12 01 2019

Ներդրումային քաղաքականության վերջին կանգառը․ «168 Ժամ»

Ներդրումային քաղաքականության վերջին կանգառը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ցանկացած երկրի տնտեսության համար կարևորագույն հարցերից մեկը, անկասկած, ներդրումներն են, քանի որ հենց դրանք են ապահովում տնտեսության զարգացումն ու տնտեսական աճը։ Բազմաթիվ են նաև քննարկումներն օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների և իրականացվող քաղաքականության վերաբերյալ։

Արդեն այսօր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվել են Հայաստանի վճարային հաշվեկշռի 3-րդ եռամսյակի տվյալները, որտեղ արտացոլված են նաև օտարերկյա ուղղակի ներդրումների ցուցանիշները: Համաձայն հրապարակված տվյալների, 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 77.7 մլն դոլար, որից զուտ պարտավորությունների ստանձնումը (ֆինանսների ներհոսքը) կազմել է 75.5 մլն դոլար, իսկ զուտ ֆինանսական ակտիվների ձեռքբերումը՝ -2.2 մլն դոլար: Ինչպես երևում է ստորև ներկայացված գծապատկերում, նախորդ եռամսյակի կտրուկ անկումից հետո 3-րդ եռամսյակում ցուցանիշն արձանագրել է դրական տենդենց:

Եթե ցուցանիշը դիտարկենք համեմատական կտրվածքով, ապա պետք է նշենք, որ այն թեև շուրջ 5 անգամ ավելին է նախորդ եռամսյակում արձանագրված ցուցանիշից, սակայն ավելի քան 25 տոկոսով պակաս է 1-ին եռամսյակի արդյունքներից:

2018-ի 3-րդ եռամսյակում հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչներն ամենաբուռն կերպով առաջ էին մղում այն թեզը, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծված քաղաքական իրավիճակը խանգարում է դրան: Սակայն արդեն այսօր հետհայացք նետելով՝ կարող ենք փաստել, որ այդ հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան օպերատիվ տվյալներին և իրավիճակին չտիրապետելու արդյունք: Բնական է, որ հրապարակված վերջին տվյալներն իշխանությունը կներկայացնի՝ որպես գերազանց աշխատանքի արդյունք, ինչը, բնականաբար, հեռու է իրականություն լինելուց:

Իշխանությունը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել այս 75.5 մլն դոլար ներդրումների հետ, այլև անգամ տեղյակ չի եղել դրանից, հակառակ դեպքում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից չէինք լսի այդօրինակ հայտարարություններ: Ներդրումային այս ցուցանիշը ևս իներցիոն է, այնպես, ինչպես հենց իշխանությունը բնութագրեց 2019թ. պետական բյուջեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ