիմության ներկայացուցիչները, օրինակ` Մամմադովը, ում Եվրոպան է սատարել, որ դուրս գա բանտից, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ոչ ֆաշիստական դիրքորոշում են ունենալու, սխալ կլինի, քանի որ նրանց դիրքորոշումը նույնն է:
«Սրանք ներքաղաքական բողոքներ են ալիևյան կեսդարյա իշխանության դեմ, 1970 թվականից 50 տարի է՝ ալիևյան կլանն իշխանության է: Ի դեպ, ասել նաև, որ ադրբեջանական ընդդիմությունը գալու է և Ադրբեջանը դարձնի եվրոպական, ժողովրդավարական երկիր, սխալ է:
Ընդդիմության շարքերում Արցախի հարցում տարբեր մոտեցումներ կան, էլ ավելի ծայրահեղ նացիստական բաղադրիչներով դիրքորոշումներ ունեն որոշ ընդդիմադիրներ: Ադրբեջանցի քաղաքական գործիչների արտաքին քաղաքական դիրքորոշումները նույնն են, սա ցույց է տալիս, որ այնտեղ ժողովրդավարությունը լուրջ խնդիրներ ունի»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ այս գործընթացները գուցե որոշակի ազդեցություն ունենան հակամարտության վրա, և դա կախված է տարբեր երևույթներից, թե ինչ է տեղի ունենալու, ինչ ձևով է տեղի ունենալու և երբ:
«Սովորաբար ներքաղաքական պայքարից շեղելու համար իշխանությունները կարող են ինչ-որ սադրանքների դիմել սահմաններին: Ընդդիմությունը ևս իր կարգախոսներում խոսելու է Արցախի ազատագրման մասին, ադրբեջանցիների ոտնահարված իրավունքների վերականգնման մասին, Արցախի հարցում չկա որևէ տարբերություն ներկայիս իշխանությունների և ընդդիմության դիրքորոշումներում»,- ասաց Բաբայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը