Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի նախօրեի քննադատությանը։
Քերիմ Վալիևը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ թարմացրեց Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի դժգոհությունը՝ հայտարարելով, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչեց պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի այն հրապարակման ֆոնին, թե եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը