21 12 2018

Որ հեղինակը հաջողել է, երկու կարծիք լինել չի կարող․ Ռոբերտ Քոչարյանի գրքի մասին․ «Հայոց աշխարհ»

Որ հեղինակը հաջողել է, երկու կարծիք լինել չի կարող․ Ռոբերտ Քոչարյանի գրքի մասին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հեղինակած գիրքը՝ «Կյանք եւ ազատություն», «կյանքի ուղեգիր» է ստացել եւ շրջանառության մեջ դրվել ոչ թե Հայաստանում կամ Արցախում, այլ Ռուսաստանում։   

Հեղինակն էլ ճակատագրի հեգնանքով ազատության մեջ չէ. հայրենի իշխանությունների թեթեւ ձեռքով իր ժամանակը կարճում է ԱԱԾ մեկուսարանում՝ նյարդեր եւ ջանքեր վատնելով ոչ թե հայրենիքի շենացման, այլ սեփական ազատությունն ու արժանապատվությունը անարժաններից ու նրանց կամայականություններից պաշտպանելու վրա։   

Բայց դրանից շատ բան չի փոխվում։ Բավական է անգամ հպանցիկ թերթել տարիների աշխատանքի արդյունքում ծնված՝ իր տեսակի մեջ եզակի այս գրքի էջերը՝ հասկանալու համար. կարելի է փորձել վերաձեւել պատմությունը, նենգափոխել ոչ հեռու անցյալի իրադարձությունները, սեւը սպիտակ, սպիտակը՝ սեւ ներկայացնել, նսեմացնել մարդու վաստակը, մեղադրել, նույնիսկ՝ դատապարտել, աչք փակելով ակնհայտ փաստերի վրա, բայց «բանտել» ու անվերջ փակի տակ պահել ճշմարտությունը ուղղակի անհնար է։   

Ձեւով ինքնակենսագրական, բովանդակությամբ՝ փաստավավերագրական այս ստեղծագործությունը տալիս է տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ օդում կախված, միտումնավոր կամ պարզապես անփութորեն շահարկված, բազմիցս չարչրկված, ի վերջո, անպատասխան մնացած շատ հարցերի պատասխաններ՝ կապված հայոց նորօրյա պատմության առանցքային դրվագների հետ։   

Այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի կենսագրության, նաեւ մեր պատմության ամենահիշարժան էջերից մեկի՝ Ղարաբաղյան շարժման եւ հայ հասարակության համար ցավոտ, եթե չասենք՝ ճակատագրական այնպիսի իրադարձությունների, ինչպես «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը եւ «Մարտի 1»-ի ողբերգությունը։   

Երկրորդ նախագահը պարզ եւ անպաճույճ՝ իրեն հատուկ անկեղծությամբ, դիպուկ եւ ճշգրիտ ձեւակերպումներով ներկայացնում է Ղարաբաղյան շարժման, Արցախյան ազատամարտի, հակամարտության կարգավորման պատմությունը՝ խնդրի միջազգայնացումից մինչեւ իր պաշտոնավարման ավարտը, որին քչերն են տեղյակ, հատկապես՝ «դըմփ-դըմփ-հու»-ի հովերով տարված երիտասարդության շրջանում։   

Մասնավորապես բացահայտում է հետաքրքիր մանրամասներ իր եւ Հեյդար Ալիեւի դիվանագիտական շփումներից՝ լույս սփռելով իրականության հետ, որպես կանոն, հեռավոր առնչություն ունեցող եւ տարաբեւեռ մեկնաբանությունների տեղիք տված «Քիվեսթյան» բանակցությունների, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների հովանու ներքո ձեռք բերված, բայց, ավաղ, այդպես էլ կյանքի չկոչված, նախագահի գնահատմամբ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակության համար դժվարամարս, բայց խաղաղության հեռանկար խոստացող փխրուն համաձայնության (այսպես կոչված՝ «Մեղրիի տարբերակի») վրա։   

Գրքում ուշագրավ մանրամասներ կան նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունների, ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ տարաձայնությունների, 1998-ի իշխանափոխության՝ առաջին նախագահի հրաժարականի եւ նախագահական ընտրությունների, այն մասին, թե ինչպես հաջողվեց երկիրը դուրս բերել ՀՀՇ-ից ժառանգած «տնտեսական խրամատներից» եւ հասնել նրան, որ տնտեսությունը սկսի շնչել եւ ուղղել ողնաշարը, Տեր-Պետրոսյանի «երկրորդ գալստյան» ու դրա աղետալի հետեւանքների մասին, որոնք անկասկած կհետաքրքրեն հայ ընթերցողին. առնվազն՝ նրանց, ովքեր կույր ատելության գերի չեն դարձել եւ մտածելու, վերլուծելու, փաստերը համադրելու եւ ինքնուրույն դատելու կարողությունը չեն կորցրել։   

Ինչպես է ծնվել իր անցած ճանապարհը, հուշերը, խոհերը, տպավորությունները, Հայաստանի եւ Արցախի պետականաշինության, գործընթացում, ներքին եւ արտաքին քաղաքականության ծիրում տեղի ունեցած փոթորկուն զարգացումների վերաբերյալ իր դիտարկումները եւ գնահատականները թղթին հանձնելու գաղափարը՝ գրքի առաջաբանում ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանը.   

«Գիրք գրելու մտադրություն չունեի, թեեւ հասկանում էի, որ իմ կենսագրությունը հազվագյուտ է եւ կարող է հետաքրքիր լինել: Պարզապես չէի մտածում, թե երբեւէ կփորձեմ պատմել իմ անցած ճանապարհի մասին: Օրագիր պահելու սովորություն չեմ ունեցել, հուշերի գիրկն ընկնել չէի սիրում, հին ալբոմներ չէի թերթում. մի խոսքով, չէի խրվում-մնում անցյալի մեջ: Միշտ զբաղված եմ եղել գործով, առաջ եմ նայել եւ ապագայի պլաններ կառուցել:   

Պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո շատերն էին համոզում, որ անպայման զբաղվեմ հուշագրություններով, բայց ես դրա անհրաժեշտությունը չէի զգում:   

Առաջին անգամ գրքի մասին մտածեցի Հայաստանից դուրս երկու հանդիպումներից հետո: Այդ հանդիպումներին հրավիրվել էի որպես բանախոս, եւ հաճելիորեն զարմացրեց ու ոգեւորեց լսարանի հետաքրքրությունն այն իրադարձությունների հանդեպ, որոնց մասին պատմում էի: Հանդիպման շատ մասնակիցներ հարցնում էին, թե ինչու մինչ օրս գիրք չեմ գրել, չէ՞ որ շատ հետաքրքիր կստացվեր:   Սակայն վերջնական որոշում կայացրի, երբ «Սիստեմա» ԲՖԿ-ի ռազմավարական նստաշրջանի ընթացքում Ալթայում ծանոթացա Մարկ Ռոզինի հետ: Որպես ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամի՝ ինձնից հարցազրույց վերցնելուց հետո Մարկը խոսեց գրքի մասին եւ ասաց, որ անպայման գրեմ: Այդ ժամանակ էլ մտածեցի, որ իսկապես արժե մարդկանց ներկայացնել իմ կյանքի պատմությունը:   Խոստովանեմ, երբ սկսեցի գրել, շատ փոշմանեցի որոշմանս համար: Բայց նահանջելու համար արդեն ուշ էր. կյանքում երբեք ու ոչինչ կիսատ չեմ թողել: Անցյալի, հատկապես ղարաբաղյան շրջանի մեջ խորանալը ծանր փորձություն դարձավ: Շատ բան արդեն անհուսալիորեն մոռացված էր թվում: Հարկ եղավ վերընթերցել բոլոր նախկին հարցազրույցներս, նայել պահպանված տեսագրությունները, բազմաթիվ հանդիպումներ ունենալ այդ տարիների իրադարձությունների մասնակիցների հետ:   

Ապշելու բան է, թե հիշողության խորքերից ինչպես հանկարծ սկսեցին դուրս լողալ կենդանի պատկերներն այն ամենի, որ շատ վաղուց էր եղել: Նույնիսկ մարդկանց դեմքերը, որոնց գոյությունը, թվում էր, մոռացել եմ, նրանց անուններն ու նրանց հետ կապված ապրումներս: Ես ամբողջ կյանքում հետեւողականորեն ու բավական հաջող ինձ վարժեցրել եմ վերահսկելու հույզերս: Գիրքը գրելիս վերստին սովորում էի ազատագրել նրանց, եւ դա հիշողության խորքերում թաղված կերպարներին ազատություն տալու լավագույն միջոցն էր:  

Ուզում էի, որ գիրքը հետաքրքիր լինի, ոչ թե պարզապես նկարագրի պատմական իրադարձությունները, որոնց մասնակցել եմ: Ուզում էի ցույց տալ պատմության հենքն ու նրան հյուսած մեր թելը, պատմել, թե ինչու էինք վարվում այս կամ այն կերպ, ինչն էր մեզ անհանգստացնում, ինչն էր խանգարում, եւ ինչն էր օգնում ու ոգեւորում: Առաջին անգամ բացահայտել մեր նորագույն պատմության ամենադրամատիկ հատվածների անդրկուլիսյան մանրամասները»:   

Իսկ որ հեղինակը հաջողել է՝ լուծել է իր առջեւ դրված խնդիրը, երկու կարծիք լինել չի կարող։   Ստորեւ ներկայացնում ենք գրքի առավել ուշագրավ դրվագներից մեկը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը պատմում է 1996թ. Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ դրան զուգահեռ Հայաստանում ուրվագծվող մտահոգիչ զարգացումների մասին.  

«1996 թվականի դեկտեմբերին ավարտվում էր իմ նախագահության երկամյա շրջանը, եւ համընդհանուր ուղղակի ընտրություններ նշանակվեցին, արդեն՝ հնգամյա ժամկետի համար: Կյանքը երկրում կարգավորվում էր, տնտեսության վերականգնումը գնում էր ամբողջ թափով, անցումային շրջանը հաջողությամբ ավարտվել էր, եկել էր տեւական հեռանկարով իշխանության կայուն ինստիտուտներ ձեւավորելու ժամանակը:   

Հետաքրքիր է, որ Ղարաբաղում առաջին հետպատերազմական տարիներին իշխանության համար ներքաղաքական պայքար չկար, ու տեսանելի ընդդիմություն չէր ձեւավորվել: Ինձ համար իրավիճակը բնական ընթացքով էր զարգանում. սկզբում իշխանությունը ստացա 1992 թվականին, քանի որ բոլորը նրանից հրաժարվում էին: Հետո, նվաճված հաջողության ալիքի վրա, պարզապես փոխվում էին իշխանության ձեւերը, վերանվանվում էին նրա ինստիտուտները՝ արտացոլելով նոր իրավիճակը: Ղարաբաղում ես ստիպված չէի պայքարել իշխանության համար, ապացուցել իմ մասնագիտական կարողունակությունը, խոստումներ տալ կամ քաղաքական սակարկություններ անել ընդդիմախոսների հետ:   

Չէի մտածում սեփական կուսակցություն ստեղծելու, քաղաքական հենարան ձեւավորելու մասին: Անսովոր է հնչում, բայց ես պարզապես իմ գործն էի անում, բոլորովին չէի զբաղվում հրապարակային քաղաքականությամբ: Ղարաբաղում ղեկավարելու ամբողջ ընթացքում երբեք ուղիղ հեռուստաուղերձով հանդես չեմ եկել: Ինձ հանրային մարդ չհամարելով՝ բոլոր ելույթները գրում էի, հետո հաղորդավարները կարդում էին դրանք, ու՝ վերջ: Մի խոսքով, դասական քաղաքական գործունեություն չէի վարում ու համոզված եմ, որ այն ժամանակ դրա կարիքը չկար էլ:   Այդ ընթացքում բավական կառուցողական հարաբերություններ էին հաստատվել մեր ղարաբաղցի դաշնակցականների հետ, մանավանդ այն բանից հետո, երբ եկավ Սերժիկ Ամիրխանյանը՝ Դաշնակցություն կուսակցության համակարգողը Ղարաբաղում: Մեր միջեւ միամգամից շփում հաստատվեց, ու մինչ օրս էլ ջերմությամբ եմ հիշում մեր համագործակցությունը:  

Քանի որ ընտրություններից առաջ քաղաքական ընդդիմությունը բացակայում էր, մի պահ նույնիսկ թվաց, որ ստիպված ենք լինելու ինքներս թեկնածուներ փնտրել, որպեսզի անայլընտրանք ընտրություններ չլինեն, սակայն, բարեբախտաբար, բանը դրան չհասավ: Ցանկացողներ ինքնին հայտնվեցին: Մարդիկ էին, որոնց լավ էի ճանաչում, բայց նրանք հաղթելու հավանականություն չունեին:   

Արդյունքում՝ չափազանց քիչ ձայներ հավաքեցին, ու ես վերընտրվեցի, բայց այս անգամ՝ ուղղակի համընդհանուր քվեարկությամբ: Նախընտրական քարոզարշավ չէի վարում. համարում էի, որ պետք չէ: Երեւի իրավացի էի. ինչպես պարզվեց՝ բոլորի համար ամեն ինչ ակնհայտ էր: Ութսուն տոկոսից մի քիչ ավելի ձայն հավաքեցի, եւ, անկեղծ ասած, թվերը նույնիսկ շփոթեցնող էին: Խելագար պատասխանատվություն է, երբ այդքան մարդ վստահում է քեզ:      

***  

Հայաստանում այդ տարիներին ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր էր մնում, եւ այդ ֆոնին շարունակում էին աճել բողոքի տրամադրությունները: 1995 թվականի խորհրդարանական ընտրություններն անցան սուր պայքարում եւ իշխանության ու ընդդիմության ուժգին դիմակայություն առաջացրին: ՀՀՇ կուսակցությունը, անվերապահ հավատալով սեփական ընտրյալությանն ու անփոխարինելիությանը, անհանդուրժող էր դարձել քննադատության հանդեպ, իսկ ընդդիմության դեմ վարչական լծակների եւ ուժային գործողությունների կիրառումը նորմ էր դառնում:   

Քաղաքական հակառակորդների ու քննադատների մի շարք աղմկոտ սպանություններ եղան: Համառ լուրեր էին պտտվում, որ այդ ամենի ետեւում կանգնած է ներքին գործերի օդիոզ նախարար Վանո Սիրադեղյանը: Սրվել էին հակասությունները Դաշնակցություն կուսակցության հետ, որը որոշել էր իշխանությունների դեմ պայքարել նույն մեթոդներով, որոնք իշխանությունն օգտագործում էր իր դեմ: Դաշնակցականներին սկզբում թվում էր, թե, նկատի ունենալով իրենց պատմական առաքելությունը, պետք է առաջատար քաղաքական ուժ դառնան նոր Հայաստանում, բայց դա տեղի չունեցավ:   

Անկախության վերականգնման գործընթացում ՀՀՇ-ն իրեն շատ ավելի եռանդուն ու ակտիվ դրսեւորեց հրապարակային քաղաքականության մեջ ու վստահ վերցրեց իշխանությունը: Նրանց ու դաշնակցականների հակամարտությունը համարյա անխուսափելի էր, եւ շատ շուտով Դաշնակցություն կուսակցությունն արգելեցին, իսկ առաջնորդներից շատերին բանտարկեցին: Այդ ամենը կատարվում էր Տեր-Պետրոսյանի եւ դաշնակցականների այն ժամանակվա ղեկավար Մարուխյանի միջեւ անձնական խոր անբարյացակամության ֆոնին:   

Տեր-Պետրոսյանի հայրը ժամանակին Սիրիայի կոմունիստների առաջնորդն էր եղել, իսկ կոմունիստների ու դաշնակցականների միջեւ միշտ խոր թշնամանք կար, այնպես որ, այստեղ կարելի է մտածել նաեւ ընտանեկան ավանդույթի մասին: Լարվածությունն ավելի էին խորացնում Դաշնակցություն կուսակցության՝ սփյուռքում համահայկական առաջնորդ լինելու ակնհայտ հավակնությունները:   

Հայաստանի ներքաղաքական հակամարտությունը իրական բարդություններ էր ստեղծում Ղարաբաղի համար: Մենք առավելագույնս զերծ էինք մնում այդ ամենից՝ բնականոն հարաբերություններ պահելով ընդդիմության, այդ թվում՝ դաշնակցականների հետ, եւ դա շատ էր անհանգստացնում Հայաստանի նախագահին:   

Բազմիցս փորձել էի նրան բացատրել մեր դիրքորոշումը. «Հասկացիր, մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղը չքաղաքականացնելու համար: Մենք ուզում ենք, որ Ղարաբաղին ցուցաբերվող աջակցությունն ու օգնությունը կախված չլինեն Հայաստանի քաղաքական իրավիճակից: Դա համազգային խնդիր է, իսկ Ղարաբաղը չպիտի միանա ձեր ընտրարշավին, ո՛չ Դաշնակցություն կուսակցության, ո՛չ Հայաստանի մյուս ընդդիմադիր գործիչների հետ ձեր հակամարտությանը»:  

Դաշնակցականներն այդ ժամանակ գերիշխող դիրք ունեին Սփյուռքի բազմաթիվ օջախներում, ուստի ջանում էինք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ: Բացի դրանից՝ ես համաձայն չէի ներքաղաքական պայքարում ՀՀՇ-ի մեթոդներին ու կարծում էի, որ կարելի ու հնարավոր է լեզու գտնել դաշնակցականների հետ:   

Շարունակելի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ