«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկած ու 2 օր տևող «Սև ուրբաթ»-ը Հայաստանում մի փոքր այլ կերպ է դրսևորվում: Իհարկե, այստեղ ևս հայտարարվում է զեղչերի մասին, բայց դրանք այն զեղչերը չեն, որոնք շատ այլ երկրներում են: Այս տարիների ընթացքում մեր քաղաքացիները միշտ դժգոհել են հայտարարված «զեղչերից»: Խնդիրն, ըստ էության, մեծ զեղչեր չանելու մեջ չէ: Խնդիրն ավելի շատ «մեծ զեղչերի» մասին հայտարարելն է, որն իրականության հետ այդքան էլ աղերս չի ունենում: Օրինակ՝ մի քիչ ուշադիր լինելու դեպքում շատ հնարավոր է տեսնել մի ապրանք, որը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի էր, քան «Սև ուրբաթ»-ի կամ հայտարարված այլ զեղչերի շրջանում:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս տարիների ընթացքում ուշադիր հետևել է մեր երկրում առկա թե՛ ընդհանուր զեղչային համակարգին և թե՛ մեզ մոտ արդեն մի քանի տարի անցկացվող «Սև ուրբաթ»-ին: Այս առումով հ/կ նախագահը դրական միտումներ է նկատել:
«Նախկինում ավելի շատ ձևական բնույթ էր կրում այդ ամենը և խանութներում մասսայական փակցվում էր 70-80 տոկոս զեղչերի մասին, այնինչ իրականությունն այլ էր. գինն ուղղակի արհեստական բարձրացնում էին ու հետո արհեստական էլ իջեցնում: Հաշվի էր առնվում սպառողի հոգեբանությունը: Սպառողը կարող էր գայթակղվել նման գովազդներով ու մտնել խանութ և արդյունքում խաբեության զոհ էին դառնում: Բայց վերջին շրջանում այս ոլորտը մի քիչ կարգավորվել է: Կան խանութներ, որոնք ավելի բարեխղճորեն են մոտենում հարցին, իրական զեղչեր են անում, և սպառողներն օգտվում են այդ զեղչերից: Թեպետ, դեռ կան որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք ավելի շատ մոլորության մեջ են գցում սպառողներին: Այնուամենայնիվ, նման օրերին մեզ մոտ որոշակի գնանկում լինում է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:
Մասնագետի խոսքով՝ «Սև ուրբաթը» տնտեսվարողներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքը վաճառել, շրջանառությունը և եկամուտը շատանում է:
Նրա խոսքով՝ հետաքրքրության հետ մեկտեղ մեր քաղաքացիների շրջանում մեծացել է նաև իրազեկվածության մակարդակը:
«Համեմատած նախորդ տարիների հետ՝ այսօր կարող եմ ասել, որ մեր սպառողն ավելի գրագետ է, ավելի ուշադիր է գնած ապրանքի նկատմամբ, ինչը ողջունելի է: Իհարկե, իրավիճակն այն ցանկալի աստիճանին չի հասել, որ սպառողը միշտ պաշտպանված լինի, բայց առաջընթաց կա: Իսկ ցանկալի աստիճան չունենք, որովհետև կա օրենքը խախտելու խնդիր, որն արդեն տնտեսվարողների դաշտում է: Հաճախ որոշ տնտեսվարողներ չեն պահպանում օրենքի այն կետը, ըստ որի՝ գնված ապրանքը սպառողը կարող է վերադարձնել 14 օրվա ընթացքում»,–ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերադառնալով զեղչային համակարգին՝ Կարեն Չիլինգարյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա.
«Անհեթեթություն է, երբ մի քանի տասնյակ ապրանք ունեցող խանութը հայտարարում է 70 տոկոս զեղչի մասին: Ընդհանրապես մեծ զեղչերը կասկածի տեղիք են տալիս: Փոքր շուկայում, որտեղ մի քանի տասնյակ ապրանք է վաճառվում, չի կարող հանկարծ մեծ զեղչերի մասին հայտարարվել: Իսկ արտասահմանյան երկրներում տասնյակ հազարավոր ապրանքներ են վաճառվում, և այդ երկրներում մեծ զեղչեր անելու հնարավորությունն ավելի մեծ է: Մեզ մոտ, ցավոք, դա հնարավոր չէ, որովհետև ունենք փոքր շուկա, իսկ գնողունակությունն ավելի ցածր է»:
Կարեն Չիլինգարյանը հենց վերոնշյալով է բացատրում «Սև ուրբաթի»՝ այլ երկրների ու մեզ մոտ առկա իրականության տարբերությունը: «Այս պարագայում ավելի ճիշտ է, երբ տոկոսներն ավելի ցածր են գրվում: Հիմա հիմնականում 10–15 տոկոս զեղչեր են անում, ինչը որոշակի դեպքերում նույնիսկ ավելի ընդունելի է: Սա ավելի ընդունելի է, քան մեծ զեղչերը, որոնք մեր պարագայում կասկածի տեղիք են տալիս: Ցածր տոկոսներն ավելի ռեալ են՝ 15-20 տոկոս զեղչն ավելի մոտ է իրականությանը, քան 70 տոկոսը»,–հավելեց մեր զրուցակիցը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը