18 01 2019

Գնաճի զսպումը հարցի լուծում չէ․ «168 Ժամ»

Գնաճի զսպումը հարցի լուծում չէ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Կենտրոնական բանկը հերթական անգամ չկարողացավ ապահովել գնաճի նախատեսված մակարդակը։ Ու չնայած Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ անցած տարի կառավարությանն ու ԿԲ-ին հաջողվել է ոչ միայն զսպել, այլև ապահովել գնաճի ցածր մակարդակ, դա դեռ հարցի լուծում չէ և հպարտանալու առիթ չի տալիս։

Փաստն այն է, որ Կենտրոնական բանկը չի կատարել իր պարտավորությունը. Այն է` գնաճի նախատեսված ցուցանիշի ապահովումը։

Ինչպես հայտնի է, պետական բյուջեով գնաճի թիրախային ցուցանիշ է սահմանված 4 տոկոս` 1,5 տոկոս թույլատրելի տատանողականությամբ։ Այլ կերպ ասած` գնաճը պետք է լինի 2,5-5,5 տոկոսի միջակայքում։ Խոսքը 12-ամսյա գնաճի մասին է, որն անցած տարի կազմեց 1,8 տոկոս։ Այն նախատեսված ցուցանիշի նույնիսկ ներքին սահմանից զգալիորեն ավելի ցածր է։

Լա՞վ է սա, թե՞ վատ, այլ հարց է։ Մի բան միանշանակ է, որ գնաճն ինքնանպատակ չէ։ Ինքնանպատակ չէ նաև այն ցուցանիշը, որը դրված է գնաճի հիմքում. Դա այն միջակայքն է, որը հավասարակշռում է մի կողմից՝ գների կայունությունը, մյուս կողմից՝ խթանում է տնտեսական աճը։

Ցածր գնաճը որքան էլ սոցիալական նշանակություն ունի, չի նպաստում տնտեսության զարգացմանը։ Այս հանգամանքը, սակայն, Հայաստանում ոչ միշտ է պատշաճ ուշադրության արժանանում։ Ինչ-ինչ նպատակներից ելնելով` շատ հաճախ տնտեսության զարգացումները ստորադասվում են գնաճի ցածր մակարդակի ապահովմանը։ Այնպես, ինչպես անցած տարի։

Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, ճիշտ է ասում, որ կառավարությանն ու Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել ցածր գնաճ։ Բայց չի ասում, թե դրա հետևանքով ինչ վնասներ է կրել տնտեսությունը։ Գնաճը զսպելով՝ կառավարությունն ու ԿԲ-ն արհեստական խոչընդոտներ են ստեղծել տնտեսության համար։

Թե նման քաղաքականության հետևանքով ինչպիսի՞ կորուստներ է կրել տնտեսությունը, դժվար է միանշանակ ասել։ Բայց, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական գործընթացները Հայաստանում զգալիորեն դանդաղեցին, փաստ է։

Դրան օժանդակել է նաև կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային կամ, ավելի պարզ ասած, զսպող ծախսային քաղաքականությունը։ Թեև դեռևս չեն հրապարակվել տարեկան ցուցանիշները, այնուհանդերձ 11 ամիսների տվյալները վկայում են, որ պետական բյուջեի ծախսերն էապես թերակատարվել են։ Դրանք պակաս են եղել անգամ 2017թ. մակարդակից։

Բյուջետային ծախսերի սահմանափակումը ֆինանսական միջոցները տնտեսելու առումով գուցե թե դրական երևույթ է։ Բայց դա չի կարող արդարացված լինել տնտեսական քաղաքականության տեսանկյունից։

Հատկապես որ, ծախսերի թերակատարումը հիմնականում նախատեսված ծրագրերի թերացման հետևանք է։ Դա նկատելի է, առավել ևս, վարկային ծրագրերի դեպքում։ Իշխանափոխությունից հետո կառավարությունը չկարողացավ ապահովել դրանց իրականացման սահուն ընթացքը։ Անցած տարվա 11 ամիսներին ներգրավվել է բյուջեով պլանավորված արտաքին վարկային միջոցների ընդամենը 37-38 տոկոսը։ Մի բան, ինչը գուցե թե դրական գործոն է արտաքին պարտքի և բյուջեի դեֆիցիտի համար։ Բայց դրանից տուժում է տնտեսական ակտիվությունը։

Բյուջեի դեֆիցիտի կատարողականը տարեվերջից մեկ ամիս առաջ կազմել է ընդամենը 32 տոկոս։ Նախատեսված ավելի քան 161 մլրդ դրամի փոխարեն՝ այս հատվածից իրականացվել է ընդամենը 51,5 մլրդ դրամի ծախս։ Տասնմեկ ամսվա տվյալներով՝ բյուջեի ծախսերի կատարողականն ընդամենը 80,7 տոկոս է։ Չկատարված ծախսերը կազմում են 294 մլրդ դրամ։

Նման կատարողականի հետևանքով, անշուշտ, տարեվերջին բյուջեի դեֆիցիտի մակարդակն անհամեմատ ցածր կլինի նախատեսվածից։ Բայց մյուս կողմից՝ դա նշանակում է, որ կառավարության թեթև ձեռքով բավական մեծ ծավալի միջոցներ չեն մտել տնտեսություն։ Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է, որոնք լուրջ աջակցություն կարող էին լինել տնտեսական գործընթացների ակտիվացմանը` նպաստելով նաև հասարակության եկամուտների ավելացմանը։ Իհարկե, դա կխթաներ նաև սպառողական պահանջարկը` մեծացնելով ճնշումը գնաճի վրա։ Ուստի, սահմանափակելով ծախսերը, կառավարությունը փորձել է ազդել այդ միտումների վրա։

Ցածր գնաճն ունենալով սոցիալական նշանակություն՝ միաժամանակ կոնսերվացնում է տնտեսությունը։ Դրա հետևանքով թուլանում է տնտեսության մրցունակությունը, որն առանց այդ էլ մի բան չէ։

Մի կողմից՝ տնտեսությանը չվնասելու, մյուս կողմից` գնաճի պատճառով հասարակության շրջանում սոցիալական խնդիրներ չստեղծելու համար, պետք է մտածել, առաջին հերթին՝ մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։ Ցավոք, այս առումով իշխանափոխությունից հետո ոչինչ չի փոխվել։ Հասակարության հիմնական մասի եկամուտները շարունակում են ոչ միայն ցածր լինել, այլև չափազանց դանդաղ ավելանալ։ Չնայած բազում խոստումներին, այս առումով առայժմ որևէ առաջընթաց նկատելի չէ։ Ու ինչքան էլ պաշտոնական տվյալներով միջին աշխատավարձի աճը Հայաստանում գերազանցել է գնաճի մակարդակը, այնուհանդերձ դա չի նշանակում, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Ինչպես հայտնի է, թանկանում են հիմնականում առաջին անհրաժեշտության և լայն սպառման այն ապրանքները, որոնք սովորաբար ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն սպառողական զամբյուղում։

Մարդկանց եկամուտներն ավելացնելու համար կառավարությունն ունի ոչ միայն աշխատավարձերի բարձրացման, այլև աշխատատեղերի ստեղծման խնդիր։ Չնայած 2017թ. արձանագրված առաջընթացին, այնուհանդերձ Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է շատ բարձր լինել։ Հասարակության աշխատունակ քաղաքացիների ավելի քան մեկ քառորդն աշխատանք չունի։

Խոսքն առնվազն 200.000 մարդու մասին է, ովքեր չունեն եկամտի աղբյուր։ Ուստի անգամ ցածր գնաճը հիմք չէ, որպեսզի նրանց սոցիալական վիճակը չվատանա։ Այնպես, ինչպես այն հարյուր-հազարավոր կենսաթոշակառուներինը, որոնց կենսաթոշակը վերջին տարիներին ոչ մի հավելում չի ստացել։ Չի ստանա նաև այս տարի։

Ու ինչքան էլ փորձ արվի զսպել գնաճը, դրանից այս մարդկանց կյանքի պայմանները չեն լավանա։ Ընդհակառակը` նրանք ավելի վատ են ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը մտածում է ոչ թե մարդկանց եկամուտներն ավելացնելու միջոցով գնողունակությունը բարձրացնելու, այլ գնաճը զսպելու նպատակով` սպառողական պահանջարկը կրճատելու մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ