«Հրապարակ»-ը գրում է․ «Այսպիսով, մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Չնայած, ըստ ԿԸՀ-ի, ոչ մի տարբերություն չկա պաշտոնական քարոզարշավի եւ դրան նախորդող ժամանակաշրջանի միջեւ, բայց, ամեն դեպքում, քաղաքական ուժերը հենց այս 12 օրվա ընթացքում են փորձելու ընտրողին համոզել, որ ձայնը տա կոնկրետ իր ուժին, ոչ թե մյուս 10-ից որեւէ մեկին։
Բարդ խնդիր է դրված 11 քաղաքական ուժերի առաջ՝ ինչ հռետորաբանություն եւ ինչ փաստարկներ կիրառել, որ մեր թերահավատ, քաղաքականությունից ու կուսակցություններից լիուլի հիասթափված ընտրողը հավատա եւ համոզվի։ Բայց ամենաբարդը, անշուշտ, ընտրողի վիճակն է՝ ում ընտրել, ինչպես կողմնորոշվել այս բազմազանության մեջ, երբ ժամանակը շատ կարճ է, խոսողները՝ շատ, խոստումները՝ ծով։ Ամենակարեւոր գործոնը թերեւս քաղաքական ընտրություն կատարելու հանգամանքը պետք է լինի։
Այսինքն, ընտրողը չքվեարկի հարեւան-բարեկամի խնդրանքով կամ «Պողոսն ընտրվի՝ մի օր ինձ պետք կգա» տրամաբանությամբ․ դա կլինի ապաքաղաքական ընտրություն։ Իսկ ընտրությունը քաղաքական է, երբ որեւէ ուժի ձայն ես տալիս՝ գիտակցելով, որ այդ ուժը կարող է մասնակից լինել երկրի կառավարմանը, որ դու կուզենայիր, որ նրա ներկայացուցիչները լինեին հարց լուծողների շարքերում, նրանց կվստահեիր վարչապետի ու նախարարների պաշտոնները, չէիր ամաչի, եթե նրանք արտերկրում ներկայացնեին քո պետությունը։
Անշուշտ, պետք է նաեւ հաշվի առնել մի կարեւոր հանգամանք՝ եթե դու քվեարկում ես անցողիկ շեմը չհաղթահարած ուժի օգտին, եւ այդ ուժը չի անցնում խորհրդարան, քո քվեն գումարվում է այն կուսակցությունների քվեներին, որոնց դու չես ցանկացել ձայն տալ։ Ուստի կարեւոր է նաեւ, որ քո քվեին արժանացած ուժն այլոց քվեներին էլ արժանանա՝ գոնե եւս մի 80 հազար հոգու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը