15 12 2018

Գազի գնի պահպանելը կհամարվի մեծ ձեռքբերում․ «Հայոց աշխարհ»

Գազի գնի պահպանելը կհամարվի մեծ ձեռքբերում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հայաստանի նոր քաղաքական իշխանության աշխատանքը գնահատելու առիթներ առաջիկայում հասարակությունն անշուշտ շատ կունենա։ Բայց հիմա էլ դրա պակաս չի զգացվում։ Նախորդ ամիսների գործունեությունը ցույց է տվել, որ իշխանության ասածներն ու արածները չեն համապատասխանում իրար։   

Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնում խոսելու Հայաստանում գազի գնի ուռճացված լինելու մասին։ Իշխանափոխությունից հետո, թվում էր, թե նրա առաջին քայլերից մեկը լինելու է սակագնի վերանայումը։ Անցել է ութ ամիս, սակայն որեւէ փոփոխություն չկա։   

Ավելին՝ գազի գնի իջեցման հետ կապված սպասելիքներ այլեւս կարծես չկան։ Խնդիր է նույնիսկ գնի բարձրացումից խուսափելը, որը վաղը կարող է ներկայացվել որպես կարեւոր ձեռքբերում։   

Այնպես, ինչպես խմելու ջրի դեպքում, երբ մի շարք զիջումների դիմաց վերանայված սակագնի կիրառումը հետաձգվեց։ Հետաձգվեց, բայց չվերացվեց։ Դրա համար այսպես թե այնպես սպառողը վճարելու է մի քանի տարի հետո։ Ու եթե այդ ժամանակ ջուրը պիտի էժանանար, չի էժանանալու։   

Այժմ հերթը գազինն է։ Շուտով հավանաբար կառավարությունը հաղթական կեցվածքով կհայտարարի, որ ծանր բանակցություններից հետո հաջողվել է անփոփոխ պահել գազի սակագինը։ Ու սա կհամարվի մեծ ձեռքբերում։ Բայց թե դրանից ինչ կշահի սպառողը, կարիք չկա ասելու։   

Ակնհայտ է, որ կառավարությունը չի կարողանում կատարել սակագների նվազեցման խոստումը։ Դա նշանակում է, որ նախկինում արված հայտարարություններն անհիմն են եղել կամ հասարակությանը միտումնավոր թյուրիմացության մեջ են գցել։   

Անկախ նրանից, թե որն է իրականությունը, նման վարքագիծը չի կարող արդարացված լինել։ Դրա հետեւանքներն առաջիկայում կառավարությունն անպայման զզալու է։ Հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունն ի վերջո կհամոզվի, որ իրեն խաբել են։   

Այլեւս կասկած չկա, որ հունվարի 1-ից գազի ներքին սակագները Հայաստանում չեն նվազելու։ Մինչդեռ սպառողները դրան սպասում էին։    Բանակցությունները կապույտ վառելիքի ներմուծման գնի շուրջ, ինչպես հավաստիացնում է էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը, շարունակվում են։ Որքան էլ Հայաստանը մտադիր է որոշակի զիջումներ պոկել, այնուհանդերձ ռուսական կողմը հակված չէ դրան։   

Ըստ էության արդյունք չեն տվել նաեւ Ռուսաստանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում։ Այլապես կառավարության ղեկավարի պաշտոնակատարը առիթը բաց չէր թողնի այդ մասին հայտարարել ընտրություններից հաշված օրեր կամ ժամեր առաջ։   

Տարօրինակ չէ՞, որ այժմ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժը այլեւս չեն խոսում այն մասին, թե ինչու է 150 դոլարով ներմուծվող գազը մինչեւ սպառողին հասնելը կրկնակի թանկանում։ Մի՞թե ութ ամիսը բավարար չէր այս հարցին լուծում տալու համար։ Թե՞ կրկնակի թանկանալն այլեւս օբյեկտիվ է, եւ սպառողները ստիպված են համակերպվել դրա հետ։   

Գուցե ժամանակն է, որ սպառողները հարց տան երկրի ղեկավարությանը, թե ինչո՞ւ են շարունակում կրկնակի բարձր գին վճարել գազի դիմաց, չէ՞ որ այլեւս չկա նախկին իշխանությունը, որն ամեն ինչ անում էր ժողովրդին թալանելու եւ աղքատության մեջ պահելու համար, թե ինչո՞ւ չի էժանանում էլեկտրաէներգիան, թե ինչո՞ւ ոչ միայն չիջավ, այլեւ բարձրացավ ջրի սակագինը, թե ինչո՞ւ ընտրությունից անմիջապես հետո թանկացավ առաջին անհրաժեշտության այնպիսի սոցիալական նշանակության ապրանք, ինչպիսին ալյուրն է։   

Ի դեպ, ալյուրի թանկացումով պայմանավորված՝ սպասվում է, որ առաջիկայում կբարձրանա նաեւ հացի գինը, կամ հերթական անգամ կնվազի քաշը։   

Այս ինչուներն անշուշտ շատ են, եւ եթե ոչ հիմա, ապա առաջիկայում կառավարությունը ստիպված է լինելու տալ դրանց պատասխանը։ Այլեւս անհնարին է լինելու մեղքը նախկինների վրա բարդելը։ Պատասխանատվության ամբողջ բեռը քաղաքական իշխանության ուսերին է։ Բայց վերջինս գոնե մինչեւ հիմա չի կարողացել այն արժանապատվորեն տանել։   

Իսկ դա չի բխում երկրի ու հասարակության շահերից։ Մարդիկ, ովքեր վստահել են այս իշխանություններին, մեծ սպասելիքներ ունեն, որոնք չեն արդարանում։   

Այլեւս պարզ է, որ կառավարությունն ի վիճակի չէ նոր սակագնային տարին սկսել էներգակիրների եւ առաջին հերթին գազի ներքին սակագների գոնե որոշ նվազեցմամբ։ Մի բան, որը վերջին տարիներին, ոչ մեծ չափով, բայց անում էր նախորդ «հակաժողովրդական» իշխանությունը։   

Տարին մոտենում է ավարտին, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նման քննարկումներ անգամ չկան։ Մինչդեռ օրենքը պահանջում է, որ նոր սակագները հաստատվեն գործողության մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ»։

Նյութն ամբողջությամբ կարացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ