22 12 2018

Եվս մեկ հատված Ռոբերտ Քոչարյանի գրքից․ «Հայոց աշխարհ»

Եվս մեկ հատված Ռոբերտ Քոչարյանի գրքից․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հատվածներ հանրապետության երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքից։     

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՄԻ ՔԱՅԼԻ ՎՐԱ  

Հանդիպումներ Հեյդար Ալիեւի հետ     

Ադրբեջանի նախագահի հետ կանոնավոր հանդիպում էինք ԱՊՀ եւ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընթացող բազմակողմ միջոցառումների ժամանակ: Այդպիսի հանդիպումներից մեկի ընթացքում` նախագահ ընտրվելուցս անմիջապես հետո, իրար կողք էինք նստած: Ալիեւն ինձնից առաջ էր ելույթ ունեցել ու՝ շատ կոշտ. խոսում էր Հայաստանի ագրեսիայի, ադրբեջանական տարածքների բռնազավթման, միլիոնի կարգի փախստականների մասին. մի խոսքով՝ Հայաստանին մեղադրում էր հնարավոր բոլոր մեղքերի համար՝ ընդհուպ հասնելով ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն:   

Ես, իհարկե, ոչ պակաս կոշտ պատախանեցի, հեռացա նախապատրաստված տեքստից, ու խոսքս հեգնական ստացվեց, հումորով, կենդանի ու համոզիչ: Դահլիճի արձագանքը կասկած չէր թողնում, որ հաջող եմ հակադարձել:  

Ընդմիջմանը դիմեցի նրան.  

-Հեյդա՛ր Ալիեւիչ, համոզված եմ, որ ելույթս ձեզ դուր չեկավ: Ճի՞շտ է:  

-Այո՛, դուր չեկավ,- հաստատեց նա:  

-Ինձ էլ ձերը դուր չեկավ: Եվ ի՞նչ ենք անելու: Չէ՞ որ հիմա տարին երեք-չորս անգամ, գուցեեւ ավելի հաճախ, հանդիպելու ենք տարբեր ֆորումներում: Ի՞նչ եք կարծում՝ բոլոր ներկա գտնվողները գիշերները չեն քնում, մտածում են մեր հակամարտության մասի՞ն: Ախր, նրանց համար մեր խնդիրն իր նշանակությամբ հարյուրերորդ տեղում է, եթե ոչ ավելի հետ: Ինչո՞ւ պիտի զվարճացնենք այս հասարակությանը, գլադիատորական մարտեր կազմակերպենք: Դա մեզ պե՞տք է:  

-Ձեզ,- արձագանքեց նա,- իհարկե, պետք չէ: Ձեզ ձեռնտու է, որ խնդրի մասին չխոսեն, իսկ մեզ՝ հակառակը: Մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ մեր տարածքները զավթված են:  

-Այո՛,- ասում եմ,- հասկանում եմ: Կարող ենք պայմանավորվել. սահմանենք այն գիծը, որից այն կողմ չեք անցնում: Եթե անցաք՝ ես ձեզ պատասխանում եմ, եթե ոչ՝ պարզապես լուռ եմ մնում:  

-Իսկ գիծը որտեղո՞վ է անցնելու:  

-Եկեք փաստերն առանձնացնենք գնահատականներից,- ասացի ես:- Եթե դուք ասեք «տարածքի այսինչ մասը օկուպացված է, այսքան տոկոս, այսքան փախստական», դրանք փաստեր են: Խոսեք դրա մասին՝ ինչքան ուզում եք, չնայած ձեր թվաբանությանը համաձայն չեմ:  

Բայց հենց սկսում եք. «Հայաստանը, նրա հանցավոր գործողությունները, ցեղասպանություն», դրանք արդեն հուզական գնահատականներ են: Եկեք դրանք չօգտագործենք: Եթե դուք անցնեք գնահատականների, ես պատասխանելու եմ բավականաչափ համոզիչ, եւ ամեն անգամ թե՛ ձեր մեջ, թե՛ իմ մեջ նստվածք է մնալու: Այդ ամենը կավարտվի նրանով, որ կսկսենք ատել իրար, ու դա կխանգարի, որ շփվենք, բանակցություններ վարենք ու լուծում փնտրենք...  

Մի քիչ մտածելով՝ Ալիեւը համաձայնեց: Երկուսիս սահմանած այդ գիծը հետագայում երբեք չանցանք:  

Իսկ հետո... Հետո պետք էր փորձել կրկին ինչ-որ տարրական հարաբերություններ ձեւավորել, որոնք լրիվ ոչնչացրել էին պատերազմն ու դրան նախորդած տարիների ծանրագույն իրադարձությունները: Ես ասում էի. «Հեյդա՛ր Ալիեւիչ, ամեն դեպքում խաղաղ կարգավորման ուղիներ պիտի փնտրենք: Հեշտ լուծումներ չեն լինելու ո՛չ հայկական կողմի համար, ո՛չ ադրբեջանական: Փոխհարաբերությունների ներկայիս աստիճանին որեւէ փոխզիջում սվիններով կընդունվի թե՛ ձեզ մոտ, թե՛ մեր: Հիմա որքան շատ կապեր հաստատվեն, այնքան հեշտ կլինի հետո իրացնել ամեն մի պայմանավորվածություն ե՛ւ ձեզ համար՝ Ադրբեջանում, ե՛ւ ինձ համար՝ Հայաստանում ու Ղարաբաղում»: Նրան այդ տեսակետը սրտամոտ թվաց, ու մեզ հաջողվեց համատեղ ուժերով առաջ գնալ:   Առաջին ու բոլորի համար անսպասելի քայլն արեցի ես՝ 1998 թվականին Բաքու ուղարկելով Հայաստանի վարչապետ Արմեն Դարբինյանին՝ մասնակցելու ՏՐԱՍԵԿԱ-ի տարածաշրջանային համաժողովին, որտեղ քննարկվում էր տրանսպորտային ուղիների նախագիծը:   

Դրանից շատ չանցած պայմանավորվեցինք մասնակցել բոլոր բազմակողմ միջոցառումներին Երեւանում ու Բաքվում: Այդպիսի կանոնավոր հանդիպումներ ԱՊՀ շրջանակներում հաճախ էին լինում: Մեր նախարարները մեկնում էին Բաքու, ադրբեջանցիները՝ մեզ մոտ՝ Երեւան: Որոշ ադրբեջանական նախարարներ ծնունդով Հայաստանից էին ու երբ գալիս էին մեզ մոտ, գործընկերները նրանց համար ուղեւորություններ էին կազմակերպում հարազատ վայրեր, որ կարողանան հանդիպել ու շփվել նախկին հարեւանների, ընկերների հետ:   

Այդ ամենն օգնում էր վերականգնելու բնականոն մարդկային հարաբերությունները, չէ՞ որ մի բան է՝ աբստրակտ ատել մի ամբողջ ազգի, ու լրիվ ուրիշ բան՝ կոնկրետ, այն էլ քեզ լավ ծանոթ մարդուն: Ես կարծում էի, որ այդպես աստիճանաբար կկարողանանք նվազեցնել փոխադարձ թշնամանքի աստիճանը, որ ծագել էր պատերազմի ընթացքում, ու դա կնպաստի մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:  

Մենք դադարեցինք շրջափակել իրար միջազգային կազմակերպություններում: Դրանց մեծ մասում գործում էր վետոյի իրավունքը, որից օգտվելով՝ ավելի վաղ այդ կազմակերպության մեջ մտած երկիրը կարող էր խոչընդոտել ցանկացած ուրիշի անդամակցությանը: Հայաստանն ու Ադրբեջանը այդ իրավունքը անընդհատ օգտագործում էին իրար դեմ: Մի անգամ զանգեցի Ալիեւին ու առաջարկեցի.  

-Չորս օրից ԻԿԱՕ-ի հավաքն է, որտեղ արդեն երկար տարիներ շրջափակում ենք ձեր անդամակցությունը, իսկ մի ամսից ԻԱՏԱ-ինը, որտեղ դուք եք մեզ շրջափակում: Եկեք պայմանավորվենք. ես հանում եմ ԻԿԱՕ ընդունվելու ձեր վետոն, եթե խոստանաք, որ մի ամսից դուք էլ նույնը կանեք ԻԱՏԱ-ում:  

Նա անմիջապես համաձայնեց. դա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում էր:   

Ալիեւի հետ փոխադարձ որոշում կայացրինք՝ չխոչընդոտել լրագրողների աշխատանքին: Խմբեր էինք ընդունում, նրանց համար ուղեւորություններ կազմակերպում, մի անգամ նույնիսկ Ղարաբաղ տարանք: Ես ուզում էի, որ մեր ժողովուրդները, առանց որեւէ քարոզչության, հնարավորություն ստանան իմանալու ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում հարեւանությամբ: Մեր մարզիկները սկսեցին հանդիպել միջազգային մրցումներում՝ Բաքվում ու Երեւանում. նրանց մասնակցության խնդիրը արգելքի չէր հանդիպում ո՛չ մեր, ո՛չ ադրբեջանական կողմից:  

Ալիեւի հետ հեշտ էինք շփվում, արագ ռեակցիա ու հումորի արտակարգ զգացում ուներ: Մի անգամ, պաշտոնական մեծ ընդունելություններից մեկի ժամանակ, ԱՄՆ-ում տեսա Ալիեւին դստեր հետ ու մոտեցա բարեւելու: Իրար ձեռք սեղմեցինք, եւ այստեղ նա աղջկան ասում է. «Ծանոթացի՛ր, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է,- կարճ դադար է տալիս ու ժպտալով ավելացնում:- Հենց նա, որ գրավել է մեր հողերն ու չի ուզում հետ տա»: Դա այնքան անսպասելի էր, որ դժվարությամբ կատակի տվեցի:  

Մի անգամ էլ Կիեւում, ԱՊՀ գագաթնաժողովից անմիջապես հետո, գալիս եմ ռեստորան՝ նախագահների ընթրիքին: Հյուրերը քիչ-քիչ հավաքվում էին, իսկ այդ պահին արդեն այնտեղ էին Կուչման, Պուտինն ու Ալիեւը: Ես ժպտում եմ, մոտենում, բարեւում գործընկերներիս:   

Այստեղ Ալիեւը, դիմելով Պուտինին ու ինձ ցույց տալով, ասում է. «Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, տեսնո՞ւմ եք Ադրբեջանն ինչ կադրեր է տալիս Հայաստանին»՝ ակնարկելով իմ ղարաբաղյան ծագումը: Ես անմիջապես հակադարձեցի. «Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, սա նախագահների բարեկամական փոխանակում է Ադրբեջանի հետ: Եթե չգիտեք՝ Հեյդար Ալիեւիչը ծնունդով Հայաստանի Սիսիանի շրջանից է»: Երկար ծիծաղեցինք դրա վրա:  

Մեր բոլոր պայմանավորվածություններն Ալիեւի հետ,- իհարկե, եթե հենց իրենից էր կախված,- միշտ կատարում էր նա. նույն կերպ էի վարվում եւ ես: Մեր հարաբերություններն աստիճանաբար ավելի ու ավելի կառուցողական ու վստահելի էին դառնում, իսկ բուն շփումը՝ ավելի անկեղծ: Նա ինձ երբեմն պատմում էր իր դժվարությունների մասին, տրտնջում ընդդիմությունից. ըստ երեւույթին չէր կասկածում, որ այդ տեղեկությունն ինձնից դուրս չի գա: Եվ այդպես էր. փոխադարձ վստահությունը մենք երբեք չէինք չարաշահում:  

1999 թվականի ապրիլին թռա Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի հիսունամյակին նվիրված գագաթնաժողովին: Գագաթնաժողովի ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը ոչ պաշտոնական հանդիպման հրավիրեց ինձ ու Ալիեւին: Որոշ ժամանակ զրուցելուց հետո Օլբրայթն ինձ ու Ալիեւին մենակ թողեց, որ կարողանանք խոսել:   

Այն տարիներին որեւէ միջազգային բազմակողմ կոնֆերանս կամ գագաթնաժողով, որին մասնակցում էինք ես եւ Ալիեւը, միջնորդները փորձում էին օգտագործել որպես մեր հերթական բանակցությունների հնարավորություն, դրա համար էլ այդպիսի կանոնավոր հանդիպումներ էին կազմակերպում: Մենք, որպես կանոն, չէինք հրաժարվում. քննարկման թեմա միշտ կար: Այդպես էր եւ այս անգամ:  

Իմ ու Ալիեւի միջեւ արդեն լավ անձնական կապ էր հաստատվել, իրար վերաբերվում էինք որպես լուրջ գործընկերոջ, որի հետ կարելի է պայմանավորվել: Բայց այդ հանդիպումն առանձնահատուկ ստացվեց: Այն, ինչ այդ ժամանակ ասաց Ալիեւը, անսպասելիորեն կտրուկ տարբերվում էր այն ամենից, որ մինչ այդ լսել էի նրանից: Ասաց, որ շատ է մտածել Ղարաբաղում կատարվածի մասին, ահռելի պատմական պատասխանատվություն է զգում հակամարտության հանգուցալուծման համար եւ իմ մեջ տեսնում է ճիշտ այդպիսի պատասխանատվություն կրող մարդու, բայց՝ հայկական կողմից: Ասաց, որ մեզ ծանրագույն առաքելություն է բաժին ընկել հաղթահարելու հակամարտությունը, որի արմատները խոր անցյալում են, եւ առաջին անգամ չէ, որ բռնկվում է այդ հողի վրա:   

«Մենք ժառանգել ենք այդ իրավիճակը, մենք դրա հեղինակները չենք,- ասաց նա:- Բայց հենց մենք պիտի լուծենք այն ու նրանից ազատենք գալիք սերունդներին»: Նա խոսում էր այն մասին, որ մեր ժողովուրդները դարերով միասին են ապրել, եւ ամեն անգամ, երբ աշխարհաքաղաքական ցնցումներ են եղել, անպայման բախվել ենք, արյուն է թափվել, վիրավորանքներ կուտակվել: Հիմա, երբ պատերազմը, մեկ է, արդեն բաժանել է մեզ, առաջվա պես ապրել արդեն չենք կարող: Նախկինին վերադառնալ չի հաջողվի. չի կարելի ճակատ ճակատի բերել կռվողներին, նրանց պետք է բաժանել իրարից, մինչեւ երկուսն էլ հանդարտվեն:  

Դրա համար էլ միակ բանը, որ կարելի է անել պատերազմի ծնած հակամարտությունները լուծելու եւ երկու կողմերի համար արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, բաժանվելն ու հարեւաններ դառնալն է: Ժամանակին արդեն հպանցիկ անդրադարձել էինք այդ թեմային, ու ես համարյա նույնն էի ասում, գուցե՝ ուրիշ բառերով. մենք կարող ենք միայն լավ հարեւաններ լինել, բայց միայն այնպիսի իրավիճակում, երբ կախված չենք իրարից: Հիմա տեսնում էի, որ նա պատրաստ է լրջորեն քննարկելու այդ հարցը, թե ինչպես բաժանվենք, իսկ այդ մոտեցման փիլիսոփայությունը սկզբունքորեն տարբերվում էր այն ամենից, ինչ նախկինում քննարկել էինք:  

Դա լայնախոհ մարդու մոտեցում էր, իր պատմական դերը սեփական ժողովրդի կյանքում գիտակցող մարդու, մարդու, որը պատրաստ է ստանձնել ծանրագույն խնդրի լուծման պատասխանատվությունը, որը մեկ անգամ չէ, որ արյունալի բախումների է բերել XX դարում: «Մենք պետք է մեկընդմիշտ փակենք այդ հարցը: Դժվար թե մեզնից բացի մեկ ուրիշը կարողանա դա անել: Ու եթե մենք չարեցինք, ուրիշ ոչ ոք արդեն չի անի»:   

Նա ասաց նաեւ, որ հակամարտությունը պետք է հնարավորինս արագ լուծել, որովհետեւ ցանկացած կախված իրավիճակ մեզ կախման մեջ է գցում երրորդ կողմերից, ինչը վատ է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար: Զրույցի վերջում հստակ զգացողություն ունեի, որ Ալիեւի հետ նույն ուղղությամբ ենք մտածում: Պայմանավորվելով մոտ ապագայում հանդիպել ու շարունակել այդ խոսակցությունը՝ հրաժեշտ տվեցինք իրար: Այդ անգամ ժամանակը մեզ չբավականցրեց. երկուսս էլ էլի մի քանի հանդիպում պիտի ունենայինք. այդպիսի ուղեւորությունների ժամանակացույցը սովորաբար արտակարգ խիտ է: Ես հեռացա՝ մտածելով, որ մեր միջեւ փոխըմբռնում է հայտնվել: Թեկուզ մի փոքրիկ քայլով, բայց ավելի ենք մոտեցել հակամարտության լուծմանը:  

Վերադառնալով Հայաստան՝ այդ խոսակցության մասին պատմեցի Վազգեն Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին: Զգացմունքային Վազգենը պայծառացավ ու գոչեց. «Մի՞թե մենք կտեսնենք խնդրի լուծումը»: Բոլորը հասկանում էին, որ Ղարաբաղից հրաժարվելու Ալիեւի պատրաստակամությունը իրական հնարավորություն է ստեղծում հաջող բանակցությունների համար:  

Այդ հանդիպումը սկիզբ դրեց մեր բանակցությունների նոր, շատ հետաքրքիր ու ակտիվ փուլին, որտեղ քննարկումն արդեն հենց այդպիսի փիլիսոփայության հունով էր ընթանում. ինչպես բաժանվել իրարից՝ լավ հարեւաններ դառնալու համար: Ես ու Ալիեւը սկսեցինք ուղիղ զանգել ու հանդիպել իրար հետ՝ առանց միջնորդների մասնակցության:  

Շարունակելի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ