«Հրապարակ»-ը գրում է․ «Նոյեմբերի 29-ի կառավարության նիստում գործադիրը մի տարօրինակ որոշում է կայացրել, որը հարուցել է կառավարման համակարգից հասկացող շատ մարդկանց տարակուսանքը։ Կառավարության որոշմամբ Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել է դեկտեմբերի 15:
Առհասարակ, ցանկացած պետության մեջ տոներն ու ոչ աշխատանքային օրերը որոշվում են օրենքով եւ օրենսդիր մարմնի կողմից։ Որ օրվա իշխանությունը կամայականորեն չորոշի՝ երբ աշխատել, երբ հանգստանալ։ Սակայն դա էլ չէ խնդիրը, այլ մեկ պետության տարածքում՝ տարբեր մարզերում տարբեր աշխատանքային ռեժիմներ սահմանելը։ Լոռվա կամ Շիրակի մարզն առանձին միավորներ չեն եւ պետական կառավարման համակարգից դուրս չեն, չեն կարող Լոռվա ուսուցիչներն ու քննիչներն աշխատել, իսկ Երեւանում ուսուցիչներն ու քննիչները հանգստանալ։ Եւ դա ոչ միայն այն պատճառով, որ արդարացի չէ, այլ որովհետեւ պետական կառավարման համակարգը միասնական, համասեռ մարմին է եւ այդ համակարգի մի օղակը չի կարող աշխատել՝ առանց մյուսի։ Ասենք, Շիրակի դատախազության աշխատանքն ուղղակիորեն կապված է ՀՀ գլխավոր դատախազության հետ, Շիրակի ոստիկանության աշխատանքը՝ ՀՀ ոստիկանության եւ ցանկացած հարցի լուծում կապված է լինելու Երեւանում գտնվող գլխադասային հիմնարկի հետ, ուստի չի կարող շղթան աշխատել՝ եթե այդ շղթայի մի օղակն աշխատում է, մյուսը՝ ոչ։
Իհարկե, մեր պետական կառավարման համակարգն այնքան պարապ, անօգուտ, իմիտացիոն աշխատանքով է զբաղված, որ եթե մի քանի օր էլ ողջ համակարգը չաշխատի մենք դա չենք զգա, բայց պետական կառավարման տրամաբանության տեսանկյունից, մարզերում տարբեր աշխատանքային գրաֆիկ սահմանելը մեր կառավարիչների անգիտության եւ անտեղյակության մասին է վկայում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը