06 12 2018

Նորից՝ «Ղարաբաղը ծախելու» մասին․ «Առավոտ»

Նորից՝ «Ղարաբաղը ծախելու» մասին․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Հայաստանի Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում բոլոր ընդդիմությունները մեղադրում էին բոլոր իշխանություններին Ղարաբաղը թշնամուն «հանձնելու» կամ «ծախելու» մտադրության մեջ: Այդ մեղադրանքներից ոչ մեկն ինձ հիմնավոր չէր թվում:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր պատրաստվում հանձնել Ղարաբաղը, ինչում նրան մեղադրում էին, մասնավորապես, դաշնակցականները: Ի դեպ, նրանք այսօր պնդում են, որ սատարում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը՝ առաջին նախագահի «պարտվողական քաղաքականությանը» հակազդելու համար: Ստացվում է, որ նրանք մոտ տասը տարի՝ մինչեւ 2008 թվականը, իշխանության մեջ էին այն պատճառով, որ 1998-ին Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը «ծախում էր»: Այդ պնդումը որեւէ տրամաբանական քննության չի ենթարկվում:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես չէր պատրաստվում հանձնել Ղարաբաղը, ինչում նրան մեղադրում էին, մասնավորապես, ՀՀՇ-ականներն ու այլ ընդդիմադիրները: Մեր երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ ոչ մի մտադրություն չուներ «Ղարաբաղը ծախելու», ինչպես որ հայտարարում էին հատկապես զինված քաղաքական պայքարի ջատագովները: Ներկայումս Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը նույնպես չի պատրաստվում հանձնել Արցախը, ինչի մասին խոսում են, մասնավորապես, Դավիթ Շահնազարյանը եւ ՀՀԿ-ականները: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ կտրականապես համաձայն չեմ այն տեսության հետ, թե իբր թավշյա հեղափոխության վերջնական նպատակը հենց այդ «հանձնումն» էր:

Իհարկե, պետության ղեկավարը կարող է սխալվել, կարող է հակված լինել անհաջող տարբերակների (օրինակ՝ «Մեղրիի») կամ չհիմնավորված զիջումների, բայց «հանձնելու» մտադրության մասին խոսելը թե՛ առաջ, թե՛ հիմա պարզապես ընդդիմադիր քարոզչություն է: Վստահ եմ, որ այդ մեղադրանքը սուտ կլինի նաեւ Հայաստանի 5-րդ, 6-րդ, 10-րդ ղեկավարի դեպքում:

Նախ՝ այն պատճառով, որ դավաճանը հնարավորություն չունի դառնալու մեր երկրի առաջին դեմք, եւ երկրորդ՝ եթե նույնիսկ նա ստորագրի «հանձնելու» ծրագրի տակ, այն հնարավոր չի լինի իրագործել:

Բայց այն հանգամանքը, որ ընդդիմադիրներն անհիմն մեղադրանքներ են առաջ քաշում, ամենեւին չի նշանակում, որ այդ մեղադրանքների հեղինակներին պետք է քարշ տալ ԱԱԾ կամ որեւէ այլ պատժիչ կառույց: Քաղաքական գործիչները հանդես են գալիս ճիշտ կամ սխալ քաղաքական մեղադրանքներով: Պատասխանը նույնպես պետք է լինի քաղաքական: Ոչ «ուժային»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ