«Փաստ» թերթը գրում է. «Զբաղվածության պետական գործակալության կողմից գործատուների շրջանում իրականացված վերլուծությունների արդյունքները որքան էլ զարմանալի են, այնքան էլ անսպասելի:
Վերջին ուսումնասիրությունն իրականացվել է 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, գործատուների շրջանում և ընդգրկել է Երևանն ու մարզերը՝ հետապնդելով մի քանի նպատակ: Անդրադառնանք դրանցից մեկին՝ թափուր աշխատատեղերին, բացահայտենք, թե որոնք են դժվար համալրվող աշխատատեղերը և պարզենք, թե ինչն է դրանց թափուր մնալու պատճառը:
Թափուր աշխատատեղերի մասով ուսումնասիրված կազմակերպություններից 305-ում գրանցվել է 846 թափուր աշխատատեղ: Պարզվել է, որ մասնագետի կարիք կա բոլոր ոլորտներում՝ իշխանության և կառավարման մարմինների բոլոր մակարդակներում, ներառյալ հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ:
Բարձր որակավորման ինժեներների, օպտիկների, ծրագրավորողների, բժիշկների, գյուղատնտեսների, դեղագետների, տեխնոլոգների, հոգեբանների, միկրոբիոլոգների կարիք նույնպես կա հանրապետությունում:
Դժվար են համալրվում նաև այգեպանների, ծաղկաբույծների, կահույքագործների, թանկարժեք քարեր մշակողների, էլեկտրաեռակցողների, կոյուղագործների, եռակցողների, ծեփագործների, որմնադիրների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, խառատների, փականագործների, գորգագործների, հացաթխման արտադրության, ջերմային տնտեսության բանվորների, եվրոդռներ և պատուհաններ պատրաստողների աշխատատեղերը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ թափուր աշխատատեղերի լրացման դժվարություն ունեն հետազոտված կազմակերպությունների շուրջ 5%– ը: Վերջինները դժվարությամբ են լրացնում ինժեներների, բժիշկների, տնտեսագետների, ծրագրավորողների թափուր աշխատատեղերը: Եվ եթե ինժեներների և ծրագրավորողների թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան ցածր որակավորում և ոչ համարժեք կրթություն ունենալու պատճառով, ապա բժիշկների պարագայում դժվարությունները առավելապես պայմանավորված են մարզերում համապատասխան որակավորում ունեցող բժիշկների բացակայության հետ:
Ինչ վերաբերում է խառատների, փականագործների, ծեփագործների, եռակցողների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, վերելակների մոնտաժողների, թափուր աշխատատեղերի դժվար համալրմանը, ապա դրա պատճառը նույնպես համապատասխան որակավորման և աշխատանքային փորձի պակասն է:
Մի շարք թափուր աշխատատեղերի լրացման դժվարություններն էլ կապված են աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների, ցածր վարձատրության, չկարգավորված կամ հերթափոխով աշխատաժամանակի, տարիքային սահմանափակման հետ:
Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանում թափուր աշխատատեղ չկա, բայց հարց է ծագում, թե ինչպես պետք է գործատուն կարողանա աշխատանք փնտրողին գտնել, երբ չկա մեկ միասնական հարթակ: Ինչ վերաբերում է գործատուների պահանջներին, ապա դրանք շատ հաճախ այնքան ուռճացված են լինում, որ միջին հմտությունների տեր անձնավորությունը նույնիսկ ռիսկ չի անում մոտենալ թափուր աշխատատեղի հայտարարությանը, էլ չենք ասում՝ դիմելու մասին:
Ի վերջո, գործատուի աշխատանքի հաջողությունը լավ աշխատակիցներ ունենալու մեջ է: Ուստի, բնական է, որ շահագրգռվածությունը երկկողմանի պետք է լինի: Հակառակ դեպքում, ռոբոտացման այս դարաշրջանում մարդն ամբողջությամբ կարող է կորցնել ոչ միայն սեփական մասնագիտությունը, այլև ընդհանրապես մասնագիտություն ունենալու ցանկությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը