«168 Ժամ»-ը գրում է․ «Կարծում եմ` այս ներդրումային ծրագրով կակտիվանա Արևելյան գործընկերություն ծրագիրը, որը վերջին տարիներին ստվերված էր առաջացած խնդիրների պատճառով: ԱլԳ երկրներից յուրաքանչյուրը, բնականաբար, ցանկանալու է ավելի շատ ներդրում բերել իր երկիր: Որքան ես եմ հասկանում, այս գումարը դեռ բաշխված չէ: Կարծում եմ` բաշխման բանաձևը պայմանավորված է լինելու ԱլԳ երկրների արձանագրած առաջընթացով ԵՄ-ի հետ հարաբերություններում: Բնականաբար, այն երկիրը, որը չի ձգտում խորացնել իր ասոցիացումը ԵՄ-ի հետ, չի ցանկանում լավ հարաբերություններ, չունի քաղաքական կամք, դժվար թե ներդրումներ ուղղվեն այդ երկիր:
Ներդրումների հիմնական ստացողները լինելու են ԱլԳ 5 երկրները, որոնցից որոշները, ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, էլ ավելի սերտ համագործակցություն ունեն ԵՄ-ի հետ, այսինքն` այս երեք երկրներն ավելի արտոնյալ կարգավիճակ ունեն նման ծրագրերի դեպքում, քանի որ ԵՄ-ն պետք է մտածի այն երկրների քաղաքացիների մասին, որոնք էլ ավելի շահագրգռված են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում, ավելին, անդամակցության հավակնություններ են հայտնում»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց բրիտանացի փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի հաստատած ներդրումային գործողությունների ծրագրին, որը նախատեսված է ԱլԳ տարածաշրջանի համար:
Ըստ նրա, իր կողմից՝ ԵՄ-ն, բացի այս առավելությունից, որ ունեն այս երկրները, ներդրումներ անելու է՝ ունենալով վստահություն, որ դրանք իսկապես արդյունավետ են լինելու, կիրառվելու են ըստ անհրաժեշտության:
«Այսինքն` քաղաքական կամքը շատ կարևոր է: Ինչ վերաբերում է երկրների երկրորդ խմբին, կարծում եմ` ավելի մեծ աշխատանք է պահանջվում նրանցից ներդրումներ բերելու համար` և Հայաստանը, և Ադրբեջանը համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, ԵՄ-ն դիտարկելու է այս երկրների իրականացրած աշխատանքը, քանի որ դա ցույց է տալու բարեփոխվելու նրանց քաղաքական կամքը: Այս պահին դեռ շոշափելի արդյունքներ չկան, բայց սա երկարատև աշխատանք է լինելու, ԵՄ-ն կդիտարկի երկարաժամկետ գործընթացը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի զբաղվածությունը ներքին զարգացումներով»,- նման տեսակետ է հայտնել վերլուծաբանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը