«Հրապարակ»-ը գրել է. «Հնարավո՞ր է արդյոք այնպիսի կադրային քաղաքականություն իրականացնել երկրում, որ կառավարման համակարգը շահի, որակյալ կադրերն անգործ չմնան, իսկ հասարակությունն էլ գոհ լինի իշխանությունների վարած կադրային քաղաքականությունից։ Կարծում եմ՝ ոչ կամ՝ գրեթե ոչ։ Միշտ կլինեն մարդիկ, որոնց կթվա, թե իր արժանիքները պատշաճ գնահատված չեն՝ ինքն ավելիին է արժանի։ Եվ եթե հարևան Պետրոսի տղա Պողոսը կարող է փոխնախարար աշխատել, ապա ինքն առնվազն նախարար պետք է լինի կամ փոխվարչապետ։
Չէ՞ որ իր աչքի առաջ է մեծացել Պողոսը՝ կարճ շալվարով վազվզել և բակի կատուների պոչից քաշել։ Այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է նման պատասխանատու պաշտոն զբաղեցնել, երբ ինքը, որ Պողոսից վատ չէր քաշում կատուների պոչից, բազմոցին պառկած ձանձրանում է և սպասում, որ մի օր էլ իր առաջ կբացվեն «պաշտոնի», իմա՝ դրախտի դռները։ Մյուս կողմից, անշուշտ, պետական պաշտոն զբաղեցնողների արժանիքներն այնքան անժխտելի պետք է լինեն, և նրանց աշխատանքի արդյունքն էլ այնքան շոշափելի, որ մարդիկ տարվող կադրային քաղաքականության վերաբերյալ կասկածներ չունենան։ Երբ հանկարծ իմանում ես, որ տարիներ առաջ Հայաստանում ձախողված, երկրից փախած և արտերկրում պատահական աշխատանքով գոյատևած ու իրեն այդպես էլ «չգտած» անձին հանկարծ փոխմարզպետի պաշտոն են առաջարկել, սիրտդ ցավում է երկրիդ համար, ու ակամայից հայտնի նախադասությունն ես հոգոցի նման արտաբերում․
«Բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում»։ Այնպես որ, շտապելուց և կասկածելի կենսագրությամբ ու չկայացած մարդկանց պաշտոններ տալուց առաջ հարկավոր է մի լավ մտածել։ Նման նշանակումները ոչ միայն հիասթափեցնում են հույսով լի մարդկանց, այլեւ արժեզրկում պետական պաշտոնն ու ծառայողական առաջխաղացման գաղափարը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը